Կոլբա լաբի երկու ծրագրերի՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ապագան այսօր. կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում հանուն Հայաստանում ժողո վրդավարության ամրապնդման», և Սլովակիայի տրանսֆորմացիոն ֆոնդ/ Քաղաքների էքսպերիմենտային ֆոնդ, հաջողված համագործակցության արդյունքում, հունիսի 12-ին Ստեփանավանում #GenZers4Impact – ի շրջանակներում առաջին անգամ Հայաստանում անցկացվեց CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթի micro case-ը` միտված ներգրավելու երիտասարդներին իրական խնդիրների լուծման մեջ Ստեփանավան քաղաքի օրինակով։ Մասնակիցները՝ 18-25 տարեկան մոտ 100 երիտասարդներ, շատ հագեցած օր ունեցան Ստեփանավանում՝ հանդիպելով քաղաքային իշխանություններին, այցելելով քաղաքային տարբեր ենթակառուցվածքներ, հանդիպելով Ստեփանավանում ակտիվ երիտասարդության ներկայացուցիչների հետ և, իհարկե, վայելելով Լոռվա հիասքանչ բնությունը։ Մասնակիցները նաև հնարավորություն ունեցան այցելելու Ստեփան Շահումյանի տուն-թանգարան։ Նրանց առաջ դրվեց խնդիր՝ լուծել Ստեփանավանի ռազմավարական զարգացման խնդիրները ընդամենը 72 ժամվա ընթացքում և առաջարկել համապատասխան լուծումներ։

 

Հունիսի 18-ին արդեն Երևանում յոթ թիմեր իրենց առաջարկներով կիսվեցին ժյուրիի հետ, որի կազմում էր նաև խնդրի գլխավոր շահառուներից մեկը՝ Ստեփանավանի քաղաքապետը։  Միջոցառմանը ներկա էին նաև Ստեփանավանի համայնքապետարանից այլ ներկայացուցիչներ։

 

Արդյունքում ընտրվեցին երկու լավագույն լուծումներ ներկայացրած թիմեր՝ Supernova և Nimeta։ Supernova թիմի ռազմավարության հիմքում ընկած էր տաղանդների ներգրավումը, կանաչ նորարարությունը և շնչող համայնքը` հիմնվելով միջազգային փորձի և Ստեփանավանում արդեն առկա նախադրյալների վրա։ Nimeta թիմը ռազմավարական զարգացումը կենտրոնացրեց սմարթ տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) քաղաք ստեղծելու և այդպես բիզնեսը և տաղանդները քաղաք բերելու, ինտելեկտուալ ներգաղթի, փոխանակման ծրագրերի իրականացման գաղափարի վրա։  Քննարկվեցին նաև այն խոչընդոտները, որոնք խանգարում են Ստեփանավանում տաղանդների մնալուն։

Հույս ունենք, որ այս շատ օգտակար ծրագրերը իրականոււթյուն կդառնան և կնպաստեն Ստեփանավան համայնքի ռազմավարական զարգացմանը։