Ինչպես գիտեք 2020-ին Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ապագան այսօր. Կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում հանուն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման» ծրագրի շրջանակներում, ՄԱԶԾ/Կոլբա լաբը քաղաքացիական հասարակական կազմակերպությունների (ՔՀԿ) հետ համագործակցության ակնկալիքով հայտարարել էր գաղափարների մրցույթ՝ երիտասարդական նորարարական գաղափարներ ձևավորելու նպատակով։ Մրցույթը հնարավորություն տվեց հավաքագրել երիտասարդ նորարարների խմբեր, որոնք կստեղծեին և կփորձարկեին ապագային ուղղված գաղափարներ:

Ինչպես խոստացել էինք, հրապարակումների այս շարքով Ձեզ ենք ներկայացնում ծրագրի դրամաշնորհառուներից ևս մեկին՝ իր նախաձեռնությունները և ստացված արդյունքները։

Ստեփանավանի «Լոռէ» փրկարար ջոկատ ՀԿ-ն իրականացրել է «Նոր մարտահրավերներ, նոր լուծումներ» ծրագիրը 2021 թվականի մարտ ամսից։  Ծրագրի նպատակն է առկա ռեսուրսների համախմբման միջոցով նպաստել համայնքի կայունության ամրապնդմանը, ինչպես նաև երիտասարդներին զինել տեսական և գործնական գիտելիքներով և հմտություններով, որն էլ իր հերթին կնպաստի համայնքում ակտիվ քաղաքացու նրանց դերի իրականացմանը։

Արդյունքում 60 երիտասարդ ծրագրի շրջանակներում ստացան ակտիվ քաղաքացու իրենց դերը համայնքի կյանքում իրացնելու հնարավորություն՝ ձեռք բերած համապատասխան գիտելիքներն ու հմտությունները օգտագործելու ի նպաստ համավարակների և աղետների դիմակայելու և արձագանքելու համայնքի կարողությունների բարձրացմանը։

Շահառուների ձեռք բերած գիտելիքներն ու հմտություններն ունեն բազմապատկիչ նշանակություն, քանի որ նրանք իրենց գիտելիքներով կկիսվեն այլոց՝ ծրագրի անուղղակի շահառուների հետ/ուսումնական հաստատությունների աշակերտների և ուսուցչների, մարդկային մեծ կուտակման օբյեկտների աշխատակազմերի, Ստեփանավան խոշորացված համայնքի բնակչության տարբեր շերտերի և այլն։  Արդյունքում տեղի է ունենում գիտելիքների շղթայական փոխանցում հասարակության լայն շերտերին, որի նշանակությունը դժվար է գերագնահատել։ Հարկ է նշել նաև, որ ծրագրի իրականացման արդյունքում Ստեփանավան խոշորացված համայնքը ունեցավ թարմացված ԱՌՆ  (Աղետների ռիսկերի նվազեցում) պլան, ինչպես նաև մշակվեցին և աղետների քարտեզի վրա տեղադրվեցին արձագանքման տարբեր սցենարներ և մեխանիզմներ։

ԱՌՆ և ՏՄՌԿ (Տեղական մակարդակում ռիսկի կառավարում) մեթոդաբանության և օպերատորական գործի շրջանականերում ձևավորվեց համապատասխան գիտելիքներ և հմտություններ ունեցող օպերատոր-կամավորների 20 հոգանոց թիմ, որը հետագայում իրականացրեց Ստեփանավան համայնքի ԱՌՆ վերագնահատում՝ հաշվի առնելով COVID-ով, պատերազմով և արտաքին սպառնալիքով պայմանավորված նոր մարտահրավերները: Նրանք տիրապետում են աղետներին արձագանքման առցանց քարտեզի հետ աշխատանքների սկզբունքներին։ Արդյունքում համայնքը ունեցավ մի թիմ, որի կողմից իրականացվող կարևորագույն աշխատանքները կկրեն շարունակական բնույթ։

Վերագնահատման արդյունքների հիման վրա համապատասխան կառույցների հետ համատեղ վերանայվեց և վերամշակվեց համայնքի ԱՌՆ պլանը։ Արդյունքում համայնքը ունի նոր վերամշակված և թարմացված ԱՌՆ պլան, որտեղ հաշվի են առնվել նաև COVID-ով, պատերազմով և արտաքին սպառնալիքով պայմանավորված մարտահրավերները։

ԱՌՆ պլանի համաձայն մշակվեցին սցենարներ և արձագանքման մեխանիզմներ, որոնք տեղադրվեցին Ստեփանավան համայնքի աղետների ռիսկի առցանց քարտեզի վրա։ Արդյունքում համայնքը ունեցավ ռիսկերի, խոցելիությունների և կարողությունների, ինչպես նաև  սպառնացող վտանգներին և աղետներին արձագանքման մեխանիզմներով լրամշակված և թարմացված առցացն քարտեզ։

Հատկանշական են նաև ԱԹՍ (անօդաչու թռչող սարք) վարողների  դասընթացները, որոնց ավարտին ձևավորեց համապատասխան գիտելիքներ և հմտություններ ունեցող ԱԹՍ վարողների 20  կամավորներից բաղկացած թիմ։ Արդյունքում համայնքը ունեցավ ԱԹՍ վարողների թիմ, որի կարողությունները կարո են օգտագործվել սպառնացող վտանգների ուսումնասիրման, առկա ռիսկերի գնահատման և քարտեզագրման, ստեղծված արտակարգ իրավիճակների կանխարգելման և արձագանքման, ինչպես նաև համավարակների և նման իրավիճակներում համապատասխան աշխատանքների իրականացման համար՝ բացառելով աշխատանքներում ընդգրկված անձանց և կամավորականների ռիսկային լինելը:

Արտակարգ իրավիճակների արձագանքման և հումանիտար աշխատանքների համակարգման համայնքային կենտրոնի կարողությունների հզորացման նպատակով կենտրոնը համալրեց ևս մեկ ԱԹՍ-ով, իր նախադեպը չունեցող և առայժմ հանրապետությունում միակը՝ ջրային դրոնով, համակարգիչներով՝ դաշտային աշխատանքների իրականացման համար։ Նաև արդեն իսկ գործող արձագանքման թիմի կազմում ընդգրկվեցին նոր անդամներ: Կազմակերպվեցին համապատսախան տեսական և գործնական դասընթացներ՝ աղետների, համավարակի, պատերազմի և արտաքին սպառնալիքի պայմաններում իրականացվող աշխատանքների վերաբերյալ։ Արդյունքում համայնքում գործում է նոր անդամներով համալրված արձագանքման թիմ, որի գործառույթները կլինեն համայնքի բնակչության շրջանում պարբերաբար իրազեկման, ուսումնական հաստատություններում և այլ հիմնարկ-կազմակերպություններում համապատասխան տեղեկատվության տրամադրման և կարողությունների բարձրացմանն ուղղված աշխատանքների իրականացումը։  Հատկանշական է, որ առաջին անգամ բնական պայմաններում, պղտոր և ջրային բուսականության պայմաններում ջրային դրոնը փորձարկվեց որոնողական աշխատանքների համար: Արդյունքը գերազանց էր:  Այն հնարավորություն կտա մինչև 15 մետր խորության վրա իրականացնել որոնողական աշխատանքներ՝ առանց ջրասուզի, որը կխնայի նյութական միջոցներ, ժամանակ և ամենակարևորը՝ կնվազեցնի փրկարարի ռիսկաին գործոնը վտանգավեր միջավայրում աշխատելու ժամանակ: