Ինչպես բեյսբոլում խաղի արդյունքը կախված է ձեռքի, արմունկի ու ոտքի դիրքից, հարվածի արագությունից ու հետագծից ու նույնիսկ թե ով է Ձեր առջև կանգնած, այնպես էլ բիզնես աշխարհում ՝ Ձեր գաղափարը ներկայացնելիս ցանկացած մանրուք կարող է պայմանավորել Ձեր ստարտափի ապագան:
Հնարավոր ներդրողներին գաղափարի համոզիչ ներկայացում անելու համար միգուցե տարիների փորձ պահանջվի: Որպեսզի կարողանաք ցույց տալ թե ինչ եք առաջարկում և ինչու եք դուք առանձնահատուկ, պետք է վարպետորեն տիրապետեք ներդրողներին Ձեր գաղափարը ներկայացնելու հնարքներին: Եթե չգիտեք ինչից սկսել, հոգ չէ, Կոլբա լաբը պատրաստ է Ձեզ օգնել:
Օգոստոսի 17-ին Կոլբա նորարարական լաբը անցկացրեց «Վաճառվող գաղափարի գաղտնիքները» աշխատարանը: Հյուրընկալել էինք NexusLab Inc-ի համահիմնադիր և Մարգարյան իրավաբանական ընկերության տնօրեն Արմեն Մարգարյանին և ծրագրավորման ավելի քան 15 տարվա փորձ ունեցող ինժեներ Ռուբեն Մեսչյանին, ովքեր պատմեցին լավ ներկայանալու իրենց գաղտնիքներով ու հնարքներով: Բոլոր նրանց համար, ովքեր բաց են թողել աշխատարանը, ահա կարևոր խորհուրդների ցանկը.
- Pitch deck – Ալեխանդրո Կրեմադեսն իր «Ստարտափների դրամահավաքի արվեստը» գրքում նշում է, եթե ցանկանում եք, որ Ձեզ լուրջ վերաբերվեն ու ֆինանսավորեն, պետք է ունենաք այսպես կոչված «ներկայացման տախտակը»: Ձեր ելույթին հավելյալ արժեք հաղորդելու համար, կարող եք պատրաստել վիզուալ տեղեկություններով ու ինֆոգրաֆիկայով 19-20 սլայդ:
- Ելույթի տևողությունը- Պատրաստեք 3-3,5 րոպե տևողությամբ ներկայացում, որը կպատմի Ձեր մասին, կընդգծի խնդիրը, որը փրձում եք լուծել և կառաջարկի լուծում, որն ի վիճակի կլինեք իրականացնել ելնելով Ձեր ունակություններից:
- Ելույթը նախապատրաստելիս անպայման պատասխանեք հետևյալ չորս հարցերին. ո՞վ եք Դուք, ո՞րն է Ձեր արտադրանքը կամ ծառայությունը, ո
՞ւմ համար է այն նախատեսված (Ձեր շուկան), որ՞ն է դրա օգուտը: Տարբերակեք ապրանքին բնորոշ հատկությունները օգուտից: Շատ հաճախ մարդիկ ելույթի ժամանակ սխալմամբ միայն նկարագրում են իրենց ապրանքը (դրա առանձնահատկությունները) և մոռանում են նշել, թե ինչու է իրենց ապրանքը շուկայի մյուս ապրանքներից ավելի լավը (օգտագործման օգուտը): Այլ կերպ ասած, չպետք է մոռանալ խոսել հավելյալ արժեքի մասին:
- Ֆինանսական աջակցություն ստանալու համար ներկայացում պատրաստելիս, հաշվի առեք այս հինգ կետերը.
– Տեղաբաշխման/մատակարարման ուղիներ
– Աճի մոդել
– Եկամտի մոդել
– Ծախսեր
– Արժեքը
Պատրաստվեք
- Մտածեք Ձեր տեսքի ցանկացած մանրուքի մասին– ձեր շարժումները, կանգնելու կամ նստելու դիրքը բեմի վրա: Խոսեք պարզ, հստակ, դանդաղ և բարձր: Մինչ ելույթը համոզվեք, որ տեխնիկական սարքավորումները պատրաստ են և նորմալ աշխատում են:
- Ճանաչեք Ձեր լսարանը – համապատասպանեցրեք և հարմարացրեք Ձեր ելույթը լսարանին, նրա լեզվին ու մշակույթին:
- Հղկեք ելույթի կառուցվածքը– իմացեք ինչպես սկսել, ինչպես լսարանին հետաքրքրված պահել ողջ ելույթի ընթացքում և ինչպես հստակ ավարտել ելույթը, որպեսզի մարդիկ չփորձեն կռահել թե արդյո՞ք ելույթն ավարտվել է թե ոչ: Որոշակի ժամանակ հատկացրեք լսարանի հարցերի համար:
- Սլայդի վրա շատ բառեր մի՛ տեղադրեք: Եթե սլայդը կարող է փոխարինել Ձեր կենդանի խոսքը, ապա ինչ-որ բան սխալ է: Չմոռանաք, որ սլայդերը պետք է ընթեռնելի լինեն:
- Մինիմալիզմն ամենուր– տեքստից հանեք բոլոր անկարևոր տեղեկությունները:
Ելույթի օրը
- Պատմություն պատմեք, որպեսզի տպավորվեք լսարանի հիշողության մեջ և ներկայացրեք այդ պատմությունը ենթատեքստում, որը կօգնի հանդիսատեսին ավելի արագ ընկալել նոր տեղեկությունը:
- Հիշեք, որ Դուք Ձեր հաճախորդը չեք: Եթե Ձեզ մի բան դուր է գալիս, չի նշանակում, որ դա պարտադիր ուրիշներին էլ դուր կգա: Փոխարենը եղեք մարդակենտրոն ու լսեք Ձեր հաճախորդներին:
- Ինչ-որ բան քարոզելու փոխարեն, զրուցեք լսարանի հետ: Գրավեք ուշադրությունը և բաց մի թողեք:
- Խոսեք միայն այն ամենի մասին ինչ գիտեք (ավելի լավ է օրինակներ պատմեք ձեր փորձից) – ուշադիր եղեք Ձեր պնդումներում և ոչինչ մի հորինեք: Վստահություն կորցնելը կարող է վնասել Ձեր անձնական, ինչպես նաև ստարտափի իմիջը:
- Եղեք ճկուն: Շուկայի պահանջներին հարմարվելով ստարտափերը հաճախ են փոփոխվում, փնտրում են իրենց ծառայությունները կամ ապրանքները բարելավելու տարբեր ուղիներ: Սա պահանջում է պատրաստ լինել փոփոխություններին:
- Սիրեք Ձեր գործը: Ժպտացեք, մի թաքրցրեք Ձեր խանդավառությունը ու էներգիան, հետաքրքրությունն այն գործի հանդեպ, որի մասին պատմում եք լսարանին, փորձեք ոգեշնչել մյուսներին:
Վերջապես, ինչպես ցանկացած այլ հմտության դեպքում, ինչքան շատ եք անում մի բան, այնքան ավելի լավ եք դրան տիրապետում: Կատարալեգործվելու համար անդադար պարապեք:
Ուզու՞մ եք ինչ-որ բան ավելացնել: Ուրախ կլինենք կարդալու Ձեր կարծիքը մեր մեկնաբանությունների դաշտում: