Ինչպես գիտեք 2020-ին Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ապագան այսօր. Կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում հանուն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման» ծրագրի շրջանակներում, ՄԱԶԾ/Կոլբա լաբը քաղաքացիական հասարակական կազմակերպությունների (ՔՀԿ) հետ համագործակցության ակնկալիքով հայտարարել էր գաղափարների  մրցույթ՝ երիտասարդական նորարարական գաղափարներ ձևավորելու նպատակով։ Մրցույթը հնարավորություն տվեց հավաքագրել երիտասարդ նորարարների խմբեր, որոնք կստեղծեին և կփորձարկեին ապագային ուղղված գաղափարներ:
Ինչպես խոստացել էինք, հրապարակումների այս շարքով Ձեզ ենք ներկայացնում ծրագրի դրամաշնորհառուներից ևս մեկին՝ իր նախաձեռնությունները և ստացված արդյունքները։

«Նորարական Կրթական Լուծումների Լաբորատորիա» ՀԿ-ն իրականացրեց «Կրթության հորիզոններից անդին» ծրագիրը 2021թ. հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում։ Թիրախային հիմնական խումբը Հայաստանի գրեթե բոլոր մարզերից երիտասարդներն էին (17-30 տ.), ովքեր հանդիսանում էին հանրակրթական դպրոցների աշակերտներ, ԲՈՒՀ-երի ուսանողներ, սկսնակ դասախոս-մանկավարժներ: Թիրախային մյուս խումբն էլ կրթության փորձագետներն էին, ովքեր երկար տարիներ եղել են տարբեր առարկայական բնագավառներում դասախոսներ, կրթական հաստատության հիմնադիրներ, կրթական մեթոդաբաններ, կրթական ծրագրերի ղեկավարներ:

Ծրագրի նպատակն էր ստեղծել ապագայի կրթության այլընտրանքային մոտեցումներին և փոփոխման կարիքներին անդրադարձող տարածություն եւ գործընթաց, որը կմիավորեր կրթական բոլոր պարադիգմներն ու համակարգերը (թե՛ ֆորմալ, թե՛ ոչ ֆորմալ): Այն իրականություն է դառնալու ապագա կրթության հիմնախնդիրներին հասցեագրված այլընտրանքային բովանդակություն եւ լուծումներ մշակելով ֆորսայթինգի և զարգացման սցենարների միջոցով միջսերնդային (թե՛ երիտասարդներ, թե՛ ավագ սերունդ) փորձագիտական խմբի կողմից, որի դիտարկումներն ու առաջարկած լուծումները վերլուծելու եւ վերջնականացնելու են երիտասարդները:

Ներկայիս կրթական համակարգը գործում է միայն տեղեկատվության տրամադրմամբ, սակայն ունի մարդկանց ամբողջական և համակողմանի զարգացնելու և նրանց ներուժը լիովին իրացնելու և արդիականացնելու, ինչպես նաև նրանց գալիք ապագային արդյունավետ պատրաստելու թերություններ: Շատերն ունեն գիտելիք, բայց դրանք գործնականում կիրառելու հմտություններ չունեն, և որ ամենակարևորն է` չունեն փոփոխություններում ներգրավման և պատասխանատվություն ստանձնելու մոտիվացիա: Ըստ ծրագրի իրականացնողների, մարդիկ կորցրել են երազելու, ավելին տեսնելու, ներկա համատեքստով առաջադրված սահմաններից դուրս տեսնելու ունակությունը, սակայն իրավիճակի այս սահմանափակ ընկալմամբ և այլընտրանքային ապագայի տեսլականի բացակայությամբ մեր մտքերն ի վիճակի չեն լուծումների հանգել, քանի որ բոլոր լուծումները ի սկզբանե պայմանավորված են «անհնար է» նախապայմանով: Ծրագիրը ձգտում է հնարավորություն ընձեռել նախ խորհելու ապագայի մասին՝ այն առանց ներկա համատեքստով պայմանավորելու, և փոխել այն խորքային բովանդակությունը, որի վրա կառուցված է այսօրվա կրթական համակարգը: Այն կօգնի ընդհանրապես մարդկանց եւ հատկապես շահառուներին բացել իրենց միտքը, սիրտը, կամքը, ուղեղը և թույլ տալ նրանց լիարժեք շնչել և օգնել իրենց մտքին թռչել: Հեռատեսությունը, երազելը, ապագային նայելն ու դրանից դասեր քաղելը գործիքներ են, որոնք հայտնի են, բայց շատ քիչ են օգտագործվում, հատկապես, երբ խոսքը երիտասարդության և մեծահասակների միջև սերունդների երկխոսության վրա հիմնված մտորումների և սցենարների զարգացման մասին է:

Ծրագրային թիմը եւ փորձագետները հասցրել են մշակել ծրագրի կրթական ողջ (ներառյալ վեցօրյա խորացված դասընթացի, միջսերնդային հանդիպումների) բովանդակության մեթոդաբանական շրջանակը, իսկ այյնուհետեւ ձեւավորվել է կիրառվելիք գործիքակազմի (կրթական մեխանիզմներ) ցանկը: Զուգահեռ ընթացել է Ծրագրի մասնակիցների կարգավիճակում թեկնածուների (գրանցված շուրջ 100 թեկնածու) հավաքագրումը, 3 գործակիցներով (հայտի կազմման պատշաճություն, ծրագրին մասնակցելու մոտիվացվածություն, իբրև մասնակից համապատասխանություն) ընտրությունը: Նախապատրաստական աշխատանքներն ապահովելուց հետո 2 փուլով (չորսօրյա եւ երկօրյա) Արզականում եւ Գյումրիում կազմակերպվել է խորացված դասընթաց ընտրված 20 մասնակիցների համար: Առաջին դասընթացի ժամանակ մասնակիցները շոշափեցին կրթական համակարգի տեղական եւ համաշխարհային իրականությունը, խնդիրներն ու մոտեցումները, սեփական փորձից խնդրահարույց դիպվածները դուրս բերվեցին և պատճառահետևանքային կապով վերլուծվեցին (Case clinics): Հատուկ թեմայով հրավիրվել էին կրթության փորձագետ բանախոսներ, ովքեր սկզբում ներկայացնում էին ֆորսայթինգի կիրառելիությունը, կրթական արդի հիմնախնդիրների շուրջ իրենց դիտարկումներն ու իրենց կողմից առաջարկվող հնարավոր լուծումները, իսկ այնուհետեւ պատասխանում էին մասնակիցների հարցերին: Ֆորսայթինգի մեթոդին ծանոթանալիս մասնակիցները, իբրեւ թիմային աշխատանք, դուրս բերեցին կրթական թրենդներն ու փորձեցին չափել նոր սովորած գործիքակազմով: Մեկ այլ խոսնակի առաջադրանքի շրջանակում թիմային աշխատանքով փորձեցին պատասխանել «2035 թվականն է, եւ մեր կրթական բարեփոխումները ձախողվել են. ա) ի՞նչ է տեղի ունեցել, բ) ի՞նչ կարող էինք/չէինք կարող անել» հարցերին: Երազելու կարողության խթանման նպատակով մասնակիցները գործնականում կիրառեցին «Մեր մանկության երազանքները» (My childhood dreams) վարժանքը, որով դուրս բերվեցին երազելու հիմքում ընկած կարիքներն ու ցանկությունները: Դասընթացի ավարտին խմբային աշխատանքով առանձնացրին իրենց կարծիքով մոտ 50-ական հարց կրթության զանազան հիմնախնդիրների մասին, որոնցից հնարավորինս ամենաէականների լուծումների որոնմանը որ պետք է նվիրվի Ծրագրի հետագա ընթացքը:

Երկրորդ դասընթացի ժամանակ մասնակիցներին ներկայացվեց ինքնուրույն միջսերդնային հանդիպում (meet-up) նախապատրաստելու եւ իրականացնելու մեխանիզմը, որին հաջորդեց երկու ակտուալ կրթական հիմնախնդրի շուրջ երկու խումբ առանձին փորձագետների գտնելը, հրավիրելն ու միթ-ափը առանց Ծրագրային թիմի միջամտության իրականացումը: Ծրագրի փորձագետ-դասընթացավարները ավարտից հետո բարելավման դիտարկումներով ու առաջարկներով հանդես եկան: Բացի վերոնշյալ դասընթացներից Ծրագրային թիմի նախաձեռնությամբ անցկացվել է «Հանրակրթության նոր չափորոշիչների փորձարկումը Տավուշի մարզում» խորագիրը կրող վեբինար: Վեբինարի հետևյալ ընտրությունը հիմնավորված էր մասնակիցների եւ թեկնածու դիմորդների կողմից բարձրաձայնվող ամենագլխավոր հիմնահարցերին (գնահատման համակարգ, ուսուցիչ-տնօրենների վերապատրաստում, դասագրքեր եւ առարկաներ, բնագիտամաթեմատիկական հոսքի պրակտիկ հագեցվածություն եւ այլն) Տավուշի մարզում իրականացվող փորձարարական ծրագրի օրինակով մասամբ դրանց պատասխանելու հանգամանքով:

Որոշ հետաքրքիր դիտարկումներ՝

Երիտասարդ փորձագետներ
Հաճախ թվում է, թե միայն փորձագետներն են տիրապետում տվյալ ոլորտի հիմնախնդիրներին և կամ դրանց լուծումների բանալիներին, սակայն բավական երիտասարդ տարիքի ուսանողներն ու աշակերտներն էլ են կարողանում սեփական փորձով հենց այդ պահին խորքային վերլուծել դրանք և սկսում են շոշափել հնարավոր լուծումների դաշտերը:

Շփում և համագործակցություն
Ծրագիրն ամբողջությամբ հիմնված է բավականին հորիզոնական շփումների վրա, այսինքն՝ հիերարխիկությունը մինիմալի է հասցված, որը թույլ է տալիս սեղանի շուրջ բերել յուրաքանչյուրի փորձն ու ռեսուրսը՝ անկախ տարիքից, փորձից, իրար ռեսուրսն առավել լավ իմանալ, հասկանալ համատեղ աշխատանքի եզրերը, ցանցային գործել, լայնացնել ռեսուրսային մարդկանց շրջանակը: Ընդհանրապես անգամ մի փոքր այս խմբի մեջ շփումների արդյունքում պարզ էր դառնում, որ կարիքի և լավ համակարգվածության, ինֆորմացիայի ճիշտ կառավարման, ուղղորդման, կիսման դեպքում ռեսուրսների մոբիլիզացիան դառնում է հեշտ, և գրեթե կարողանում է ամբողջությամբ ծածկել առկա կարիքները:

Ճիշտ հարցեր տալու արվեստը
Դասընթացներից մեկի մեծ մասը նվիրված էր իրավիճակների ճշգրիտ պրոբլեմատիզացիային: Մասնակիցների հետ զարգացնում էինք կրթության ոլորտի մասին խորքային հարցեր գեներացնելու եւ տալու ունակությունը: Այս ունակությունը բավականին փակվում է ավանդական կրթական հաստատություններում, սակայն զարգացման պարագայում դասընթացի մասնակիցները ստեղծեցին հսկայական թվով (150+) հարցեր, որոնք իրենք կարևոր էին համարում այս ոլորտի զարգացման համար: Այս հարցերի բազան կարող է հիմք հանդիսանալ հետագա աշխատանքների համար, ինպես նաեւ ուղենիշ կլինեն հենց իրենց՝ մասնակիցների համար, իրենց ծրագրերի մշակման համար: Պարզ դարձավ նաեւ, որ մեծ քանակի հարցերը արդեն գծագրում են հնարավոր պատասխանների բազան:

Միջսերնդային աշխատանք

Չնայած դասընթացների մասնակից երիտասարդների խումբը բավականին մոտ էին իրար տարիքով, խմբում առկա էին թե՛ կրթության ոլորտում աշխատող և թե՛ դրա թիրախը հանդիսացող երիտասարդներ: Համապատասխանաբար դասընթացի ընթացքում արդեն մինիմալ կերպով փորձարկվեց և իր արդյունավետությունը ապացուցեց միջսերդնդային և միջոլորտային երկխոսության ձևաչափը։