Բաց կառավարման գործընկերություն
«Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությունը ողջ աշխարհում փորձում է մշակել լուծումներ հանրային կառավարումն ավելի արդյունավետ, վստահելի, թափանցիկ և մարդակենտրոն դարձնելու համար՝ ապահովելով քաղաքացիների ակտիվ ներգրավածությունը որոշումների ընդունման և քաղաքականության մշակման գործընթացներում։
Վերջին տարիներին ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի մեր թիմն ակտիվորեն աջակցել է կառավարությանը բաց կառավարման օրակարգի առաջխաղացման գործընթացում։ Աջակցել ենք մի շարք ոլորտներում՝ սկսած երկրորդ և երրորդ ազգային գործողությունների պլանների համար գաղափարներ հավաքագրելուց մինչև հանրային ծառայություններն ավելի հասանելի դարձնելու համար նորարարական տեխնոլոգիաներ մշակելն ու կիրառելը։ Դեռևս 2015թ․ ՄԱԶԾ ցուցաբերած տեխնիկական աջակցության շնորհիվ կարողացել ենք օգնել կառավարությանը ստանալու միջազգային Բաց կառավարման մրցանակ՝ «Խելացի համայնք» նախագծի համար։ Մեր մի շարք աշխատարանների, հանրային հանդիպումների, ինչպես նաև «Հանրային կառավարման նորարարության» շաբաթների ընթացքում կարողացել ենք վերհանել հանրային կառավարման մի շարք խնդիրներ ու առաջարկել լուծումներ։
Ներկայումս տեղի է ունենում Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) գործողությունների չորրորդ ծրագիրը համալրելու գործընթացը։ Բաց կառավարման գործընթացն ակտիվացնելու համար մեր թիմը հանդես է գալիս «Բաց կառավարման» նոր ծրագրով՝ նորարարական միջամտություններով, նոր օգտատերերի խմբերով և միջազգային անդրադարձով։ Ծրագրի բաղադրիչներն են՝ ենթազգային բաց կառավարման գործընկերությունը, նորարարական տեխնիկական աջակցությունը, քաղաքացու և կառավարության միջև արդյունավետ հետադարձ կապ ապահովելու համար տեխնիկական լուծումները։