«Խելացի քաղաք» հաքատոն

Մեր Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից է ու դարերի ընթացքում բազմաթիվ վերամարմնավորումներ է ունեցել. ժամանակին մետաքսի ճանապարհի կարևոր հանգույցներից մեկը, նորագույն ժամանակներում՝ ուտոպիստական կանաչ քաղաքի պրոյեկտ: Ինչպիսի՞ն կլինի քաղաքի հաջորդ կերպարանափոխությունը:

Ի՞նչ կլինի գրված Երևանի պատմության ժամանակագրության մեջ 100 տարի հետո: Միգուցե մեր ժամանակները նշանավորվեն որպես նոր վերափոխման ժամանակաշրջան ու ազդարարեն խելացի քաղաքի ծնունդ:

Դարձեք այս պատմության մի մասը մինչև հոկտեմբերի 13-ը:

Երբ 20-րդ դարի սկզբին ստեղծվում էր նոր Երևանի նախագիծը, Ալեքսանդր Թամանյանը ներշնչված էր պարտեզ-քաղաքների շարժմամբ: Նա երազում էր նոր տիպի քաղաքի մասին, որի փիլիսոփայության կենտրոնում կլիներ մարդու բարեկեցությունը:

Այսօրվա խնդիրներն ավելի համակարգային ու բարդ են քան Թամանյանի ժամանակներինը: Քաղաքի բնակչությունն աճել է, անհրաժեշտ է հաշվի առնել բնապահպանական ու կլիմայի փոփոխության պահանջները, մաշվող ենթակառուցվածքները, և այլն: Միևնույն ժամանակ շատ են նաև հնարավորությունները. նոր տեխնոլոգիաներ, ստեղծագործ սերունդ, ձեռներեցություն ու արագ զարգացող ՏՏ ոլորտ:

Հնարավո՞ր է արդյոք, որ մոտ ժամանակներում Երևանը վերափոխվի նոր տիպի Խելացի քաղաքի:

 

Խելացի քաղաքի մոտեցումներն արդեն լայնորեն կիրառվում են ամբողջ աշխարհումՍան Ֆրանցիսկոյից մինչև Սինգապուր, քաղաքային կառավարիչները փորձում են գտնել նոր լուծումներ՝ նոր սերնդի խնդիրների համար: Մեր ամենօրյա խնդիրները՝ սկսած կայանատեղերից մինչև քաղաքային ենթակառուցվածքների պլանավորում, այսօր ունեն գործիքների նոր արսենալ. ամպային տեխնոլոգիաներ, սենսորներ, խելացի հեռախոսներ, ավելի պրոակտիվ քաղաքացի և, որ ամենակարևորն է՝ տվյալներ: Այսօր, ավելի քանի երբևէ, քաղաքային պաշտոնյաները կարող են տիրապետել մեր կյանքի ու կենցաղի մասին գրեթե անսահմանափակ տվյալների:

Ինչպիսի՞ լուծումներ կարող է առաջարկել Հայաստանը: Մենք համագործակցում ենք Երևանի քաղաքապետարանի,ՏՀՏ գործատուների միության հետ, և ակնկալում ենք նոր լուծումներ հենց ձեզանից: Եթե կարծում եք, որ գիտեք քաղաքային ծառայությունների ավելի արդյունավետ տարբերակներ, եթե գիտեք՝ ինչպես օգտագործել ՏՏ հնարավորություններն ավելի խելացի քաղաք ունենալու համար, եթե գիտեք ինչպես կարելի է ավելի արագ արձագանքել քաղաքային խնդիրներին կամ եթե գիտեք ինչ տվյալներ կան, որ կարելի է օգտագործել ավելի արդյունավետ կառավարում իրականացնելու համար, գրանցվեք «Խելացի Քաղաք» հաքաթոնին մինչև 2017թ. հոկտեմբերի 13ը:

Ինչ է սպասվում

Կոլբա նորարարական լաբորատորիան՝ Եվրոպական միության աջակցությամբ և Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ, կազմակերպում է Խելացի քաղաքի գաղափարների մշակման երկօրյա հաքաթոն:

Մենք փնտրում ենք հնարամիտ նորարարներ ու հետաքրքիր գաղափարներ, բայց առաջնայնությունը տալու ենք հետևյալին.

  1. Տվյալների վերլուծություն.  ինչպիսի՞ լուծումներ է կարելի ստանալ վերլուծելով այն բաց տվյալների շտեմարանները, որ մենք ունենք այսօր: Հաքաթոնի ընթացքում կտրամադրվեն տվյալների մի շարք շտեմարաններ քաղաքային ծառայությունների վերաբերյալ:
  2. Տվյալների վիզուալիզացում. ինչպե՞ս կարելի է նպաստել քաղաքացիների իրազեկմանը տվյալների վիզուալ վերլուծության միջոցով: Ինչպիսի՞ նոր գործիքներ է կարելի կիրառել տվյալները պատկերելու համար:
  3. Նոր տվյալներ. տվյալների ինչպիսի՞ նոր աղբյուրներ են պետք, որպեսզի քաղաքային իշխանությունների որոշումներն ունենան վերլուծական ու պլանավորման ավելի մեծ բազա:

Հաքաթոնի ընթացքում թիմերը և անհատ մասնակիցները կարող են օգտագործել տրամադրված շտեմարանները կամ առաջարկել նոր տվյալներ հավաքելու գործիքներ: Մասնակիցները կարող են նաև աշխատել իրենց նախընտրած տվյալների շտեմարանների վրա, եթե չկան այդ շտեմարաններն օգտագործելու համար անձնական տվյալների պաշտպանության կամ այլ սահմանափակումներ:

Երբ և որտեղ

Հոկտեմբերի 21-ին, ժ. 10.00-ին Երևանի քաղաքապետարանի առաջին հարկում կմեկնարկի «Խելացի քաղաք» հաքատոնը: Մենք կտրամադրենք տարածքը, հարմարացնելով մասնակիցների ստեղծարար տրամադրությանը և ակնկալում ենք,որ Դուք կբերեք ձեր համակարգիչները, համագործակցության պատրաստակամությունը և լավ տրամադրությունը:

Օրակարգի մասին հավելյալ տեղեկությունները կհրապարակենք շատ շուտով:

Ով կարող է մասնակցել

Հաքաթոնին կարող է մասնակցել ցանկացած ոք, ով ունի տվյալների մշակման և վերլուծության, տվյալների վիզուալիզացիայի փորձ, ինչպես նաև կարող է առաջարկել նոր տվյալների աղբյուրներ: Մասնակիցները կարող են մասնակցել անհատապես կամ թիմերով: Անհրաժեշտ է լրացնել մասնակցության հայտն այստեղ: Թիմով դիմելու դեպքում, թիմի բոլոր անդամները պետք է առանձին-առանձին լրացնեն հայտը: Խնդրում ենք հայտի համախատասխան բաժնում նշել, եթե ուզում եք միանալ որևէ թիմի: Թիմի անդամների քաղակը սահմանափակում չունի: Թիմեր կարող են ձևավորվել ինչպես հաքաթոնից առաջ, այնպես էլ դրա ընթացքում:

Մրցանակներ

Հաքաթոնի ամփոփիչ փուլում յուրաքանչյուր թիմին կտրվի մինչև 5 րոպե ժամանակ՝ մշակված լուծման պրոտոտիպը ներկայացնելու համար: Թիմը պետք է ներկայացնի խնդիրը, լուծումը և ակնկալվող արդյունքը: 

Ընտրված գաղափարները կանցնեն Կոլբա լաբի ինկուբացիայի փուլ և կստանան ծրագրի իրականացման նախնական ներդրում հետևյալ համամասնությամբ.

  1. Լավագույն գաղափարը՝ մինչև 5000 ԱՄՆ դոլար ծրագրի իրականացման համար:
  2. Երկրորդ գաղափարը՝ մինչև 4000 ԱՄՆ դոլար ծրագրի իրականացման համար:
  3. Երրորդ գաղափարը՝ մինչև 3000 ԱՄՆ դոլար ծրագրի իրականացման համար