Ստարտափ մրցույթ` կրթության վերաբերյալ
21-րդ դարի պահանջները մշտապես փոփոխվում են, և աշխարհի բոլոր անկյուններում այդ պահանջներին համապատասխան որակյալ և պրոգրեսիվ կրթություն ապահովելու խնդիր կա:
Հայաստանի ապագան մեծապես կախված է այն բանից, թե արդյո՞ք մենք կկարողանանք հնացած ուսուցման ավանդույթներից անցում կատարել դեպի ժամանակակից, դինամիկ և տեխնոլոգիական լուծումներով և նոր հնարավորություններով հագեցած համակարգ:
Կոլբա լաբը փնտրում է նորարար մտքերով, ստեղծագործ մտածողությամբ, նախաձեռնող անհատներ և խմբեր, ովքեր գիտեն, թե ինչպես բարելավել գոյություն ունեցող կրթական պրոցեսներն ու մեխանիզմները: Հետաքրքրե՞ց, ուրեմն դիմեք մեզ մինչև 2017թ. հունիսի 19-ը, լրացնելով հայտը:
Հակառակ այն հանգամանքին, որ հայերն աշխարհին ներկայանում են որպես մոլորակի ամենախելացի ազգն ու ապահովում են համատարած գրագիտության բարձր աստիճան, կրթությունը շարունակում է մնալ երկրի առաջնային խնդիրներից մեկը: Ինչպես և ողջ աշխարհում, Հայաստանում ևս, կրթական ոլորտը դանդաղ է արձագանքում աշխատանքի շուկայի դինամիկային՝ խորացնելով գործազրկության և նոր աշխատատեղերի միջև եղած անջրպետը:
Խնդիրը
Կրթությունը ցանկացած երկրի զարգացման պայմանն է: Առանց զարգացող կրթական համակարգի հնարավոր չի լինի ստեղծել այնպիսի աշխատուժ, որը կկարողանա մրցել միջազգային շուկայում: Նախկինում հայերը միշտ հայտնի են եղել իրենց հմտություններով և ձեռներեցությամբ, մինչդեռ մեր օրերում որոշակի գիտելիքների ու հմտությունների պակաս է զգացվում հայկական աշխատաշուկայում: Այս խնդրի լուծումը կնպաստի նաև սոցիալ-տնտեսական, քաղաքական ու բնապահպանական մի շարք խնդիրների լուծմանը:
Կրթության խնդրին անդրադառնում են աշխարհի տարբեր անկյուններում` փորձելով օգտագործել տեղեկատվական տեխնոլոգիաները, ինչպես նաև փորձելով ձևափոխել գիտելիքների մատուցման առկա ֆորմատն ու բովանդակությունը:
Արդյո՞ք կրթությունը ծառայություն է, որի համար պատրաստ ենք վճարել, թե՞ պարտադրված ծանր բեռ է (լինի դա ԲՈՒՀ-ական ուսուցում, թե առցանց կրթական ծրագիր): Ինչպե՞ս անել, որպեսզի մենք վերաբերվենք կրթությանը որպես մեզ մատուցվող ծառայության և, լինելով պահանջատեր հաճախորդ, հետամուտ լինենք դրա որակի բարձրացմանը: Արդյո՞ք հնարավոր է սովորելու և կրթելու այնպիսի մշակույթ ստեղծել, որը կլինի մարդակենտրոն և ստեղծարար:
Կրթական համակարգի որակի համար պատասխանատու է ոչ միայն պետությունը: Կրթական ծառայության օգտագործողները քաղաքացիներն են, և նրանց ձայնը պակաս կարևոր չէ այս հարցում:
Ահա մեր արձանագրած խնդիրների համառոտ և ոչ սպառիչ ցուցակը՝
- Դարձնել կրթությունը ներառական, հասանելի և մատչելի: Ինչպե՞ս է կարելի կրթական հնարավորությունների հավասար բաշխում ապահովել՝ լինի դա գյուղական համայնքում ապրող մարդկանց կամ ֆիզիկական տեղաշարժման խնդիրներ ունեցող երիտասարդների համար:
- Կրթություն աշխատավայրում: Համաշխարհային տնտեսական ֆորումի տվյալների համաձայն, կադրերի վերպատրաստման և ուսուցման հարցում Հայաստանը զբաղեցնում է 138-ից 109-րդ տեղը: Ինչպե՞ս է հնարավոր Հայաստանում աշխատուժի վերապատրաստման և բարելավման համար բարենպաստ պայմաններ ստեղծել:
- Հայաստանում մեծ թիվ են կազմում այն երիտասարդները, ովքեր դուրս են և’ կրթական համակարգից, և’ աշխատաշուկայից: Ինչպե՞ս ներգրավել այդ երիտասարդներին ֆորմալ կամ ոչ ֆորմալ կրթական նախաձեռնություններում:
- Աշխարհում պրոգրեսիվ կրթական համակարգերը սերտ կապի մեջ են աշխատաշուկայի հետ և կարողանում են արագ արձագանքել շուկայի փոփոխվող պահանջներին: Հայաստանը 138-ից 86-րդ տեղն է գրավում ճկունության և ապագային համապասխանության հարցում: Կարո՞ղ ենք արդյոք կրթական պրոցեսները դարձնել առավել ճկուն ապագայի պահանջների նկատմամբ:
- Նեղ մասնագիտական և խորացված կրթության կարիք կա՝ հատկապես բարձրագույն ուսուցման հատվածում: Սա առավել նկատելի ու արդիական է տնտեսության այնպիսի սեգմենտներում, ինչպիսիք են օրինակ ՏՏ, ստեղծարար դիզայնը, թվային հաղորդակցությունը, ճարտարապետությունը և այլն:
- Նախադպրոցական հաստատություններն առավել կարևոր դեր են խաղում երեխաների երևակայությունը, ստեղծագործ մտածելակերպն ու սովորելու ցանկությունը խրախուսելու գործում: Հայաստանում երեխաների մոտ 50% է հաճախում նախադպրոցական հաստատություններ: Ինչպե՞ս է հնարավոր ապահովել նախադպրոցական կրթության համատարած հասանելիություն:
Այս ամենը հաշվի առնելով՝ Կոլբա լաբը, Եվրոպական միության աջակցությամբ, հայտարարում է նորարար գաղափարների մրցույթ քաղաքացիների շրջանում՝ լսելու ՁԵՐ առաջարկներն ու գաղափարները Հայաստանում կրթական ծառայությունների բարելավման ու նորարարություններ ներմուծելու վերաբերյալ: Լավագույն գաղափարների համար Կոլբա լաբը՝ Girls in Tech Armenia, BizNest ընկերության և Այ Էյ Բի Միջազգային Ակադեմիայի հետ համատեղ, կկազմակերպի Griffin Worx ընկերության կողմից մշակված Extreme Build a Business Weekend ձևաչափի միջոցառում 2017թ. hուլիսին, որի ընթացում կընտրվեն մրցույթի հաղթողները:
Ովքե՞ր կարող են դիմել
Մրցույթը բաց է անհատ քաղաքացիների, կազմակերպությունների, ակտիվ խմբերի համար՝ թե՛ Հայաստանից, թե՛ արտերկրից:
Մրցույթի թեմաները
Գաղափարները պետք է ներկայացվեն հետևյալ խնդիրների շուրջ՝
- Տվյալներ: Ինչպիսի՞տվյալներ են հավաքագրվում կրթության ոլորտում և ինչպե՞ս կարելի է տվյալների միջոցով կանխատեսել աշխատանքի շուկայի և տնտեսության մոտակա զարգացումները և պահանջարկը: Ինչպիսի՞ նոր տվյալներ կպահանջվեն ոլորտի հետագա զարգացումների դեպքում: Ինչպիսի՞ հաղորդակցային հնարավորություններ կարելի է ստեղծել կառավարության, կրթական հաստատությունների և քաղաքացիների միջև:
- Ընթացք. հնարավո՞ր է արդյոք կրթություն ստանալու ընթացքն առավել մարդակենտրոն և գրավիչ դարձնել, օգտագործել ժամանցային ու խաղաֆիկացման հնարքներ: Ինչպե՞ս նպաստել ակտիվ (ոչպասիվ) կրթության մշակույթի տարածմանը:
- Միջավայր: Ինչպե՞ս կարող է ֆիզիկական կամ վիրտուալ միջավայրը նպաստել գիտելիքի և կրթության նկատմամբ վերաբերմունքի փոփոխությանը:
Ոգեշնչու՞մ եք փնտրում
Օգտվեք գաղափարի մշակման մեր գործիքից: Այն թույլ է տալիս ձեր ձևակերպած խնդիրը վերածել լուծման՝ ստանալով ստեղծագործ ու նորարար մոտեցումներ: Որպես օրինակ կարող եք ծանոթանալ կրթության ոլորտում այլուր կիրառված մի քանի լավագույն գաղափարների, որոնք կարող են ոգեշնչել Ձեզ:
- BrightBytes – ն առաջարկում է օգտագործել արհեստական բանականությունը՝ երեխայի դպրոցից դուրս մնալու հավանականությունը հաշվարկելու համար:
- Together4Armenia նախաձեռնությունն օգնում է սփյուռքում կուտակված գիտելիքներն ու հմտությունները փոխանցել Հայաստանի համայնքներին:
- Dost Education բջջային հավելվածը նպաստում է Հնդկաստանում անգրագիտության վերացմանը:
- Kanopy-ն անվճար առցանց հարթակ է, որտեղ հասանելի է ավելի քան 26000 կրթական վավերագրական նյութերի բազա: