ՄԱԿ-ի COVID-19 արձագանքման և վերականգնման հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Կանանց տնտեսական հզորացման արագացում՝ նպաստելով Հայաստանում ՔՈՎԻԴ-19 հետևանքների վերականգման ջանքերին» համատեղ ծրագրի շրջանակում Կոլբա լաբը կազմակերպում է հմտությունների զարգացման ինտենսիվ դասընթաց հագուստի արտադրության ոլորտում։
Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի հետ համագործակցությամբ իրականացվող այս ծրագրի շրջանակում, դեկտեմբեր-հունվար ամիսների ընթացքում Գյումրիում կանցկացվեն 7 շաբաթ տևողությամբ կարի դասընթացներ, որոնք կվարեն հրավիրված ոլորտային մասնագետներն ու տեղի գործատուները:
Դասընթացի ընթացքում մասնակիցները կսովորեն`
– կարի արտադրության բոլոր փուլերը` ձևացքից մինչև փաթեթավորում
– կարի մեքենաների տեսակները և դրանց շահագործումը
– կարի արտադրանքի տեխնոլոգիայի հիմունքները
– գործվածքների և տրիկոտաժե իրերի արտադրության առանձնահատկությունները
Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան`
– ձևել հումքից իրեր և խմբավորել ձևածքը
– կարել տարբեր տեսակի կարի մեքենաներով` տարբեր արտադրանք
– ստուգել պատրաստի իրերի որակը
– խոտանավորել և վերացնել թերությունները
– վերջնամշակել, արդուկել և փաթեթավորել պատրաստի արտադրանքը
Լավագույն շրջանավարտներին կտրվի պրակտիկայի կամ աշխատանքի հնարավորություն՝ դասավանդող մասնագետների և/կամ տեղի գործատուների կողմից։
Դասընթացին կարող է մասնակցել առավելագույնը 30 մասնակից, ընտրությունը կիրականացվի մրցութային կարգով։ Դասերը կանցկացվեն Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջում, դեկտեմբեր-հունվար ամիսներին, շաբաթական 2 անգամ։
Եթե հետաքրքրված եք, խնդրում ենք լրացնել հետևյալ ձևաթուղթը մինչև նոյեմբերի 26-ը։ Հարցերի դեպքում կարող եք գրել մեր էջին։