Տեղեկատվության դարը նշանակում է նաև նորարարության ժամանակ, երբ ակտիվիստներն ու փոփոխություն պահանջող համայնքները սեփական գաղափարներն առաջ տանելու նոր հնարավորություններ ունեն:
Հայաստանում գործող լրագրողների թիմը որոշեց հանձն առնել այս նախաձեռնությունը: Արձագանքելով Կոլբա լաբի կողմից հայտարարված Մարդու իրավունքների թեմայով նորարար գաղափարների մրցույթին` «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի թիմը ներկայացրեց ոստիկանության կողմից բռնության դեպքերի մոնիտորինգի առցանց գործիք:
Այս պլատֆորմի միջոցով հնարավոր կլինի արձանագրել քաղաքացիական բողոքների, երթերի և այլ քաղաքացիական շարժումների ընթացքում ոստիկանության կողմից կիռառված բռնության դեպքերը ՝ հաղորդելով այդ դեպքերի մասին առաջարկված պլատֆորմին:
Թիմի գաղափարն էր ստեղծել օնլայն քարտեզագրման գործիք, որը կհավաքագրի օգտատերերի կողմից հաղորդվող ոստիկանության բռնությունների դեպքերը: Կոլբա լաբի կողմից նախնական աջակցություն ստանալով, լրագրողների թիմը մշակեց «Report Police» –ի փորձարկային տարբերակը, որը հասանելի է նաև բջջային հավելվածի տարբերակով:
Ինչպե՞ս կարելի է օգտվել այս գործիքից: Եթե ցանկանում եք հաղորդել ոստիկանության կողմից բռնության դեպքի մասին, ապա պետք է գրանցվեք կայքում, որից հետո կարող եք վերբեռնել բռնության դեպքը հաստատող տեսանյութը կամ լուսանկարը, նշելով նաև դեպքի վայրը և տեքստային նկարագրությունը: Այնուհետև դուք կստանաք էլ. նամակ, որում պլատֆորմի ադմինիստրացիան կհաստատի, որ ձեր ահազանգը գրանցված է, և այն կհայտնվի կայքում 24 ժամվա ընթացքում: Կարևոր է նշել, որ այս նախաձեռնության հեղինակը հետաքննող լրագրողների թիմն է: