Բաց տվյալների ծավալները հայկական համացանցում աճում են: Արդեն իսկ կարելի է նկատել հայկական պետական բաց տվյալների շտեմարանների օգտագործման դրական փորձը:
Արդյո՞ք պետական սեգմենտի բաց տվյալների բազաները կարող են օգտակար լինել առավել արդյունավետ պետական կառավարման գործիքներ մշակելիս: Ի՞նչ կարող ենք բացահայտել, կիրառելով վերջին տեխնոլոգիական գործիքակազմը հավաքագրված տվյալների մեծ բազաները վերլուծելիս:
Դեկտեմբերի 3-4-ը, հրավիրում ենք մասնակցելու Աղվերանում կայանալիք բաց տվյալների երկօրյա հաքաթոնին, որի նպատակն է մշակել Հայաստանում առկա սոցիալական խնդիրների նորարար լուծումներ, օգտագործելով պետական հատվածի բաց տվյալները:
Եթե սիրում եք աշխատել տվյալների բազաների հետ, մշակել նոր գործիքներ, միացեք միջոցառմանը մինչև նոյեմբերի 27-ը, լրացնելով առցանց հայտը: Մասնակցելով միջոցառմանը դուք հնարավորություն կունենաք մասնակցել բաց տվյալների մասին աշխատանքային հանդիպումներին, քննարկել վերլուծական առկա մեթոդների, ծանոթանալ տվյալների վիզուալիզացիայի գործիքներին և ծանոթանալ ոլորտում աշխատող մասնագետների հետ: Միացեք միջոցառմանը նաև Կոլբա լաբի ֆեյսբուքյան էջում, որտեղ կհրապարակվեն բոլոր հաքաթոնի մասին բոլոր թարմացումները, օրակարգը, մասնակից փորձագետների անուններն և այլն:
Այս հաքաթոնը կազմակերպվում է «Նորարար առաջընթաց» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:
Ժամանակացույց
Հաքաթոնի առաջին օրը (դեկտեմբերի 3-ին) կկայանան մի շարք աշխատանքային հանդիպումներ բաց տվյալների շտեմարանների հետ աշխատանքի վերաբերյալ, մասնավորապես՝ ինչպիսի գործիքներ է կարելի մշակել այդ շտեմարանների հիման վրա, ինչպիսի վերլուծական տեխնոլոգիական մեթոդներ գոյություն ունեն և որոնք են հնարավոր բարդություններն և հնարավորությունները այս ոլորտում:
Աշխատանքային օրվան կհաջորդի բուն հաքաթոնը, որի ընթացքում մասնակիցները կկազմեն թիմեր՝ համապատասխան առաջադրանքի շուրջ: Մասնակիցները կընտրեն ներկայացված բաց տվյալների շտեմարաններից իրենց առավել հետաքրքիրը, որի շուրջ կաշխատեն,մշակելով իրենց առաջարած լուծման մոդելը (նախատիպը):
Կիրակի օրվա ավարտին յուրաքանչյուր թիմ կունենա 5-7 րոպե՝ գնահատող հանձնաժողովին ներկայացնելու իրենց մշակած լուծումը: Լավագույն գաղափարները հնարավորություն կստանան անցնել Կոլբա լաբի ինկուբացիոն շրջանը:
Ինչպիսի լուծումներ ենք փնտրում. հաքաթոնի արդյունքում ակնկալում ենք, որ մշակված կլինեն երկու տեսակի լուծումներ՝ առկա բաց տվյալների բազաների հասանելի, մատչելի և օգտատերերի համար առավել հարմարավետ օգտագործման ձևաչափի մշակում, և բաց տվյալների շտեմարանների հիման վրա ստեղծված նորարար վերլուծական ծրագրեր և գործիքներ:
Կոլբա լաբը կհոգա ինտերնետի հասանելիության, ինչպես նաև սնունդի, կացության և հաքաթոնի տրամադրության համար այդքան անհրաժեշտ սուրճի բավականաչափ քանակության մասին: Կոլբա լաբը կտրամադրի նաև պետական բաց տվյալների շտեմարաններ, ինչպես նաև որոշ շտեմարաններ, որոնք հասանելի կլինեն հատուկ հաքաթոնի մասնակիցների համար:
Շտեմարանների ներկայացումը կներառի ինչպես ներկայացված տվյալների բնույթի մանրամասն նկարագրություն, այնպես էլ դրանց օգտագործման հնարավոր տարբերակները:
Ուշադրություն. բաց տվյալների հաքաթոնին զուգահեռ Աղվերանում կայանալու է ՏՏ ոլորտի առաջնորդների ֆորումը, որին կմասնակցեն Հայաստանում ՏՏ ոլորտի առաջատար կազմակերպությունների ղեկավարներ, ՏՏ և բիզնես ոլորտի փորձագետներ, ովքեր կքննարկեն նաև պետական համակարգում նորարար տեխնոլոգիական լուծումների ու ծրագրերի իրականացումը: Բաց մի թողեք ոլորտի առաջատար մասնագետների հետ շփվելու այս հնարավորությունը:
Ինչպես պատրաստվել հաքաթոնին. վերցրեք ձեզ հետ ձեր համակարգիչները, բջջային հեռախոսները կամ այլ սարքեր, որոնք կօգնեն ձեզ այս հաքաթոնին մշակել կիրառելի և նորարար գաղափարներ:
Բաց տվյալները Հայաստանում
Տվյալների մի շարք պետական շտեմարաններ լրագրողական հակակոռուպցիոն և քաղաքացիական հետաքննությունների մեծ ներուժ ունեն, օրինակ՝ «Մեկ անձից կատարվող գնումներ» , «ՊՈԱԿ-ների ֆինանսավորում» , «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրեր» : Սրանք օրինակներ են, երբ տվյալների շտեմարանները հետազոտողին թույլ են տալիս որոնողական ինքնուրույն աշխատանք կատարել: Ազգային վիճակագրական ծառայությունը տվյալների շտեմարաններ է տրամադրում բավական մինիմալիստական գործիքներով : Բացի դրանից՝ վիճակագրական տվյալները մշակելու համար գոյություն ունի ևս երկու հարթակ՝ Armstatbank և Armdevinfo :
Գոյություն ունի շատ ավելի մեծ ազդեցություն ունեցած դեպք՝ կապված արտարժույթի փոխանակման հետ: www.rate.am կայքը , մի տեղ հավաքելով բոլոր բանկերի կողմից հայտարարվող արտարժույթի փոխարժեքները, ազդեցություն ունեցավ ողջ շուկայի վրա՝ մոտավորապես նույն մակարդակի բերելով փոխարժեքները երկրով մեկ:
2011թ. սեպտեմբերին Հայաստանի Հանրապետությունը միացել է «Բաց կառավարման գործընկերություն» (“Open Government Partnership”) նախաձեռնությանը: Նախաձեռնության նպատակն է քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմամբ նպաստել կառավարման համակարգի բարելավմանը, խթանել վերջինիս արդյունավետությունը՝ բարձրացնելով պետություն-քաղաքացի հարաբերությունների թափանցիկության, վստահելիության և հաշվետվողականության մակարդակը:
2016-2018թթ. Հայաստանի ԲԿԳ գործողությունների ծրագրի մեջ ներառված են նաև բաց տվյալների սկզբունքների կիրառումը պետական կառավարման համակարգում, մասնավորապես բյուջետային համակարգի թափանցիկության ապահովումը: