Մեկուսացման շրջանում առավել մեծ կարևորություն է ստանում սոցիալապես և տնտեսապես ակտիվ և ուժեղ լինելը: Ուշադրության կենտրոնում պահելով նորարար և այլընտրանքային զբաղվածության հնարավորությունները, Կոլբա լաբը մեկնարկում է նոր նախաձեռնություն՝ Կոլբա Ջոբս:
Կոլբա Ջոբսը նոր հնարավորություններ բացահայտող հարթակ է բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են հեռավար աշխատանքով՝ սկսնակներից մինչև հեռավար աշխատանք առաջարկող գործատուներ: Նախաձեռնության նպատակն է սովորեցնել, տարածել և խթանել հեռավար/ ֆրիլանս աշխատանքի հնարավորությունները Հայաստանում: Հեռավար աշխատատեղերի շրջանակը շատ լայն է՝ դիզայնից և հոգեբանական խորհրդատվությունից մինչև երաժշտության արտադրություն և կրթություն: Կոլբա Ջոբսը կտեղեկացնի նման աշխատատեղեր առաջարկող տարբեր հարթակների մասին, կբացատրի ինչպես օգտագործել այդ հարթակները և կներկայացնի հայաստանաբնակ ֆրիլանսերների հաջողության պատմություններ, ինչպես նաև կտրամադրի առցանց խորհրդատվություն և աջակցություն:
Նախաձեռնությունն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Կոլբա լաբի «Ապագայի հմտություններ և աշխատատեղեր մարզաբնակ երիտասարդների համար» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից և իրականացվում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ։