Որո՞նք են այն նորարար ու հետաքրքիր փոփոխությունները, որոնք տեղի են ունենում Հայաստանի հանրային կառավարման ոլորտում: Կոլբա լաբը հրավիրում է բոլոր հետաքրքրված մարդկանց մասնակցելու արդեն ավանդական դարձած կառավարման նորարարության շաբաթվա միջոցառումներին:

Կառավարման նորարարության շաբաթը միջոցառումների ու քննարկումների շարք է, որի միջոցով մասնակիցները ուսումնասիրում են պետական կառավարման համակարգն ու կիրառվող նորարարական մեթոդները, քննարկում, թե ինչպես տեխնոլոգիաները կարող են օգնել ավելի լավ քաղաքականության մշակմանը և ինչպես է հնարավոր ապահովել քաղաքացիների և կառավարության առավել արդյունավետ համատեղ աշխատանքը:

Կոլբա նորարարական լաբորատորիան հրավիրում է ձեզ մասնակցելու հայկական երկրորդ «Հանրային կառավարման նորարարության շաբաթին», որը տեղի կունենա 2017թ. հունվարի 19-27-ը: Շաբաթը կազմակերպվում է «Նորարար առաջընթաց» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, և իրականացվելու է ՄԱԶԾ/Կոլբա նորարարական լաբորատորիայի կողմից 2015-2018 թթ.: Շաբաթվա ընթացքում հանդիպելու և հետաքրքիր թեմաներ քննարկելու մի քանի հնարավորություն կունենանք.

Հունվարի 19-22
Կրեատիվ խաղ

Շաբաթը կմեկնարկի կառավարման նորարարության մոդելների մշակմանը նվիրված քառօրյա փորձագիտական քննարկումով: Քննարկման ձևաչափը հայտնի է կրեատիվ խաղ անվամբ, որը ենթադրում է ինտենսիվ մտագործունեություն և աբստրակտ մտածելու ընդունակություն: Համաձայն խաղի մեթոդաբանությանը, մասնակիցներն աշխատում են թեմատիկ խմբերում՝ դիտարկելու համար կառավարման նորարարությունը քաղաքացու, հասարակության, պետական ծառայողի, կառավարման և մշակույթի տեսանկյուններից: ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, ոլորտի տեղական և միջազգային փորձագետների, ինչպես նաև դիզայներների, ճարտարապետների, հոգեբանների և այլ ոլորտների մասնագետների հետ միասին կաշխատեն միասին չորս օրերի ընթացքում ՝ առաջարկելով նորարար լուծումներ և մոդելներ կառավարման առկա խնդիրներին:

Հունվարի 23
Պեչա-Կուչա հանրային կառավարման ապագա մոդելների մասին

Պետական կառավարման ընթացակարգերը և համակարգի գործառույթները շատ հաճախ ոչ բոլորի համար են մատչելի և հասկանալի: Մեր օրերում տեխնոլոգիաները և համացանցը պետական կառավարման նորարարության և մատչելիության անսահմանափակ հնարավորություններ են ստեղծում՝ դարձնելով գրեթե բոլոր ընթացակարգերը թափանցիկ և հանրային: Շատ հնարավոր է, որ բոլոր այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում նոր տեխնոլոգիաների կիրառմամբ բիզնես ոլորտում, կրկնվեն նաև պետական հատվածում: Ինչպես օրինակ, այժմ ծառայության կամ ապրանքի արժեքի ստեղծմանը մասնակցում են նաև բաց տվյալների կիրառմամբ վերլուծական գործիքներ: Ինչպե՞ս պետք է արձագանքեն այս փոփոխություններին պետական հատվածի ներկայացուցիչները: Պատասխանը միգուցե կարելի է գտնել այլ ոլորտներում հաջողված դեպքերի և պատմությունների մեջ:

Հրավիրում ենք ձեզ փնտրելու բազմաթիվ հարցերի պատասախանները և նորարար մոտեցումների ոգեշնչումը  «Պեչա Կուչայի» խոսնակների հետ միասին, հունվարի 23-ին, ժամը 20:20 Ակումբում : «Պեչա-կուչան» զրույցների միջազգային ճանաչված շարք է, որը ոչ ֆորմալ շփման և գաղափարների փոխանակման ստեղծագործ ձևաչափ է: Ելույթները կլինեն անգլերեն: Միջոցառմանը կարող եք գրանցվել հետևյալ հղումով: