Արդարադատության նախարարությունը և ՀՀ վարչապետի գրասենյակը առաջին պետական մարմիններն էին, որոնք մասնակցեցին պետական հատվածում նորարարարական գաղափարների մրցույթին:
Մրցույթն իրականացվում էր «Նորարար առաջընթաց» (#Inno4Dev) ծրագրի շրջանակներում, որը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նախաձեռնությունն է և ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:
Մրցույթի նպատակն էր օգտագործել պետական կառավարման համակարգի ներսում կուտակված գիտելիքը և փորձը՝ աշխատանքային գործընթացներն օպտիմիզացնելու, հանրային ծառայություններն առավել մասնակցային դարձնելու և քաղաքացու հետ հետադարձ կապի հեշտ և արագ գործիքների ներդրման համար: Մրցույթին մասնակցության հայտը լրացնելու համար դիմորդները ներկայացնում էին պետական համակարգում աշխատանքի ընթացքում բացահայտած խնդիրը և նկարագրում իրենց կողմից առաջարկվող նորարար լուծումը:
2016թ. հոկտեմբերին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Կոլբա նորարարական լաբորատորիան հրավիրել էր բրիտանական FutureGov գործակալության փորձագետներին՝ հանրային ոլորտում նորարարության վերաբերյալ խորհրդատվայան ծառայություններ մատուցելու նպատակով: Հայաստան այցի ընթացքում FutureGov-ի թիմը երկու օր հյուրընկալվեց Արդարադատության նախարարությունում, որտեղ բոլոր հետաքրքրված աշխատողները կարող էին ներկայացնել իրենց գաղափարները, քննարկել իրենց հետաքրքրող խնդիրները և մոդելավորել դրանց հնարավոր լուծումները: Մրցույթի պայմանները մանրամասնող և նորարար լուծումների քննարկում կայացավ նաև ՀՀ Կառավարությունում:
2017թ հունվարին կայացավ «Հանրային նորարարության մրցանակաբաշխությունը»: Արարողության ժամանակ ելույթներով հանդես եկան Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին, ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանն և ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Ընդհանուր առմամբ մրցույթին 23 գաղափար էր ներկայացվել պետական ծառայողների կողմից: Համատեղ հանձնաժողովի կողմից ՀՀ Արդարադատության նախարարությունից ընտրված լավագույն գաղափարներն էին՝
• Ծննդյան գրանցման ընթացակարգերի օպտիմիզացում
• Քաղաքացիների համար կառավարության ծառայությունների առցանց խորհրդատու
• Պետական մարմիններին հարցումներ ուղարկելու միասնական տեղեկատվական առցանց հարթակ
Հատուկ մրցանակի արժանացավ ՀՀ արդարադատության նախարարարության աշխատակից Ժենյա Հարությունյանը, ով առաջարկել էր քաղաքացիների հարցումները ՀՀ արդարադատության նախարարություն իրականացնել առցանց: Համապասխան որոշման համաձայն, առաջարկն արդեն իրականացման փուլում է:
ՀՀ կառավարության աշխատակազմի կողմից ներկայացված լուծումներից հաղթող էին ճանաչվել հետևյալ գաղափարերը՝
• ՀՀ կառավարության աշխատակազմի բիզնես պրոցեսներն օպտիմիզացնող ներքին համակարգ
• Սպառողների իրավունքների պաշտպանության բջջային հավելված
• ՀՀ կառավարության նիստերի առցանց հեռարձակում
Մրցանակաբաշխության արարողողության ընթացքում լավագույն գաղափարների հեղինակները ստացան մրցանակներ և հավաստագրեր: Լավագույն ծրագրային առաջարկները հնարավորություն կունենան անցնել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Կոլբա նորարարական լաբորատորիայի ինկուբացիոն շրջանը՝ գաղափարների մշակման և փորձարկման համար:
Կոլբա լաբի հաջորդ նորարարական գաղափարների մրցույթի ուշադրության կենտրոնում կլինի կրթության ոլորտը: Եթե ունեք առաջարկներ կամ հետաքրքիր գաղափարներ, մենք ուրախ կլինենք լսել դրանց մասին: Գրեք մեզ idea@kolba.am էլ.հասցեին, հետևեք մեր միջոցառումների ու մրցույթների մասին նորություններին ֆեյսբուքում և թվիթերում: