Հաճախ կատակում ենք, որ բոլոր նրանք, ովքեր գիտեն պետական կառավարման ամենաարդյունավետ մեթոդներն, արդեն զբաղված են և աշխատում են այլ ոլորտներում: «Ա՜յ եթե ես լինեի որոշողը…»

Իսկ երբևէ մտածե՞լ եք, որ պարտադիր չէ հանրային կառավարման համակարգի աշխատակից լինել, որպեսզի ձեր գաղափարներն իրականանան:

ՀՀ Կառավարությունը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ հայտարարել է գաղափարների մրցույթ՝ Բաց կառավարման գործընկերության գործողությունների նոր` երրորդ ծրագիրը համալրելու նպատակով:

Հայաստանի Հանրապետությունը միացել է «Բաց կառավարման գործընկերություն» (“Open Government Partnership”) համաշխարհային նախաձեռնությանը 2011թ. սեպտեմբերին: Նախաձեռնության նպատակն է կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, վստահելի, թափանցիկ և նպաստել պետություն-քաղաքացի հարաբերությունների ամրապնդմանը: Գործողությունների ծրագրում Ձեր կողմից առաջարկվող նախաձեռնությունները կարող են լինել ինչպես նոր, այնպես էլ՝ նախկինում սկսված, ընթացիկ բարեփոխումների շարունակություն: Առաջնահերթ պահանջ է, որ Ձեր առաջարկած գործողությունը/նախաձեռնությունը համապատասխանի բաց կառավարման հետևյալ չորս սկզբունքներից առնվազն մեկին՝ թափանցիկություն, hաշվետվողականություն, մասնակցություն, տեխնոլոգիա և նորարարություն:

Ձեր առաջարկությունները կարող եք ներկայացնել այստեղ մինչև ապրիլի 30-ը:

Նախաձեռնության վերաբերյալ իրազեկման հանդիպումների ժամանակացույցը հետևյալն է՝

Ապրիլ 25 – Երևան, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ – 15:00-16:30

Ապրիլի 26 – ք. Գյումրի, Օրհուս կենտրոն (Գարեգին Նժդեհ 12ա)- 11:00 – 12:30

Ապրիլի 26- ք. Վանաձոր, Մարզպետարանի շենք – 14:30 – 16:00

Ապրիլի 26 – ք.Դիլիջան, Քաղաքապետարանի շենք – 17:00 – 18:00

Ապրիլի 27 – ք. Արմավիր, Արմավիրի զարգացման կենտրոն (Շահումյան 68ա) – 10:00 – 11:30

Ապրիլի 28 – ք.Գորիս, Քաղաքապետարանի շենք, 14:00- 15:30 

*****

Կարևոր է. նախապատվությունը կտրվի այն առաջարկներին, որոնք, բացի նշված Բաց կառավարման գործընկերության չափանիշերի համապատասխանությունից, միաժամանակ միտված կլինեն ՄԱԿ-ի հաստատած կայուն զարգացման նպատակների իրականացմանը և համահունչ կլինեն ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությանը:

Այն առաջարկությունները, որոնք ենթադրում են նոր օրենքների նախագծերի մշակման և ընդունման, ինչպես նաև գործող օրենքներում փոփոխությունների կատարման պահանջ (նշված պահանջի ապահովումը դուրս է ՀՀ կառավարության լիազորությունների շրջանակից), գործողությունների ծրագրում չեն ընդգրկվի: Ներկայացվելիք հանձնառությունների չափանիշների վերաբերյալ առավել մանրամասն կարող եք կարդալ ԱՅՍՏԵՂ:

Ավելի մանրամասն՝

«Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությանում աշխատանքները ներկայումս համակարգում է համապատասխան աշխատանքային խումբը, որը գլխավորում է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանը: Պետական գերատեսչություններից բացի աշխատանքային խմբում ընդգրկված են նաև քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, ինչպես «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ, “Transparency International” հակակոռուպցիոն կենտրոնը, Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը: «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությունում Հայաստանի գործողությունների ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ: