«Ապագայի հմտություններ և աշխատատեղեր» ծրագրի շրջանակներում Կոլբա լաբը հայտարարում է օնլայն ուսուցման և պրակտիկայի հնարավորություն Լոռի, Շիրակ, Տավուշ և Գեղարքունիք մարզերի երիտասարդների համար` Ռուսաստանում գործող «Մալեն» գործակալությունում: Երկշաբաթյա պրակտիկ դասընթացի թեման է ապրանքանիշի/բրենդի մշակում հյուրընկալության ոլորտում, մասնավորապես տարածքների և համայնքների համար:
ՄԱԶԾ/Կոլբա Լաբը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ իրականացնում է «Ապագայի հմտություններ և մասնագիտություններ Հայաստանի մարզաբնակ երիտասարդության համար» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից: Ծրագրի նպատակն է Հայաստանի մարզաբնակ երիտասարդության համար ապահովել մրցունակ և կայուն աշխատանքային հնարավորություններ, ընդլայնել զբաղվածության հնարավորությունները, նախապատրաստել այսօրվա երիտասարդությանը ապագայի աշխատաշուկայի պահանջներին: Ծրագրի առաջնային ուղղություններից է աշխատանքային պրակտիկայի և կրթական հնարավորությունների կազմակերպումը զբոսաշրջության, գյուղատնտեսության և սննդի մշակման և ստեղծարար տնտեսության ոլորտների երիտասարդ մասնագետների համար:
Մարտի 15-26 կազմակերպվող այս երկշաբաթյա դասընթացն առաջարկում է մասնակիցներին, ովքեր ունեն տարածքների զարգացման գաղափարներ, օգտվել հմտությունների զարգացման այս հնարավորությունից, մշակել իրենց գաղափարի համար բրենդ, ստանալ խորհրդատվություն «Մալեն» գործակալության փորձագետների կողմից, լսել և ծանոթանալ հաջողակ բրենդերի ձևավորման դեպքերի մասին, կատարել ինքնուրույն պրակտիկ աշխատանքներ: Դիմելու պարտադիր պայմաններից է սեփական ծրագրի ներկայացումը (կարող է լինել գաղափարի փուլում կամ արդեն մեկնարկած):
Կարող եք դիմել, եթե՝
- Միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատությունների ավարտական կուրսի ուսանող եք:
- Նորավարտ եք, ձեռք եք բերել մասնագիտական որակավորում գովազդի, մարկետինգի/բրենդի կամ այլ համապատասխան ոլորտներում:
- Մինչև 25 տարեկան եք և Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի կամ Տավուշի մարզի բնակիչ եք:
- Ունեք տարածքների զարզացման նորարական գաղափարներ:
Մասնակցության պայմաններ
Երկշաբաթյա դասընթացը տեղի կունենա մարտի 15-ից 26-ը ներառյալ, ներառելով տեսական դասախոսություններ, գործնական առաջադրանքներ և մասնագիտական կարողությունների զարգացման վարժություններ: Ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ:
Առցանց դասընթացը իրականացվելու է ամբողովին հեռակա ձևաչափով, սակայն բոլոր առցանց դասընթացների ընթացքում անհրաժեշտ է ակտիվ մասնակցություն: Ելույթներն ու առաջադրանքները լինելու են ռուսերեն: Դիմորդները պետք է ներկայացնեն իրենց սեփական նախագիծը, որի վրա պետք է աշխատեն ողջ դասընթացի ընթացքում և վերջում ներկայացնեն աշխատանքի արդյունքները: Մրցութային կարգով ընտրվելու է հինգ մասնակից:
Ի՞նչ է առաջարկում դասընթացը՝
- Միջազգային ոլորտում գործող կազմակերպության մասնագետների օգնություն և խորհրդատվություն:
- Սեփական ծրագրի համար բրենդի մշակում՝ մասնագետների խորհրդատվությամբ:
- Կիրառական մասնագիտական գիտելիքների ձեռքբերում:
- Դառնալ աշխատաշուկայի ապագայի պահանջներին պատրաստ, մրցունակ և պահանջված մասնագետ:
Եթե հետաքրքրված եք այս հնարավորությամբ, լրացրեք առցանց հայտը հետևյալ հղումով մինչև 2021թ․ մարտի 8-ը: