Լքված հանրային տարածքների վերակենդանացում

Կոլբա լաբը միացել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ՄԱԿ-ի Կամավորների համատեղ «FutureMakers» նախաձեռնությանը, որն իրականացվում է Հայաստանում, Վրաստանում և Եգիպտոսում:
Այս ծրագրի միջոցով մենք փորձում ենք մոդելավորել փորձարարական հանրային տարածքի մի ձևաչափ, որը կհամախմբի երիտասարդներին ու քաղաքականություն մշակողներին` քաղ.հասարակության և որոշում ընդունողների, հանրային և մասնավոր ոլորտներում ներգրավված մարդկանց համար երկխոսության հարթակի ստեղծման միջոցով:
Հանրային տարածքները իդեալական կատալիզատորներ են հանրային ներգրավվածության և համայնքի զարգացման համար, քանի որ դրանք պատկանում են բոլորին և ստեղծում են հանրային ծառայություններ, որոնք մատչելի են բոլորի համար:

Ճարտարապետների, սոցիալական ակտիվիստների, դիզայներների և Երևանի բնակիչների հետ անհատական հանդիպումների ու քննարկումների արդյունքում, Մ. Մաշտոց – Գր. Լուսավորիչ խաչմերուկի գետնանցումն ընտրվեց որպես ծրագրի մեկնարկային տարածք:

Ծրագրի շրջանակում աշխատանքներ կտարվեն ստորգետնյա տարածքը բարեկարգելու և այն բոլորի համար հասանելի և մատչելի դարձնելու ուղղությամբ՝ տարբեր միջոցառումների և ձևաչափերի, ստեղծարար և շահագրգիռ սոցիալական խմբերի ներգրավման միջոցով, ինչպես նաև ստեղծելով հարթակ «տարածքի բնակիչների» համար, ովքեր կհամախմբվեն համատեղ նախագծերի մշակման և իրականացման համար:
Հաշվի առնելով այն գաղափարը, որը հանրային տարածքը կարող է լինել ոչ միայն ֆիզիկական, այլև վիրտուալ, հայ դիզայներների մի խումբ պաստառներ է մշակել ստորգետնյա անցումի վերաբերյալ, որոնք լավ որակով հասանելի են մեր կայքում:

Ծրագրի հեռանկարային զարգացումը ենթադրում է Երևանի այլ լքված հանրային տարածքների վերակենդանացումն ու հանրային հետաքրքրության գրավումը, որը կօգնի առկա խնդիրների մարդակենտրոն և ստեղծարար լուծումներ մշակել: