Հայաստան Start-Up Cup ազգային առաջնություն


Մինչ շատերը շտապում են վայելել իրենց ամառային արձակուրդները, նախորդ հանգստյան օրերը թեժ էին կրթության վերաբերյալ նորարար գաղափարների մրցույթի մասնակիցների համար, ովքեր վաղ առավոտից մինչ երեկո աշխատում էին իրենց առաջարկած գաղափարների վրա: Կոլբա լաբը՝ BizNest ընկերության և Այ Էյ Բի Միջազգային Ակադեմիայի հետ համատեղ կազմակերպել էր «Հայաստան Start-up Cup ազգային առաջնություն» ձևաչափի միջոցառում:

Հրավիրված բոլոր 30 գաղափարները փորձում էին լուծումներ տալ այն խնդիրներին, որոնք առկա են Հայաստանի կրթության ոլորտում: Գաղափարների ցանկում կային ինչպես տեխնոլոգիական, այնպես էլ ոչ տեխնոլոգիական լուծումներ՝ բնապահպանական ինտերակտիվ ուսուցումից մինչև ֆիլմարտադրության ուսուցում, ինչպես նաև վիրտուալ իրականության տեխնոլոգիաների կիրառումն դպրոցական ուսուցման գործընթացում և այլն:

Թիմերի հետ աշխատում էին տարբեր ոլորտից հրավիրված խորհրդատուներ, ովքեր օգնում էին մասնակիցներին մշակել իրենց նախագծերի բիզնես մոդելները, օգտագործելով Start-up Cup-ի հատուկ գործիքակազմը: Թիմային աշխատանքի արդյունքների հիման վրա խորհրդատուները ընտրեցին լավագույն 10 թիմերին, ովքեր իրենց գաղափարները կներկայացնեն մասնագիտական ժյուրիին հուլիսի 16-ին: Եթե հետաքրքրված եք լսելու գաղափարների ներկայացումները, հետևեք մեջ ֆեյսբուքյան էջին, որտեղ հավելյալ կհրապարակենք միջոցառման հրավերը:

Որոշում կայացնելը հեշտ չէր, մեկ ժամից ավել տևած թեժ քննարկումների արդյունքում ընտրվել են հետևյալ 10 գաղափարները՝

  1. Սոնա Հովհաննիսյան, Անուշ Մանուչարյան - Match&Share: Գիտելիքների կառավարման միասնական հայկական վեբ-հարթակ, որը միավորում է բոլոր նրանց, ով պատրաստ է ժամանակ տրամադրել և կիսվել այլ մարդկանց հետ իր ունեցած գիտելիքներով: 
  2. Դիսըբիլիթի ինֆո ՀԿ - «Բուհերի ներառականության վարկանիշավորում» նախագծի շրջանակներում կմշակվի վարկանիշավորման մեթոդաբանություն, որը կօգնի դիտարկելու մասնագիտական կրթության ներառականությունը Հայաստանում: Կստեղծվի օնլայն հարթակ, որն ինտերակտիվ կերպով կներկայացնի վարկանիշավորման արդյունքները: 
  3. Հայկուհի Գևորգյան - ԻՄ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՄ ԱՊԱԳԱՆ ԵՆ: Թիրախավորված մասնագիտական կողմնորոշման և կարիերայի խորհրդատվության ծառայությունների ապահովում՝առցանց հարթակ և հեռախոսային հավելվածի միջոցով, որոնք կկատարեն հիմնականում «online մենթորի» դեր, ինչպես և հնարավորություն կտան կիրառել որոշ տեխնիկաներ: 
  4. Լիա Մխիթարյան, Գայանե Այվազյան, Լիլիթ Ստեփանյան (Էյվա արվեստների հիմնադրամ) ԱՐՏՀԱԲ ինտերակտիվ խաղեր: Արվեստի կրթությունը խթանող հայալեզու ինտերակտիվ ուսուցողական խաղերի շարք (6+), որը հետաքրքիր է, խաղարկային, ուրախ և միաժամանակ ինֆորմատիվ: Ինտերակտիվ խաղերը նախատեսվում են ծառայելու դպրոցներին, որպես կրթաօժանդակ նյութ, ինչպես նաև՝ ծնողներին՝ երեխայի առօրյան կազմակերպող օգտակար խաղերի շարք:
  5. Ռիմա Խառատյան - Chess School : Շախմատի դպրոցի առցանց պլատֆորմում յուրաքանչյուրը կկարողանա ընտրել մարզիչի, ով նախօրոք պատրաստում և պահպանում է դասը։ Աշակերտները կսովորեն առցանց, ինչի շնորհիվ մեկ մարզիչը կկարողանա աշխատել բազում աշակերտների հետ։

6. Մարինա Գալստյան - ARM-Student օնլայն տվյալների բազան կպարունակի տեղեկատվություն ՀՀ գրանցված ուսանողների վերաբերյալ` ընդհանուր տվյալներ` կոնտակտային տվյալներ, սեռ, տարիք, ուսումնական հաստատություն, մասնագիտություն, կուրս և առանձին թեմաներով հարցումներ, որոնք կտեղադրվեն բազայի կայքէջում: Ունենալով այս տվյալները հնարավոր է որոշակի ընտրանքով մշտապես սոցիոլոգիական հետազոտություններ իրականացնել։ Բազայում գրանցումը կլինի կամավոր խրախուսման որոշակի միջոցառումների կիրառմամբ` զեղչեր, խաղարկություններ: 
 7. Նելլի Դռնոյան - Ուսումնափորձարարական կենտրոն: Փորձարարական և ինտերակտիվ կրթություն՝ միտված բնապահպանության թեմայի կարևորմանը: Նախատեսվում է կազմակերպել բազմաթիվ գործնական աշխատանքներ երեխաների հետ (օրինակ՝ սովորացնել պատրաստել կենսահումուս, որը կփոխարինի սինթետիկ պարարտանյութերին), նման ձևով ձեռք բերած փորձը և գիտելիքները կլինեն մնայուն և գործածական:  
8. Մարիամ Մելիք-Բախշյան - Hobby.am:  Հոբբի-ի նպատակն է ստեղծել օնլայն հարթակ, որի միջոցով հնարավոր կլինի որոշակի հմտություններով մարդկանց հասանելի դարձնել այդ հմտությունների տիրապետման կարիքն ունեցողներին: Հարթակի միջոցով որոշակի հմտություններով մարդիկ կկարողանան կիսել իրենց փորձը և միաժամանակ գումար աշխատել, իսկ այդ հմտությունների կարիք ունեցողները կստանան սպառիչ ինֆորմացիա՝ խնայելով ժամանակ:
9. Արթուր Վարդազարյան - Learn online: Վեբ հարթակ, որի միջոցով երեխաները  կկարողանան ստուգել իրենց գիտելիքների մակարդակը  դասի, թեմայի, ընդհանուր կուրսի, կամ մի քանի թեմաների շրջանակում: արհեստական բանականության գործիքի կիրառմամբ կիրականացնի վերլուծություններ, առաջադիմության, զարգացման գրաֆիկ, կիրականացնի ռեյտինգավորում և բալերի միջոցով ցույց կտա բարձր առաջադիմություն ունեցող երեխաներին: Ընդհանուր առմամբ ծրագիրը կնպաստի հեռավոր մարզերում աշակերտների ուսուցման հնարավորությունների բարձրացմանը:
10. Վազգեն Բարֆյան - Study Anytime : Գաղափարն առաջարկում է դեպի գրատախտակը ուղղված տեսախցիկների տեղադրում լսարաններում։ Առցանց տարածքի հատկացում՝ ձայնագրված ինֆորմացիան տեղադրելու համար։ Ուսանողը կարող է մուտք գործել դարան համալսարանի կողմից տրամադրված անհատական էլէկտրոնային հասցեի միջոցով և ծանոթանալ միայն իր ֆակուլտետի իր բաժնի բոլոր 4 տարիների նյութին։ 

Հուլիսի 16-ին կկայանա կրթության վերաբերյալ մրցույթի ամփոփիչ հանդիպումը, որին կմասնակցեն ինչպես պետական, այնպես էլ հասարակական սեկտորից ընտրված գաղափարներ: Հետևեք մրցույթի վերաբերյալ թարմացումներին մեր կայքի նորություններ բաժնում, ինչպես նաև ֆեյսբուքում և թվիթերում՝ #inno4edu

Մրցույթն իրականացվում է «Նորարար առաջընթաց» (#Inno4Dev) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: