Հետաքրքիր գաղափար ունենալու հետ մեկտեղ, կարևոր է հասկանալ թե ինչպես է կարելի դրա իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ գտնել:
Ֆինանսավորման աղբյուրները կարող են տարբեր լինել. դրամաշնորհներ, բանկային վարկեր, մեծ ընկերության հետ համագործակցում և այլն: Սակայն ձեր նախագիծը ֆինանսավորման այլընտրանքային տարբերակ կարող է լինել քրաուդֆանդինգը, որն ողջ աշխարհում լայն տարածում է գտնում վերջին տարիներին: Հայաստանը ևս ետ չի մնում փոփոխությունների այս ռիթմից և որոշակի զարգացումներ է գրանցել այս ոլորտում:
Ayo!-ն հայկական քրաուդֆանդինգի հարթակ է, որի նպատակն է խրախուսել հայերին Հայաստանի համար ստեղծել եզակի կայուն զարգացման ծրագրեր: Եթե ցանկանում եք հաջող քրաուդֆանդինգի արշավ ունենալ, ստորև կարող եք գտնել Ayo!-ի կողմից պատրաստված մի քանի խորհուրդներ:
- Պլանավորեք, պլանավորեք, պլանավորեք
Բոլորս էլ գիտենք, եթե ուզում եք, որ ձեր նախագիծը հաջողվի, պետք է դրա ամեն քայլը նախօրոք պլանավորել: Նախօրոք պլանավորելը հնարավորություն է տալիս ձեր նախագծին իր բնականոն հունով ընթանալ և կանխատեսել բոլոր հնարավոր փոփոխությունները, որոնք կարող են առաջանալ նախագծի իրականացման ու զարգացման փուլերում: Եթե այն ամբողջովին պլանավորել եք, շատ հավանական է, որ ավելի լավ կկարողանաք հաղթահարել քրաուդֆանդինգի ընթացքում առաջացած հնարավոր դժվարությունները:
- Եղեք իրատես
«Ի՞նչ նկատի ունեք: Ես իրատես եմ, իմ գաղափարն է ստեղծել նոր տիպի տիեզերանավ, որը մեզ կտեղափոխի Մարս և հետ կբերի դեպի Երկիր մեկ օրվա ընթացքում»: Ճիշտն ասած, սա բավականին անիրատեսական է, այդպես չե՞ք կարծում: Հավանաբար լսել եք կարտոֆիլի աղցանի մասին պատմությունը, բայց պետք չէ ակնկալել, որ ցանկացած պարզունակ նախագիծ կարող է հեշտորեն ֆինանսավորում ստանալ:
- – Հետազոտությու՞ն: Իրո՞ք: – Անպայմա՜ն:
Շատերն իրենց նախագիծը մեկնարկելիս այնքան համոզված են, որ գիտեն ամեն ինչ, որ հաճախ մոռանում են մի կարևոր քայլի մասին, որը հաջողության գրավականն է՝ հետազոտությունը: Ցանկացած գաղափարի համար դրամահավաք կազմակերպելուց առաջ, պետք է ապացույցներ ունենաք, ստուգված փաստարկներ և կատարած լինեք ոլորտի ուսումնասիրությունը: Առանց դրա իհարկե կարող եք հասնել ձեր նախատեսած վերջնակետին, սակայն այն հաջողված չի լինի:
- Հավատացեք ձեր արած գործին և համոզվեք, որ մյուսները նույնպես հավատում են:
Եթե ձեզ հրավիրել են օգնելու որևիցե գաղափարի համար քրաուդֆանդինգի արշավ իրականացնել, շատ հավանական է, որ դուք լիովին չհավանեք գաղափարը: Այնուամենայնիվ, կարևոր է փորձել հասկանալ, թե ինչու է այն լավը և ինչ լավ բան է բերում այն այս աշխարհ: Պետք է 100%-ով մասնակից լինեք նախագծի զարգացման մեջ և ունենաք թիմի ոգին, որպեսզի կարողանաք այն առաջ տանել և շահագրգռեք այլ մարդկանց նույնպես աջակցել ձեզ:
- Եղեք ազնիվ ու անկեղծ
Մանրամասն ներկայացրեք բյուջեն, բացատրելով ֆինանսավորման կարիք ունեցող յուրաքանչյուր բաղադրիչ և դրա նշանակությունը ձեր նախագծի համար: Ոչ ոք չի սիրում, երբ իրեն հիմարի տեղ են դնում: Ավելի լավ է միանգամից ասեք ինչի կարիք եք ունենալու, մի թաքցրեք կարևոր փաստեր, որոնք վաղ թե ուշ ի հայտ են գալու ծրագրի իրականացման ընթացքում: Մյուս կարևոր պահանջն է լինել թափանցիկ և ցույց տալ արդյունքներ: Մի վերցրեք գումարն ու հեռացեք: Անպայման պատմեք վերջնական արդյունքների մասին ձեր սիրելի բարերարներին: Ի վերջո, հենց նրանց շնորհիվ է, որ ձեր գաղափարը կյանքի է կոչվել:
- Ձևավորեք ամենալավ թիմը
Թիմի յուրաքանչյուր անդամ պետք է իր առջև ունենա հաջողությանը հասնելու նույն նպատակը: Երբեք մի կարծեք, որ թիմի կարիք չեք ունենա: Հնարավոր է, որը ծրագրի մեկնարկի պահին ձեզ աշխատանքի ծավալը փոքր թվա, սակայն բուն գործին անցնելու պահին աշխատանքի չափաբաժինը գնալով կավելանա, և, եթե ունեք թիմ, որտեղ յուրաքանչյուրն ունի հստակ մասնագիտացում ու գիտելիք, ապա դուք հաջողակ եք:
- Հաղորդակցվեք
Քրաուդֆանդինգի արշավի մեկնարկը ենթադրում է նաև, որ դուք շատ հաճախ եք շփվելու մարդկանց հետ: Հաղորդակցման տարբեր եղանակներ են լինելու՝ էլ. նամակներից ու սոց.մեդիայի ցանցերից մինչև ընկերների ու ընտանիքի անդամների հետ զրույցներ: Հիշու՞մ եք, ազնիվ լինելու պահանջը: Եղեք նաև շփվող, քանի որ դա այն է ինչ մարդիկ սիրում են. նրանք սիրում են լինել տեղեկացված, նկատված ու գնահատված: Պետք է ձեր ծրագրի ներդրողներից յուրաքանչյուրին անհատապես շնորհակալություն հայտնեք, որովհետև նրանք հավատացել են ձեր գաղափարին և ցանկանում են, որ դուք հաջողության հասնեք:
- Պատկերավոր պատմեք ծրագրի մասին
Քանի որ երկար տեքստեր կարդալը ձանձրալի է դարձել, լուսանկարները, կարճ տեսանյութերը և գրաֆիկական պատկերները ավելի ու ավելի լայն տարածում են գտնում: Հաշվի առեք սա ձեր արշավը կազմակերպելոց: Դուք դժվար աշխատանք եք արել, գրավելով մեծ լսարան և շատ կարևոր է այնպես անել, որ մարդիկ հետաքրքրված մնան ձեր գաղափարով: Սրա համար պետք է պատկերավոր պատմելու հնարքն օգտագործեք, պատրաստելով ինֆոգրաֆիկաներ, կարճ տեսանյութեր ու ֆոտոներ, որպեսզի կարողանաք գրավիչ ներկայացնել ձեր պատմությունները, փաստերն ու ծրագրի արդյունքները: Հիշեք, որ այսպիսի հաղորդակցվելու մոտեցումը օգտատերերի պահանջն է, և պետք է փորձեք հարմարվել նրանց կարիքներին:
Ի վերջո, եղեք շնորհակալ: Չեք հավատա, թե ինչպիսի հատուցող զգացում է ավարտի հասցնել նախագիծ, որն ունի հազարավոր շահառուներ և որին ի սկզբանե հավատացել ու աջակցել են ևս հազարը: