Տեղական ինքնակառավարում
Կառավարությունն արդյունավետ է, երբ կանգնած է քաղաքացու կողքին, իսկ առավել մոտ կանգնած տեղական ինքնակառավարումը ժողովրդավարական քաղաքական համակարգի հիմքն է: ՏԻՄ և քաղաքացու երկխոսությունն անխուսափելիորեն բերում է դրական փոփոխությունների:
Հնարավո՞ր է արդյոք սահմանափակ բյուջետային միջոցների պայմաններում տեղական ինքնակառավարման համակարգը դարձնել առավել արդյունավետ, պատասխանատու և մասնակցային:
Կոլբան փնտրում է ակտիվ քաղաքացիների ու մտահոգ մարդկանց, թե՛ համայնքներում, և թե՛ կառավարման համակարգի ներսում, ովքեր կառաջարկեն հանրային ծառայությունների վերաբերյալ նորարար գաղափարներ, որոնք կնպաստեն ՏԻՄ թափանցիկությանն ու համայնքի ներգրավվածությանը:
Եթե հետաքրքրված եք, միացե’ք մեր նախաձեռնությանը: Գաղափարների ներկայացման վերջնաժամկետն է 2015 թ. սեպտեմբերի 30-ը:
Հանրությանը մատուցվող ծառայություններն ավանդաբար մշակվում են կառավարման վերին օղակներում, որոնք սահմանում են այդ ծառայությունների չափորոշիչներն ու մեխանիզմները: Ծառայությունների հասցեատերը որպես կանոն ուղղակիորեն չի մասնակցում որոշումների կայացման ու ծառայութունների մշակման գործընթացին: Մինչդեռ որոշումների ընդունման ուղղահայաց ու հիերարխիկ մոտեցումը վաղուց արդեն չի համապատասխանում ժամանակակից հասարակության պահանջներին:
Միևնույն ժամանակ բուն ծառայության մատուցումը, դրա իրականացման մեխանիզմների վերաբերյալ չափանիշներն ու գործընթացը մշակում են ՏԻՄ-երը: Օրինակ՝ դպրոցներում մատուցվող կրթական ծառայության համար պետությունը կարող է սահմանել սննդակարգի, ուսումնական պլանի, կարգացուցակի մասով չափորոշիչներ, իսկ բուն ծառայությունը մատուցողը համարվում է համայնքը՝ ի դեմս տեղական ինքնակառավարման մարմնի: Հենց համայնքն է ֆինանսավորելու տվյալ ծառայության մատուցման հետ կապված ծախսերը, գտնելու ավելի նպատակահարմար սնունդ մատակարարող ընկերություն, կնքելու պայմանագիր, և այլն: Ահա թե ինչու ենք մենք կարծում, որ ՏԻՄ մակարդակում քաղաքացիների ներգրավումը հատկապես կարևոր է:
Եթե ունեք գաղափար, որ կարող է պատասխանել այս հարցերին կամ եթե արդեն ունեք որևէ լուծում ու աջակցություն եք փնտրում, Կոլբան ուրախ կլինի համագործակցել Ձեզ հետ:
Ոգեշնչու՞մ եք փնտրում
Օգտվեք գաղափարի մշակման մեր գործիքից. Այն թույլ է տալիս ձեր ձևակերպած խնդիրը վերածել լուծման՝ ստանալով ստեղծագործ ու նորարար մոտեցումներ:
Որպես օրինակ կարող եք նայել տեղական ինքնակառավարման համակարգում այլուր կիրառված մի քանի լավագույն գաղափարներ, որոնք կարող են ոգեշնչել Ձեզ:
- Հորիզոնական ծառայություններ (peer to peer) – օրինակ Ավստրալիայում կիրառված <<Ընտանիքից ընտանիքին>> (family-by-family) ծրագիրը, երբ համայնքը հայտնաբերում է առավել կարիքավոր ընտանիքները, կապում վերջիններիս առավել ակտիվ ու հաջողակներ տնտեսությունների հետ և նպաստում նրանց փոխգործակցությանը:
- Համակարգված ծառայություններ – Անգլիայում կիրառված ծառայությունների կոնսոլիդացման համակարգ, որ թույլ է տալիս քաղաքացուն հետևել, թե հանրային ծառայության որ օղակներն են լիազոր և պատասխանատու իր որևէ կոնկրետ խնդրի լուծման համար:
- Շրջիկ ձեռներեցներ – Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետարանի նախաձեռնությունն է, որի շրջանակներում քաղաքապետարանը ներգրավում է ձեռներեցների, որպեսզի վերջիններս օգնեն գտնել արագ, արդյունավետ և պրակտիկ լուծումներ քաղաքի հանրային կյանքի բարելավման համար: