Երբ մեկ տարի առաջ գործարկեցինք Կոլբան, մենք դեռ առաջինն էինք ՄԱԿ-ի զարգացման ծրագրերից, որ ստեղծել էր սոցիալական ինկուբացիայի այդպիսի կառույց: Հիմա, երբ 12 ամիս է անցել ու տասնապատիկ այդքան սպիտակ մազեր են ավելացել, կարծում եմ օգտակար կլինի պատմել մեր քաղած դասերի ու կուտակած օգտակար խորհուրդների մասին:

 

1. Կենտրոնանալ խնդրի, ոչ թե արդյունքի վրա

Կոլբան ի սկզբանե ստեղծվել էր որպես սոցիալական ձեռնարկությունների ինկուբատոր: Նախաձեռնությունն իհարկե նոր խթան էր Հայաստանում ստարտափերի ոլորտի զարգացման համար, սակայն 2013-ին նախաձեռնած ծրագրերը, լինելով վառ ու հետաքրքիր, այնուամենայնիվ համակարգային փոփոխություն չէին կրում: Մենք կարծում ենք, որ հետագա ինկուբացիոն ծրագրերը պետք է ուղղել զարգացման ոլորտի ավելի կոնկրետ խնդիրների: Իսկ թե ինչ կազմակերպական ձև կստանա առաջարկված գաղափարը՝ սոցիալական ձեռնարկություն կդառնա, թե ծրագիր, պակաս էական է:

2. Կապել վիրտուալը իրականին

Կոլբայի իրականացրած վեբ ակտիվության ու մարզային հանդիպումների համատեղումը բերեց նրան, որ բավականին մեծ հետաքրքրություն առաջացավ ծրագրի նկատմամբ: Մեզ հաջողվեց գրեթե կրկնապատկել դիմողների քանակը՝ համեմատած 2012 թվականի Մարդամեջ սոցիալական նորարարության ճամբարի վիճակագրությանը: Հատկանշական է նաև, որ դիմողների շուրջ 70 տոկոսը մարզերից էին: Այնուամենայնից մեծ դժվարություններ էինք ունենում հատկապես գյուղական վայրերի երիտասարդներին ներգրավելու հարցում:  Ուրախ կլինենք լսել ձեր առաջարկներն ու դիտողություններն այս մասին:

3. Զգուշանալ բռնապետներից

Ինչպես մեր գործընկերներից մեկն է ասում՝ Ֆեյսբուքը բռնապետություն է, որ բացարձակ դուրս է քո վերահսկողությունից: Բայց ցավոք ստիպված էինք Կոլբայի համայնքը հենց ֆեյսբուքյան պլատֆորմի վրա կառուցել: Մեր նախորդ կայքը ստատիկ էր և ընդամենը թույլ էր տալիս դիմումներ ընդունել և հայտարարություններ տարածել: Հիմա արդեն մեր վեբ տիրույթը վերափոխվել է: Ուրախ կլինենք լսել ձեր կարծիքներն ու դիտողությունները նոր կայքի մասին:

4. Խրախուսել խորհրդատուներին

Խորհրդատուները միշտ գնահատման ու խրախուսանքի կարիք ունեն: Նրանց նաև պետք է տրամադրել բավարար ինֆորմացիա ձեր ակնկալիքների ու խորհրդատվության ծավալի մասին: Հետագայում մենք ավելի առանցքային տեղ ենք տրամադրելու խորհրդատուների հետ աշխատանքին: Մեր ոգեշնչումներից մեկը ստարտափ գավաթի խորհրդատուների աջակցության ծրագիրն է:

5. Մի համոզեք, այլ մոդելավորեք

Այն բանից հետո, երբ մեր ժյուրին արդեն գնահատել էր գաղափարներն ու ընտրել լավագույնները, մենք նախաձեռնել էինք մոդելավորման ու նախատիպերի ստեղծման միջոցառումների շարք:  Այստեղ էր, որ պարզ դարձավ, որ մասնակիցներն ավելի շատ կենտրոնանում էին ճառերի ու ինքնագովազդի քան բուն մոդելների ստեղծման ու փորձարկման վրա: Մենք պլանավորում ենք նոր շրջանում այլևս չանել նման միջոցառումներ ու փոխարենը անհատական մոդելավորում փորձարկել՝ յուրաքանչյուր թիմի հետ:

6. Ստեղծել տարածք

Կոլբան ակտիվ մարդկանց ակումբ է ու համայնք: Այս պահին մենք քննարկում ենք այս համայնքի հետ կապն ավելի նյութականացնելու համար ֆիզիկական (co-working) տարածք ստեղծելու միտքը, ինչը կնպաստի նաև ՄԱԿ-ի ծրագրերի ինտեգրմանը հասարակությանը:

7. Շարունակել նորանալ

Բացի ստարտափերի ինկուբացիայից, Կոլբան նաև շարունակում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներսում ծրագրերի դիզայնի վարժությունների մասայականացումը:

Հաջորդ քայլերը

Մեր հաջորդ մրցույթը տեղական ինքնակառավարման ծառայություններին է վերաբերելու: Մենք փնտրում ենք ակտիվիստներ և տեղական նորարարներ, որ կառաջարկեն նոր մոտեցումներ ու փոփոխություններ այդպիսի ծառայությունների մատուցման գործընթացի ու սկզբունքների վերաբերյալ, կնպաստեն քաղաքացու դերի բարձրացմանն ու տեղական ինքնակառավարման թափանցիկությանը: Հետևեք մեր նորություններին: