Լավ գաղափարների բազմության մեջ կարևոր է այնպես անել, որ հենց ձեր գաղափարը հիշվի հազարների մեջից և հենց ձեզ հետ ուզենան աշխատել հնարավոր ներդրողները:Դեմ առ դեմ հանդիպումները ձեզ հնարավորություն են տալիս ավելի շատ հնարքներ կիրառել՝ մարդկանց գրավելու համար: Դրանցից առավել կարևորներից է ճիշտ կառուցված պրեզենտացիան, որից հետո բոլոր ունկնդիրները ենթադրաբար պետք է սիրահարվեն ձեր թիմին ու գաղափարին: Կան մի քանի կարևոր կետեր, որոնց պետք է ուշադրություն դարձնել գաղափարը ներկայացնելիս.
Ի՞նչ խնդիր եք փորձում լուծել: Նկարագրեք խնդիրը, բացատրեք թե ինչ արմատներ ունի, որոնք են առաջացման հիմնական պատճառները: Լավ նախագիծ իրականացնելու համար հիմնական քայլերից է խնդրի ճիշտ սահմանումը:
Խուսափեք «բոլորս էլ գիտենք» կամ «բոլորին հայտնի է» արտահայտություններից, դրանք երբեք չեն կարող խնդրի լուրջ հիմնավորում ծառայել: Խոսեք փաստերով, օգտագործեք վիճակագրական տվյալներ կամ համապատասխան հետազոտության արդյունքներ մեջբերեք:
Ի դեպ, ամենատարածված սխալներից է, երբ նախագծի վրա աշխատանքը սկսում է, ոչ թե խնդրի ուսումնասիրությունից, այլ ձեր մտացած «տեսնված լուծման» կիրառելիության փնտրտուքից:
Ձեր առաջարկած լուծումը: Շեշտեք ձեր մշակած լուծման առանձնահատկությունը, ներկայացրեք, թե ինչով է յուրահատուկ ձեր ստարտափը և ինչպես է լուծելու վերը նշված խնդիրը: Ինչպես նշել էինք նախորդ գրառման մեջ՝ ունեցեք պարզ պատասխան «Ո՞րն է ձեր գաղափարը» հարցին և պատրաստեք ձեր գաղափարի համար Elevator Pitch-ը:
Ձեր ստարտափի սպառման շուկան/օգտատերերը: Ո՞վ է օգտվելու ձեր ապրանքից/ծառայությունից: Եթե դուք լավ գիտեք ձեր թիրախային հաճախորդների պահանջները, ապա կկարողանաք այնպիսի բան առաջարկել, որը կբավարարի նրանց:
Ձեր ստարտափի բիզնես մոդելը: Ինչպե՞ս եք պատրաստվում փող աշխատել ձեր ստարտափով: Ի՞նչ տեսակի գումարներ եք ակնկալում բերել ձեր նախագիծ՝ վարկեր, գրանտային գումարներ կամ այլ տեսակի ներդրումներ: Ինչպիսի՞ ռիսկեր կան և ինչպես են դրանք ազդելու ձեր ապրանքի/ծառայության վրա, ե՞րբ եք ակնկալում առաջին եկամուտը ունենալ:
Հիմնական մրցակիցները: Շուկայի մասին խոսելիս, չմոռանաք նշել նաև ձեր՝ ինչպես ուղիղ այնպես էլ անուղղակի մրցակիցներին: Ներկայացրեք, թե որոնք են մրցակիցների եկամուտի աղբյուրները, նրանց աշխատանքի առանձնահատկությունները, նրանց հնարավոր զարգացման միտումները: Մի խուսափեք ուժեղ մրցակիցների մասին պատմելուց:
Մարքետինգի ու գովազդի ռազմավարություն: Եթե չկարողանաք պատմել աշխարհին ձեր հայտնագործության մասին, ոչ ոք երբեք չի իմանա դրա մասին: Մանրամասն ներկայացրեք ձեր ստարտափի մարքետինգի պլանը: Ի վերջո, ներդրողը ուզում է իմանալ, թե իր գումարով մշակվող ծրագիրն ինչպես է ներկայանալու լայն հանրությանը:
Թիմը: Ներկայացրեք ձեր թիմի անդամներին, շեշտեք նրանց ուժեղ կողմերը՝ քանի տարվա փորձ ունեն այս կամ այն ոլորտում, ինչ մեծ ընկերությունների հետ են աշխատել, նրանց մասնագիտացման մասին և այլն: Մարդիկ վստահում ու ուզում են աշխատել ոչ միայն լավ գաղափարի շուրջ, այլև վստահելի մարդկանց հետ: Թիմի մասին նշել էինք նաև նախորդ գրառման մեջ:
$ :Եվ վերջապես մանրամասնեք, թե որքան գումար է անհրաժեշտ ձեր նորարար գաղափարը իրականացնելու համար և հստակ պատմեք, թե ձեզ տրամադրած գումարը ինչի վրա է ծախսվելու: Կարող եք նաև ասել, թե որքան գումար եք արդեն ներդրել ձեր (ձեր թիմի) կողմից, ովքեր են հետաքրքրված ձեր առաջարկած գաղափարով կամ երբևէ աջակցել ձեզ: Ներկայացրեք հաշվարկ, թե ինչպես պահանջված գումարը կօգնի ձեր ստարտափին հաջողությունների հասնել ու ավելի մեծ մասնաբաժին գրավել շուկայում:
Ի դեպ, կարող եք այս սխեման օգտագործել, երբ ձեր նորարար գաղափարը ներկայացնելուց լինեք Կոլբա լաբի գաղափարների մրցույթներին: