Ինչպես գիտեք 2020-ին Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ապագան այսօր. Կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում հանուն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման» ծրագրի շրջանակներում, ՄԱԶԾ/Կոլբա լաբը քաղաքացիական հասարակական կազմակերպությունների (ՔՀԿ) հետ համագործակցության ակնկալիքով հայտարարել էր գաղափարների մրցույթ՝ երիտասարդական նորարարական գաղափարներ ձևավորելու նպատակով։ Մրցույթը հնարավորություն տվեց հավաքագրել երիտասարդ նորարարների խմբեր, որոնք կստեղծեին և կփորձարկեին ապագային ուղղված գաղափարներ:
Ինչպես խոստացել էինք, հրապարակումների այս շարքով Ձեզ ենք ներկայացնում ծրագրի դրամաշնորհառուներից ևս մեկին՝ իր նախաձեռնությունները և ստացված արդյունքները։
«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը իրականացնում է «Ստեղծագործիր հանուն փոփոխության» ծրագիրը 2021 թվականի փետրվար ամսից։
Դրամաշնորհի նպատակն է խթանել երիտասարդների մասնակցությունն իրենց համայնքների որոշումների կայացման գործընթացին և տեղական կառավարմանը՝ այն ներկայացնելով ինտերակտիվ կրթական ու ժամանցային նյութերի միջոցով: Ծրագրի ընթացքում ստեղծված գործիքները բաց են լինելու երիտասարդության առավել լայն շրջանակի համար և ստեղծված նոր առցանց հարթակը (createtochange.am) միջոց է դառնալու երիտասարդության համար՝ բարձրացնելու իրենց հուզող թեմաներն ու խնդիրները ստեղծագործելու միջոցով, մասնավորապես՝ պատրաստելով ու հրապարակելով ամենատարբեր թեմաների շուրջ կոմիքսներ և անիմացոն տեսանյութեր:
Այսպիսով, դրամաշնորհի թիրախային խումբը երիտասարդներն էին: Ծրագրին մասնակցեցին 22 երիտասարդներ՝ 12-ը Երևանի ստեղծագործ թիմում, 10-ը՝ Գյումրու: Շուտով հասանելի կլինեն մասնակից երիտասարդների պատրաստած կոմիքսներն ու անիմացիոն տեսանյութերը, որից հետո նախատեսվում են այցեր Հայաստանի 5 մարզեր (Արագածոտն, Արմավիր, Գեղարքունիք, Լոռի և Կոտայք), որտեղ Երևանի և Գյումրու ստեղծագործ թիմերը ծրագրի ընթացքում մշակված գործիքներով և կրթաժամանցային նյութերով աշխատարաններ կվարեն 5 մարզերում բնակվող երիտասարդների համար (ընդհանուր՝ շուրջ 100 երիտասարդ): Բացի այդ, կայքը, որը պատրաստվում է ծրագրի շրջանակում, (createtochange.am) լինելու է կոմիքսներով և անիմացիոն տեսանյութերով հետաքրքվող երիտասարդների համար բաց հարթակ:
«Ստեղծագործի՛ր հանուն փոփոխության» ծրագրի երիտասարդները երկու վերապատրաստում են անցել. առաջինը՝ «Մասնակցություն և տեղական ժողովրդավարություն» թեմայով, և երկրորդը՝ «Սցենարների վերջնականացում, կերպարների կառուցում, սքեթչինգ և անիմացիա» թեմաներով: Առաջին վերապատրաստումից հետո ընտրվել են մասնակից երիտասարդներին հուզող այն թեմաները, որոնց շուրջ Երևանի և Գյումրու ստեղծագործ թիմերը պետք է մշակեն իրենց կոմիքսներն ու մեկ անիմացիա: Գյումրու ստեղծագործ թիմը պատրաստում է կոմիքսային պատմությունների շարք՝ որպես մշակութային մասնակցության օրինակ: Շարքը բաղկացած է 6 կոմիքսից, և այն կոչվում է «Խոսող արձաններ ու շենքեր»: Կոմիքսային պատմություններից 3-ը կառուցված են 3 նշանավոր անձանց շուրջ՝ դերասան Մհեր Մկրտչյանի, բանաստեղծ Հովհաննես Շիրազի և քանդակագործ Արա Սարգսյանի: Մյուս 3 պատմությունները Գյումրու 3 շինությունների շուրջ են հորինված՝ տեղացիների կողմից այսպես անվանված «Օժիտի շենքի», «Տժվժիկի շենքի» և «Բարի լույսի շենքի», որոնք որպես շինություններ ունեն պատմամշակութային նշանակություն, սակայն լքված ու վտանգված շենքեր են: Կոմիքսների այս շարքը նպատակ ունի ընդգծել Գյումրու, որպես մշակութային քաղաքի դիմագիծը, և կոմիքսների միջոցով երիտասարդության ուշադրությունը հրավիրել վտանգված շինությունների պահպանման հարցին:
Երևանի ստեղծագործ թիմում ընդգրկված երիտասարդների ընտրած թեմաները սոցիալական բնույթի են: Դրանք են մեդիագրագիտության բացակայությունը (անիմացիա), հասարակության ունեցած անառողջ վերաբերմունքը դիպլոմի գույնի նկատմամբ (կոմիքս), աշխատանքային իրավունքների ոտնահարման դեպքերը (կոմիքս), երիտասարդների իրավունքն ազատ ընտրելու իրենց հագուստի ոճը (կոմիքս): Վերոնշյալ աշխատանքների զգալի մասն արդեն վերջնականացման փուլում է:
Ըստ ծրագրի սկզբնական պլանավորման՝ նախատեսված էր ծրագրի 20 մասնակիցների (10-ը՝ Երևանի, 10-ը՝ Գյումրու) ընտրությունը կատարել դիմորդների կողմից լրացված հայտադիմումների և ուղարկված արտիստիկ աշխատանքների հիման վրա: Սակայն հաշվի առնելով, որ ստացված դիմումների մեծ մասը որակապես համապատասխանում էին հայտադիմումի մեջ նշված պահանջներին, ծրագրի իրականացման փուլում հետաքրքիր միտք առաջացավ աշխատարան կազմակերպել ծրագրին դիմած շուրջ 40 երիտասարդների համար, որը հնարավորություն կստեղծեր տարբեր հանձնարարությունների միջոցով ավելի լավ ծանոթանալ դիմորդների հետ և աշխատարանի ընթացքում ընտրել ծրագրի հիմնական 20 մասնակիցներին:
Հետաքրքիր է նկատել, որ աշխատարանի արդյունքում ընտրված մասնակիցներն ավելի բարձր պատասխանատվությամբ են մոտենում ծրագրին, քան այն դեպքերում, երբ ընտրությունը կատարվում է երիտասարդների համար արդեն սովորական դարձած հայտադիմումների կամ հարցազրույցների ձևաչափով: Հաճախ երիտասարդական ծրագրերում ամիսների ընթացքում երիտասարդների մասնակցությունը և հետաքրքրությունը նվազում է, և լինում են դեպքեր, երբ մասնակիցներից մի քանիսը ծրագրի ընթացքից դուրս են գալիս: Ուրախ ենք նկատել, որ ծրագրի ավարտին մոտ, ընտրված 20 մասնակիցներից յուրաքանչյուրը շարունակում է իր ստեղծագործ աշխատանքը ներդնել ծրագրում:
Երկու երիտասարդներ, ովքեր մասնակցել են 2020 թ. 44-օրյա պատերազմին և ունեն արտիստիկ հմտություններ, սեպտեմբեր ամսից բացառության կարգով ևս միացել են ծրագրին: Որպես մարտահրավերային իրավիճակ ծրագրում կարելի է առանձնացնել երիտասարդներին հուզող թեմաների ընտրության փուլը։ Չնայած, որ ծրագրի ավարտին նախատեսված էր ունենալ 2-4 կրթաժամանցային նյութ՝ կոմիքս կամ անիմացիոն տեսանյութ, երիտասարդներին հուզող թեմաների շրջանակը սպասվածից շատ ավելի լայնացավ՝ հաշվի առնելով մասնակից երիտասարդների ստեղծագործ ներուժը: Ներկա պահին ծրագրի շրջանակում աշխատում են 2 անիմացիայի և 11 կոմիքսային պատմության վրա։
Որպես ծրագրի վերջնարդյունք պատրատվում է 1 անիմացիոն տեսանյութ՝ մշակված փորձագետների կողմից «Երիտասարդների մասնակցության մեխանիզմները» թեմայով: Անիմացիոն տեսանյութն ինտերակտիվ է, որտեղ դիտողն ինքն է ընտրում ինչպես շարունակվի պատմությունը և տեսնում, թե ինչպես է համայնքի կյանքը զարգանում՝ կախված իր ընտրությունից: Գործող անձիք երիտասարդներն են։ Անիմացիան նպատակ ունի իրազեկել և օրինակներով ցույց տալ երիտասարդներին, թե մասնակցության ինչ մեխանիզմներ իրենք ունեն: Կայքը (createtochange.am), որտեղ տեղադրված են լինելու աշխատանքները, մեծ մասամբ պատրաստ է։ Նաև Պլանավորվում են այցեր վերոնշյալ 5 մարզեր, ուր կներկայացվեն ստեղծված գործիքները։