Հայաստանում բնակվող մոտ 200 000 հաշմանդամություն ունեցող անձանց մեծ մասը դեռևս չի կարողանում լիովին մասնակցել քաղաքական ու հասարակական կյանքին:

Վարդուհի Արամյանը նշում է մատչելի վայրերի ու ծառայությունների մասին ինֆորմացիայի սակավությունը որպես այս երևույթի պատճառներից մեկը: Շատ հաճախ ֆեյսբուքում կարելի է հանդիպել այնպիսի հարցումների, ինչպիսիք են, օրինակ՝ ո՞ր սրճարանում է հնարավոր կազմակերպել երեկույթ, որին պիտի մասնակից լինեն անվասայլակ օգտագործող հյուրեր, որտեղի՞ց է հնարավոր ձեռք բերել աուդիո-գրքեր, ո՞ր խաչմերուկներում են տեղակայված ձայնային ազդանշանով լուսացույցները և այլն:

Հետևելով սոցիալական ցանցերում հաճախ հանդիպող գրառումների, ուր մարդիկ փորձում են պարզել, թե որ վայրերն են հասանելի և որքանով են մատչելի հատուկ կարիքներով մարդկանց համար, Վարդուհին առաջարկեց մշակել այս խնդրի տեխնոլոգիական լուծում՝ մատչելի վայրերի առցանց ինտերակտիվ քարտեզ, որը ինֆորմացիա կտրամադրի կոնկրետ միջավայրի, ծառայությունների մատչելիության ու հասանելության վերաբերյալ: Օրինակ, դա կարող է լինել ինտերակտիվ քարտեզ, որի վրա յուրաքանչյուր ոք իր բջջային հեռախոսից կարող է տեղեկատվություն (տեքստ, լուսանկար) ուղարկել իր գտնվելու տեղում առկա  մատչելի ու  հասանելի ծառայության վերաբերյալ:

Մշակած վեբ գործիքը հնարավորություն կտա յուրաքանչյուր օգտատիրոջն իր բջջային հեռախոսից համապատասխան տեղեկատվություն ուղարկել իր գտնվելու վայրի, տեղում առկա  մատչելի ու  հասանելի ծառայության վերաբերյալ, որը կտեղադրվի քարտեզի վրա: «Մատչելի քարտեզի» վրա կտեղադրվեն ինչպես ձեր, այնպես էլ կայքի ադմինիստրատորի կողմից  նկատված հասանելի վայրերը:

Քարտեզի վրա տեղ գտած մատչելի վայրերը հնարավոր կլինի գնահատել նաև ըստ մատչելիության ավելի մանրամասն մակարդակների: Բացի դրանից, քարտեզի վրա տեղ կգտնեն ոչ միայն անվասայլակներով, այլև չծխող, մանկական սայլակներով, ճամպրուկներով, անվաչմուշկներով անձանց և այլ հատուկ կարիքներ ունեցող մարդկանց համար հասանելի վայրերը:

Մշակված գործիքն առայժմ հասանելի է վեբ կայքի տեսքով, այն գտնվում է փորձարկման փուլում: Կարող եք ավելացնել որևիցե վայր քարտեզի վրա այստեղ: Ձեր կարծիքն ու առաջարկությունները կայքի վերաբերյալ հաշվի կառնվեն բջջային հավելվածի մշակման փուլում: