Ապրանքների ու ծառայությունների մշակման մարդակենտրոն մեթոդի մասին խոսվել է դեռեւս 2002 թ.: Վերջերս այս մեթոդի կիրառման շրջանակը դուրս է եկել բիզնես ոլորտի սահմաններից՝ գրավելով նաեւ սոցիալական ծրագրեր մշակողների հետաքրքրությունը։

Կոլբա լաբը իր ծրագրերի մշակման ընթացքում նույնպես օգտագործում է մարդակենտրոն մոտեցումը, որն ենթադրում է ծրագրերի մշակման ու պլանավորման այնպիսի ընթացք, որի յուրաքանչյուր փուլում ծառայության/ծրագրի վերջնական օգտագործողի (մարդու) կարիքներն ու ցանկություններն են գտնվում ուշադրության կենտրոնում:

Այս մոտեցումը պահանջում է, որ ծրագրի մշակողները/նախագծողները ոչ միայն կիրառեն իրենց մասնագիտական գիտելիքները, վերլուծություններ ու կանխատեսումներ անեն, այլեւ իրենց մշակած “արդյունքի” պոտենցիալ օգտագործողը լինեն: Ինչպես նաեւ ստուգեն դրա վերաբերյալ ցանկացած ենթադրություն՝ փորձարկելով այն իրական օգտագործողների հետ: Կան մի շարք գործոններ, որոնք պետք է հաշվի առնվեն այս մեթոդը կիրառելիս, դրանք  են՝

  1. պահանջված լինելը՝ ինչի կարիք ունեն մարդիկ, արդյո՞ք ձեր առաջարկած միտքը ցանկալի/պահանջված բան է առաջարկում մարդկանց,
  2.  իրագործելիությունը՝ որքանով է ձեր առաջարկը տեխնիկապես իրագործելի,
  3. կենսունակությունը՝ որքանով է ձեր առաջարկը ֆինանսապես իրագործելի։

Այս երեք գործոնները համադրելիս, հնարավոր է ստանալ այն գաղափարը, որն իրոք կբավարարի ձեր ապրանքը սպառողների կարիքներին ու ձեզ համար շահավետ կլինի։

Նման մոտեցումն անհրաժեշտ է, քանի որ ապրանք կամ ծառայություն մշակողներին հաճախ շատ դժվար է բնազդաբար /ինտուիտիվ/ հասկանալ, թե ինչի կարիք ունեն սպառողները: Հիմնական առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այս դեպքում ապրանք մշակողները փորձում են օպտիմիզացնել ու հարմարացնել ապրանքն օգտագործողների կարիքներին եւ ոչ թե ստիպեն օգտվողներին փոխել իրենց վարքը, որպեսզի արտադրանքը սպառվի: Այսպիսի մոտեցման վառ օրինակներից է 2014թ․ դեկտեմբերին ՄԱԿ Զարգացման ծրագրի շրջանակում կազմակերպված հանդիպում-քննարկումը։ Հանդիպումը կազմակերպվել էր նոր ծրագրի մեկնարկից առաջ՝ պարզելու թե որոնք են հիմնական խնդիրները, որոնց առնչվում են հաշմանդամություն ունեցող անձինք։

Քննարկմանը հրավիրված էին հաշմանդամություն ունեցող մարդիկ, ովքեր կարողացան վեր հանել այնպիսի խնդիրներ, որոնք միգուցե անտեսանելի մնային այս ոլորտում աշխատող  փորձագետների համար։ Օգտագործելով որոշակի մեթոդներ ու լինելով խնդրի իրական կրողը, հաշմանդամություն ունեցող մարդն առաջարկում է լուծում, որն ամենից հարմար ու ցանկալի կլինի իր համար։ Այսինքն օգտատերը դառնում է փորձագետ, ով կարող է խորհուրդ տալ ու ուղղորդել խնդրի լուծումը։

Այս միտքն է, որ գտնվում է Կոլբա լաբի թեմատիկ մրցույթների հիմքում, որտեղ օգտատերը դառնում է փորձագետ։ Քաղաքացին (խնդրին ամենաշատ առնչվող մարդը) ինքն է առաջարկում, թե որ խնդիրն է առաջնահերթ լուծում պահանջում, դիմում է գաղափարների ինկուբատորին, ստանում ստարտ-ափ (սկզբնական) աջակցություն առաջարկված գաղափարը փորձարկելու և իրականացնելու համար։

Մարդակենտրոն մոտեցման մասին համացանցում հասանելի են բազմաթիվ վերլուծական նյութեր, իսկ եթե ուզում եք տիրապետել այս մեթոդի ողջ գործիքակազմին ու կիրառել ձեր հետագա աշխատանքում, ապա գրանցվեք փետրվարի 9–ին մեկնարկող անվճար օնլայն դասընթացին։