Կոլբա նորարարական լաբորատորիան կազմակերպել էր հանդիպում-քննարկում բաց տվյալների մասին Երեւանում: Հանդիպումը ՄԱԿ-ի համաշխարհային նորարարության «Shift» շաբաթվա մասն էր կազմում:
Միջազգային խոսնակներին Կոլբա լաբը հյուրընկալել էր օգտագործելով Գուգլի ծառայություններից Google hangouts-ները ու որպեսզի հանդիպումը հասանելի դառնար բոլոր ցանկացողներին, կազմակերպվել էր նաև ուղիղ առցանց հեռարձակում, որի տեսագրությունը հասանելի է այստեղ:
Քննարկումը մեկնարկեց Waag Society –ի հետազոտությունների ղեկավար Ֆրանկ Կրեսինի պրեզենտացիայով, ով ներկայացրեց «Smart Citizen Kit», որն իրենից ներկայացնում է շրջակա միջավայրի մոնիտորինգային հարթակ, որն օգտագործում է օգտատերերից ստացված ինֆորմացիան:
Նախագիծը հիմնված է գեոլոկացիոն համակարգի, համացանցի և համակարգչային ծրագրերի օգտագործման վրա, որոնք թույլ են տալիս հավաքագրել տվյալներ՝ հետագայում դրանք հասանելի դարձնելով լայն հանրությանը: Օգտատերերը պլատֆորմում գրանցում են օդի աղտոտվածության, աղմուկի, ջերմաստիճանի, խոնավության և այլ տվյալներ, և կարող են նայել համեմատությունների այլ քաղաքների տվյալների հետ:
Հաջորդ խոսնակը՝ Սամվել Մարտիրոսյանը, ով ներկայացնում էր բաց տվյալների օգտագործումը Հայաստանում, նշեց, որ համացանցում հասանելի բաց տվյալների բազան հիմնականում օգտագործվում է լրագրողների կողմից՝ հետաքննական նյութեր պատրաստելու ժամանակ: Մինչդեռ բաց տվյալների օգտագործումը, մոնիտորինգը և կիրառելությունը չի կրում համատարած բնույթ քաղաքացիական հասարակության շրջանակում: Ներկայացնելով բաց տվյալների բազաների բազմաթիվ հայկական հարթակներ, նա նշեց, որ այժմ Հայաստանում բաց տվյալների հասանելիութանը զուգահեռ արդիական հարց է այն, որ ոչ բոլորն են պատկերացնում,թե ինչպես է կարելի օգտագործել այդ տվյալները:
Բաց տվյալների օգտագործման ու ընկալման վերաբերյալ նմատաիպ մտահոգություն արտահայտեց նաև Կոսովոյի նորարարության լաբորատորիայի ղեկավար Ռոն Սելեջը: «Համացանցում քաղաքացիական ակտիվության համար ամենակարևորը հաքերային մտածելակերպ ունենալն է: Իմ կարծիքով, այս ամենի հիմքում ընկած է օգտատերերի ակտիվությունն ու համագործակցությունը, իսկ տեխնոլոգիաների ու տվյալների մասնաբաժինը ընդհամենը 10% է»,-նշեց Սելեջը, խոսելով նրա մասին, թե ինչպես են Կոսովոյի քաղաքացիները ստեղծում բաց տվյալների բազաները համացանցում:
Քննարկելով բաց տվյալների երևույթը համացանցում, բոլոր խոսնակները եւ մասնակիցները համաձայնեցին, որ նմանատիպ տվյալների հասանելի լինելը վտանգի տակ է դնում անձնական տվյալների գաղտնիությունը: Եվ քանի որ բաց տվյալների բազաները հիմնականում ստեղծվում են քրաուդսորսինգային տարբերակով, շատ կարևոր է ստուգել այդ տվյալների հավաստի լինելը: Եզրափակելով հանդիպումը, մասնակիցները համաձայնեցին, որ հետագա քննարկման կարիք կա՝ պարզելու, թե ինչպիսի կիրառելիություն կարող են ունենալ բաց տվյալները լրատվամիջոցների, միջազգային զարգացման գործակալությունների, ՀԿ-ների աշխատանքում և ինչպես կարող են օգտակար լինել ակտիվ քաղաքացիների ու օգտատերերի համար:
Հուսով ենք, որ սա հանդիպումների շարքի մեկնարկն էր և այլ առիթներ կունենանք քննարկել բաց տվյալները: Հետևեք #HyCitSci թվիթերում նորությունների համար: