Ինչպես գիտեք 2020-ին Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ապագան այսօր. Կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում հանուն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման» ծրագրի շրջանակներում, ՄԱԶԾ/Կոլբա լաբը քաղաքացիական հասարակական կազմակերպությունների (ՔՀԿ) հետ համագործակցության ակնկալիքով հայտարարել էր գաղափարների  մրցույթ՝ երիտասարդական նորարարական գաղափարներ ձևավորելու նպատակով։ Մրցույթը հնարավորություն տվեց հավաքագրել երիտասարդ նորարարների խմբեր, որոնք կստեղծեին և կփորձարկեին ապագային ուղղված գաղափարներ:
Ինչպես խոստացել էինք, հրապարակումների այս շարքով Ձեզ ենք ներկայացնում ծրագրի դրամաշնորհառուներից ևս մեկին՝ իր նախաձեռնությունները և ստացված արդյունքները։

Ինչպես խոստացել էինք, հրապարակումների այս շարքով Ձեզ ենք ներկայացնում ծրագրի դրամաշնորհառուներից ևս մեկին՝ իր նախաձեռնությունները և ստացված արդյունքները։ «Կենսաբանների հայկական միություն» ՀԿ-ն իրականացրել է «Կենսաբանների հաջորդ սերունդ» գիտակրթական ծրագիրը, որի հիմնական շահառուներն էին դպրոցի բարձր դասարաններում սովորող աշակերտներն ու ԲՈՒՀ-երի առաջին/երկրորդ կուրսի ուսանողները:

Բնական գիտությունների զարգացումը կարևոր դեր ունի մեր կյանքի որակի բարձրացման ու հասարակության առաջընթացի համար և դրա դերի նվազման հետևանքով ունենք հսկա խնդիրներ տարբեր ոլորտներում։ Այդուհանդերձ, հանրության մոտ ստեղծվել են գիտնականի կերպարի ու  գիտահետազոտական հիմնարկների դերի մասին սխալ պատկերացումներ ու կարծրատիպեր, որի արդյունքում օր օրի նվազում է հետաքրքրությունը դեպի գիտնականի կարիերան: Այս պահին ՀՀ-ում գիտնականների ու երիտասարդության միջև կա մեծ բաց, ինչն իր հերթին բերում է գիտության «ծերացմանը»:

Այս նախագծի հիմնական նպատակն էր երիտասարդների շրջանում խթանել կյանքի մասին գիտությունների նկատմամբ հետաքրքրությունը, ապահովել ներգրավումը գերազանցության հետազոտություններին և նորարարական ծրագրերին, ինչպես նաև նպաստել առաջնորդական հմտությունների զարգացմանը: Նախագծի շրջանակներում ՀՀ բոլոր մարզերում բնակվող 17-21 տարեկան երիտասարդները հնարավորություն ստացան ներկայացնելու իրենց գաղափարները բնագիտության տարբեր բնագավառներում:

«Գիտատոն՝ դեպի հիբրիդային կրթություն» միջոցառման կազմակերպման գաղափարն «Այբ» կրթական հիմնադրամի հետ  առաջացել է պատահական: Այն առաջ է եկել, երբ հիմնադրամի ներկայացուցիչների հետ քննարկման ընթացքում պարզ դարձավ, որ հիմնադրամի «Այբ հիբրիդային կրթություն» ծրագիրն ու «Կենսաբանների հաջորդ սերունդ» գիտակրթական ծրագիրն ունեն մի շարք նմանություններ, որտեղից էլ որոշվեց միավորել ուժերը և համատեղ իրականացնել մի ծրագրի ամփոփման և մյուս ծրագրի ներկայացման միջոցառումները մեկ վայրում:

Ծրագրի առաջին փուլի ընթացքում հայտարարվել էր նախագծի մասնակիցների կողմից մասնակցության հայտերի ընդունում: Այս փուլում իրականացվել էր նաև տեղեկատվական ու առաջխաղացման արշավ՝ նախագծի վերաբերյալ թիրախային շահառուների շրջանում նախագծի վերաբերյալ իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով: Արշավի ընթացքում կազմակերպվել են սեմինարներ ԲՈՒՀ-երում և դպրոցներում, նկարահանվել և սոցիալական ցանցերում տարածվել են 5 տեսահոլովակներ Հայաստանում առաջատար գիտահետազոտական խմբերի և ստարտափների վերաբերյալ, որոնք գործունեություն են ծավալում կենսագիտության ոլորտում:

Ծրագրի երկրորդ փուլում, 2021 թվականի հունիսի 27– հուլիսի 2-ը, ընտրված 30 մասնակիցներ ըստ իրենց նախասիրությունների բաժանվել են խմբերի և մասնակցել «ԳիտաՏոն» մեկշաբաթյա միջոցառմանը: Միջոցառման ընթացքում մասնակիցները այցելել են գիտահետազոտական լաբորատորիաներ, գիտահեն ստարտափներ, որտեղ ծանոթացել են կատարվող հետազոտություններին: Միջոցառման ընթացքում զեկույցներով են հանդես եկել կենսագիտության ոլորտի առաջատար գիտնականներ, ներկայացրել թե ինչպես գրել գիտական հոդված, դրամաշնորհ և այլն: Ձևավորված խմբերը մենթորների հետ միասին քննարկել և ընտրել են մասնակիցների գաղափարներից մեկը, որի վերաբերյալ պատրաստել են պրեզենտացիա: Միջոցառման վերջնահատվածում խմբերը ներկայացրել են իրենց կողմից մշակված գաղափարները, որոնցից ժյուրիի կողմից ընտրված 3 խմբերը անցել են հաջորդ փուլ:

Ծրագրի ավարտական՝ երրորդ ինկուբացիոն փուլում ընտրված խմբերը մենթորների հետ միասին զարգացրել են գաղափարը, պատրաստել հետազոտական նախագիծ և արդյունքները ներկայացրել «Գիտատոն՝ դեպի հիբրիդային կրթություն» միջոցառման ընթացքում, որը կազմակերպվել էր «Այբ» կրթական հիմնադրամի հետ համատեղ: Միջոցառման ընթացքում մի շարք գիտահեն ստարտափեր ներկայացրեցին նաև իրենց ձեռքբերումները և հաջողված պատմությունները: