Արդեն ամիսներ է, ինչ մեր աչքերը չեն հանդիպել, մեր ճանապարհները չեն խաչվել: Լարված մթնոլորտում, պատահաբար կամ դիտավորյալ սուրճս չեմ թափել քեզ վրա: Պառկած վերհիշում եմ այս հին լավ օրերը: Ես կարոտում եմ քեզ, իմ աշխատասենյակ:

COVID-19-ը փոխեց մեր առօրյան: Մենք այլևս մարզասրահ չենք հաճախում, չենք ճաշում ընկերների հետ, այլևս դպրոցներ և այլ վայրեր չենք գնում, այլևս չենք աշխատում: Դե, իր ավանդական իմաստով: Մեր գործելաոճը վերափոխվել է մեկ այլ մակարդակի՝ հեռավար, ինչը նշանակում է, որ մենք կարող ենք աշխատել տնից կամ ցանկացած այլ վայրից, որտեղ կա ինտերնետի հասանելիություն:

Ընկերս՝ Թամարան, կորոնավիրուսից առաջ գինու խորհրդատու էր, այժմ նա գինու հետ կապված միջոցառումների վիրտուալ մենեջեր է: Նա գինու առցանց համտեսներ է կազմակերպում գինեսեր անհատների և մեծ ընկերությունների համար:

Ընկերներիցս մեկ ուրիշը՝ Աստղը, յոգայի մարզիչ է, ով նախկինում իր սեփական ստուդիայում յոգա էր դասավանդում։ Երբ սկսվեց համաճարակը, նրա ստուդիան փակվեց, նա դարձավ առցանց յոգայի մարզիչ և առողջ ապրելակերպի խորհրդատու:

Զավեշտալին այն է, որ իմ դեպքում, տեղի ունեցավ հակառակը.  ես նախկինում՝ մինչ համաճարակը, երբեք չեմ աշխատել (խոսքը գրասենյակային, ավանդական աշխատանքի մասին է), այնուհետև ստացա հիանալի հեռավար աշխատանքի առաջարկ և մեծ եռանդով սկսեցի այն: Այժմ ես սոցիալական մարքեթինգի պատասխանատուն եմ (SMM) Kolba Jobs  հարթակի համար: Հարթակի նպատակն է միավորել տեղական ֆրիլանս մասնագետներին, աշխատանք փնտրողներին եւ հեռավար աշխատանք առաջարկող ընկերություններին: Կոլբա Ջոբսի միջոցով հեռավար աշխատանք փնտրողը կարող է անցնել դասընթացներ, համալրել իր հմտությունները, ծանոթանալ միջազգային աշխատաշուկայում կատարվող իրադարձություններին, կապվել հեռավար աշխատանք առաջարկող ընկերության հետ և հակառակը: Kolba Jobs-ը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Կոլբա լաբի նախաձեռնությունն է, որը ստեղծվել է համաճարակի ընթացքում «Ապագայի հմտություններ եւ աշխատատեղեր՝ մարզաբնակ երիտասարդների համար» ծրագրի շրջանակում։ Այն սկսվել է՝ որպես ֆեյսբուքյան էջ, ֆրիլանսերների համար մի քանի հիանալի միջոցառումմներով, շուտով կունենա նաեւ կայք: Աշխատանքային հնարավորություններից բացի, Կոլբա Ջոբսը տրամադրելու է տարբեր միջազգային դասընթացներ, դրանց թարգմանված տարբերակները։ Իսկ դե թեմաները լինելու են տարբեր՝ տեղեկատվական տեխնոլոգիաներից մինչև բիզնեսի կառավարում և բովանդակության ստեղծում: Կայքում կգործի նաեւ բլոգ՝ օգտակար հոդվածներով, հեռավար աշխատանքների վերաբերյալ վերջին նորություններով և հատուկ հմտարան՝ հմտությունների բարելավման եւ նոր հմտությունների ձեռքբերման համար:

Խոսելով Կոլբա Ջոբսի սոցիալական արշավներից, չեմ կարող չնշել Կոլբա Հմտարանը՝ անվճար վեբինարների շարքը: Վեբինարներն անցկացվում են առցանց ամեն շաբաթ, տարբեր մասնագիտական թեմաների շուրջ՝ հրավիրված բանախոսի և այդ ոլորտում մարդկային ռեսուրսների մասնագետի մասնակցությամբ: Առաջին վեբինարի թեման՝ թվային արտիստներն էին, որի ընթացքում ոլորտի լավագույն մասնագետներից մեկը խոսեց թվային արտիստի մասնագիտության արդիականության, մարտահրավերների մասին՝ պատասխանելով բոլոր հետաքրքրող հարցերին:

Zhanna with his son working from home

Ժաննան տղայի հետ տանից աշխատելիս

Ներկայումս մենք վարում ենք նաև մեկ այլ սոց. արշավ, որը կոչվում է #MyHomeOffice: Սա լուսանկարների մրցույթ է՝ մրցանակային տեղով: Մենք հավաքում ենք տնային պայմաններում գրասենյակների լուսանկարներ տարբեր ֆրիլանսերներից և հեռավար աշխատողներից: Հաղթող նկարի հեղինակը որպես մրցանակ ստանալու է նախընտրած ոլորտում մեկ վճարովի առցանց դասընթացի հնարավորություն: Ուրախ ենք, երբ տեսնում ենք, թե որքան ոգեւորվությամբ են մարդիկ ուղարկում իրենց տնային գրասենյակների լուսանկարները, որոնց մեջ կան բազմազան զավեշտալի պատկերներ:

Իսկ իմ ամենասիրելի արշավը Freelancer’s Campaign-ն է, քանի որ այս արշավի համար ես անում եմ այն, ինչ ինձ ամենից շատն է սիրելի: Գտնում եմ հաջողված տեղական ֆրիլանս մասնագետների և նրանց հետ առցանց հարցազրույց եմ անցկացնում, այնուհետև, հավաքում եւ ներկայացնում եմ տարբեր խորհուրդների և հնարքների ցանկ՝ մեր հետևորդների և ապագա ֆրիլանս մասնագետների համար:

Մենք ամեն շաբաթ ներկայացնում ենք մեկ ֆրիլանս մասնագետի պատմություն, եւ մեր հետևորդներից իսկապես լավ արձագանքներ ենք ստանում: Ապագայում, այս հաջողված մասնագետներն անհատապես կառաջնորդեն մեր հետևորդներին՝ ֆրիլանս աշխատանքի և մասնագիտական կողմնորոշման գործընթացում:

Այնպես որ, ես սիրում եմ իմ առաջին աշխատանքը, որը հեռավար է և նվիրված է ֆրիլանսերներին ու հեռավար աշխատանք փնտրողներին: Այստեղ՝ Կոլբայում, մենք բազմաթիվ ուսումնասիրություններ ենք կատարում՝ տարբեր երկրներում համաճարակային պայմաններում աշխատանք կազմակերպելու փորձի մասին, և ուշադրություն ենք դարձնում մարդկանց արձագանքներին նոր աշխատակարգի վերաբերյալ: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հեռակա աշխատելը շատ ավելի արդյունավետ է, քան գրասենյակում աշխատելը, դա բացատրվում է այլ աշխատողների հետ տարածքը կիսելու խնդրի, սուրճի սեղանի շուրջ զրույցներ վարելու և այլ շեղող պայմանների բացակայությամբ: Տնից աշխատելն ավելի հանգիստ է, ավելի հեշտ է կենտրոնանալ, ինչպես նաև ավելի շատ ժամանակ եք անցկացնում ընտանիքի հետ: Միաժամանակ նաև կա «ընտանիքի անդամների գործոնը»՝ լացող երեխա, միաժամանակ տարբեր աշխատանքային զանգեր նույն վայրից, ժամանակի սխալ կառավարում և այլն:

Հաշվի առնելով համաճարակը եւ բոլոր փոփոխություններն ու վերափոխումները, ես, այնուամենայնիվ, կցանկանայի փաստել, որ Երկիր մոլորակը դեռեւս պտտվում է Արեգակի շուրջ, և գիշերը Լուսինն է բարձրանում՝ հորդորելով մեզ քնել: Այլ կերպ ասած, դժվար է վերափոխվել և փոփոխել մեր ապրելակերպը որոշակի հանգամանքներից ելնելով, բայց եթե դա արվում է ընդհանուր շահի համար, ապա՝ միանշանակ արժե: Հեռավար աշխատանքը նպաստել է մեր գործելաոճին՝ մեզ զինելով մի շարք նոր հմտություններով` մանրուքների նկատմամբ ուշադրություն, ժամանակի խելամիտ կառավարում, ավելի լավ կենտրոնանալու և ունկնդրելու ունակություններ: Իսկ այս հմտությունները կմնան մեզ հետ ընդմիշտ:

Ժաննա Բարսեղյան