Սոցիալական նորարարության ճամբար առողջապահության թեմայով

 

Կոլբա լաբը հայտարարում է ձեր՝ օգտատերերի, նորարար գաղափարների մրցույթ: Մեր ինկուբատորն այն պլատֆորմն է, որտեղ կարող եք փորձարկել ձեր գաղափարը, ստուգել` ինչն է աշխատում և ինչը շտկելու կարիք ունի: Գաղափարն առաջարկում եք դուք, Կոլբա լաբն օգնում է դրա հղկման ու մշակման գործում:

Գաղափարները կարող եք ներկայացնել այստեղ: Եթե չունեք նորարար գաղափար, բայց պատրաստ եք ձեր մասնագիտական օգնությունը առաջարկել ճամբարի ընթացքում, կարող եք գրանցվել այստեղ:

Մրցույթին դիմելու վերջնաժամկետը հունիսի 15-ն է:

Որքանո՞վ է առողջապահությունը կարևոր ձեզ համար: Հաջողակների շարքում եք, եթե հազվադեպ եք առնչվում այս ոլորտին: Այնուամենայնիվ, յուրաքանչյուրս կյանքի որոշակի փուլում ստիպված ենք դիմել առողջապահական ծառայություններին՝ լինի դա կոտրվածք, վատառողջ բարեկամներ, ատամնացավ, թերի ախտորոշված հիվանդություն կամ պարզապես ամանօրյա առատ սննդակարգից առողջ ապրելակերպի անցնելու ցանկություն: Առողջապահությանն առնչվող հարցերը բարեկեցիկ և առողջ կյանք ունենալու անբաժան մաս են կազմում:

Կարճ ասած, առողջապահական համակարգը մեր անվտանգության գրավականն է: Երբ համակարգը կատարյալ է ու ճիշտ է գործում, այն թույլ է տալիս նվազեցնել բոլորիս անհանգստություններն ու խնդիրները: Հակառակ դեպքում, այն խլում է մեզնից ռեսուրսներ, և առողջապահությունը հասանելի է մնում միայն հարուստ մարդկանց համար: Այդուհանդերձ, ամբողջ աշխարհում կրճատվող բյուջեների, աճող ծախսերի և բնակչության ծերացման միտումների ազդեցությունն այս ոլորտում կիրառվող լուծումներն ու առաջարկվող ծառայությունները մեծ ռիսկի են ենթարկում:

Հաշվի առնելով այս ամենը, ի հայտ են գալիս նորարար լուծումներ, որոնք փորձում են լրացնել վերոնշյալ բացերը ոլորտում և օգնել որակյալ առողջապահությունը հասանելի դարձնել բոլոր սոցիալական խմբերին:

Ինչպես է հնարավոր առողջապահական ծառայությունները դարձնել մարդակենտրոն, ինչպես է կարելի հիվանդների ու բժիշկների միջև անխափան կապ ապահովել, և բավարարել ոլորտում գոյություն ունեցող/առկա կարիքներն առաջարկվող ծառայություններով: Արդյո՞ք հնարավոր է տեխնոլոգիական լուծում մշակել, օգտագործելով տվյալների մեծ բազաների (Big Data) կամ Իրերի ներցանցի (Internet of Things)գաղափարների կողմից առաջարկվող հնարավորությունները: Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ արդյունքների կարելի է հասնել, եթե սոց. ցանցերը ծառայեցնել սոցիալական խնդիրների լուծումների մշակմանը, գիտելիքների  փոխանակման ու հաղորդակցության արդյունավետ կազմակերպմանը:

Կոլբա լաբը հայտարարում է ձեր՝ օգտատերերի, նորարար գաղափարների մրցույթ: Մեր ինկուբատորն այն պլատֆորմն է, որտեղ կարող եք փորձարկել ձեր գաղափարը, ստուգել` ինչն է աշխատում և ինչը շտկելու կարիք ունի: «Աճեցնելով» ու մշակելով ձեր գաղափարը մեր ինկուբատորում` կկարողանաք պարզել, թե որն է լուծման իրականացման լավագույն տարբերակը՝ սոցիալական ստարտափը, վեբ կայք կամ միգուցե բոլորովին նոր բան: Գաղափարն առաջարկում եք դուք, Կոլբա լաբն օգնում է դրա հղկման ու մշակման գործում:

Եթե դուք ունեք լուծում վերոնշյալ խնդիրներին և միգուցե արդեն աշխատում եք դրա մշակման վրա, մենք պատրաստ ենք ձեզ օգնել:

Ձեր գաղափարները կգնահատի մասնագիտական ժյուրին, որի քվեարկության արդյունքում լավագույն գաղափարները կմասնակցեն եռօրյա Սոցիալական նորարարության ճամբարին, որը կկայանա հուլիս ամսին: Շուտով կպատմենք նաև միջոցառման այլ մանրամասների մասին:

Ոգեշնչու՞մ եք փնտրում

Օգտվեք գաղափարի մշակման մեր գործիքից: Այն թույլ է տալիս ձեր ձևակերպած խնդիրը վերածել լուծման՝ ստանալով ստեղծագործ ու նորարար մոտեցումներ:

Որպես օրինակ կարող եք նայել առողջապահության համակարգում այլուր կիրառված մի քանի լավագույն գաղափարներ, որոնք կարող են ոգեշնչել Ձեզ:

  • MoSQuIT վեբ պլատֆորմը վերահսկման համակարգ է, որը թույլ է տալիս մոնիտորինգ անցկացնել վարակիչ հիվանդությունների (այս դեպքում մալարիայի) համաճարակների բռնկումները
  • CenteringPregnancy նախաձեռնության նպատակը մայրանալ պատրաստվող կանանց միավորելն է, որի շնորհիվ կանայք հնարավորություն ունեն աջակցել միմյանց հղիության ընթացքում, հաղորդակցվել ու իրարից համապատասխան գիտելիքներ ստանալ:
  • Tyze– ը սոցիալական ցանց է, որը միավորում է խոցելի խմբերին պատկանող անձանց ֆորմալ և ոչ ֆորմալ ցանցերում:
  • WebGP-ն օնլայն պլատֆորմ է, որի օգտատերերն օգնում են միմյանց հնարավոր հիվանդության ախտորոշման հարցում և փորձում հասկանալ, արդյո՞ք բժիշկին դիմելու կարիք կա թե ոչ: