2016թ. «Նորարար առաջընթաց» ծրագրի շրջանակում Կոլբա լաբը կազմակերպել էր «Բաց տվյալների հաքաթոն», որի շրջանակներում հայկական համացանցում առկա բաց տվյալներն օգտագործվում էին սոցիալական նշանակության ծրագրերի նախագծման նպատակով:
24-ժամյա աշխատանքային ընթացքի արդյունքում հաքաթոնի մասնակից Ալեքսեյ Չալաբյանն առաջարկեց օգտագործել ՀԷՑ-ի բաց տվյալների շտեմարանը և մշակել hosanq.info պլատֆորմը:
Առցանց այս հարթակը հնարավորություն է ընձեռում այցելուներին հետևել իրենց էլեկտրաէներգիայի ծախսի անհատական պատմությանը և համեմատել, թե ինչ էր հնարավոր անել ծախսելով նույնքան էլեկտրաէներգիա և գումար: Այցելելով հարթակը և մուտքագրելով ձեր բաժանորդային քարտի համարը էջի համապատասխան դաշտում՝ կարող եք ստանալ վերջին ամիսների ընթացքում ձեր սպառած հոսանքի մասին վիճակագրությունը: Ամեն հարցման ժամանակ տվյալները ստացվում են անմիջապես ՀԷՑ կայքից։
Նախաձեռնության զարգացման հաջորդ փուլերը ենթադրում են գազի և ջրի սպառմանը վերաբերող տվյալների շտեմարանների ներառումը առցանց այս գործիքի մեջ, որի շնորհիվ շարքային քաղաքացին կկարողանա հետևել կոմունալ ծառայություններից օգտվելու իր պատմությանն և յուրաքանչյուր անգամ ծանոթանալ կոմունալ ծառայությունների պատկերավոր ինֆոգրաֆիկային:
Հաքաթոնը կազմակերպվել էր «Նորարար առաջընթաց» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: