Հայաստանյան առաջին հանրային կառավարման նորարարության շաբաթը (#PSIWeek) տեղի կունենա հունվարի 30-ից փետրվարի 6-ը: Մի շարք թեմատիկ միջոցառումների ու քննարկումների ընթացքում միասին կխոսենք եւ կուսումնասիրենք, թե ինչ է իրենից ներկայացնում հանրային կառավարման նորարարությունը եւ ինչ է կարելի ձեռնարկել այս ոլորտում:

Հանրային կառավարման նորարարության շաբաթը Կոլբա լաբի «Նորարար առաջընթաց» ծրագրի մեկնարկային միջոցառումների շարքն է: «Նորարար առաջընթացը» ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) նախաձեռնությունն է, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

Մեկ շաբաթվա ընթացքում կքննենք հայաստանյան իրականության ձեռքբերումները,  միջազգային միտումներն ու կխոսենք, թե ինչպես է կարելի դրանք զարգացնել եւ հետագայում կիրառել Հայաստանում:

Հանդիպելու եւ մտքեր փոխանակելու մի քանի առիթներ կունենանք.

Թեդեքս սալոն Երևան 2016 (հունվարի 30-ին)

Հանրահայտ «Թեդեքս» (TEDx) ձևաչափով իրականացվող համաժողովը գաղափարների, առաջարկների ու հետաքրքիր մտքերի փոխանակման յուրօրինակ հարթակ կհանդիսանա քաղաքացիների, հանրային կառավարման եւ զարգացման ոլորտի փորձագետների համար: Ելույթները համախմբող թեման կլինի կառավարումը: Ավելին կարող եք իմանալ այստեղ:

«Նորարար առաջընթաց» ծրագրի հանդիպում ԶԼՄ-ների հետ (փետրվարի 2-ին)

Հանրային միջոցառման ժամանակ, որտեղ հրավիրված կլինեն ԶԼՄ-ների ներկայացուցիչներ եւ ոլորտով հետաքրքրվող մասնագետներ, բացման խոսքով հանդես կգան ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներ եւ ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ:

Կոլբա լաբի թիմը մանրամասն կներկայացնի, թե ինչ քայլեր են ծրագրված առաջիկա երկու տարիների համար «Նորարար առաջընթացի» շրջանակներում` քաղաքացիների ու պետական ծառայողների գաղափարների ինկուբացիա, ամենամսյա Կոլբա-զրուցարան հանդիպումներ, իրազեկման արշավներ եւ համագործակցություն հանրային հատվածի հետ:

Կոլբա-զրուցարան հանրային կառավարման նորարարության մասին՝ Միացյալ Թագավորությունից ժամանած, «FutureGov»-ի փորձագետների հետ (փետրվարի 4-ին)

«FutureGov»-ը Միացյալ Թագավորությունում գործող հայտնի խորհրդատվական գործակալություն է: Հանդիպման ժամանակ հրավիրված փորձագետները կխոսեն հանրային կառավարման նորարարության իրենց փորձի մասին: Ամենամսյա Կոլբա-զրուցարանի ձեւաչափով անցկացվող հանդիպումները  մտքերի ու գաղափարների փոխանակման  հարթակ է, որին կարող են միանալ բոլոր ցանկացողները: Ակտիվ քաղաքացիները, զարգացման ծրագրերի մասնագետներն եւ պետական ծառայողները հանդիպում են ու մասնակցում արդի հարցերի քննարկմանը:

Փորձագիտական քննարկում Կառավարության նորարարների հետ (փետրվարի 6-ին)

«FutureGov» գործակալության փորձագետները կվարեն այս քննարկումը, որին հրավիրված կլինեն Կառավարությունում աշխատող նորարարները: Քննարկումը նախատեսում է նաեւ պրակտիկ մաս, որը ներառում է մասնավոր օրինակների վրա էթնոգրաֆիկ հետազոտության ու ծրագրերի համատեղ մշակման մեթոդների կիրառումը, օգտատերերի կարիքների ուսումնասիրություն, ինչպես նաեւ մշակված առաջարկների ու գաղափարների մոդելավորում (պրոտոտիպերի ստեղծում):

Քննարկումը փակ է եւ ենթադրում է սահմանափակ թվով մասնակիցներ, բոլոր մասնակցել ցանկացողները կարող են գրանցման հայտերն ուղարկել Կոլբա լաբի թիմին ՝ idea@kolba.am էլ-հասցեին: