Քաղաքային կառավարումը ներառում է հաղորդակցման բազմաթիվ մակարդակներ և ձևաչափեր, որոնց թվում է նաև բնակելի շենքերի կառավարումը համատիրությունների միջոցով:

Ոչ բոլոր բնակիչներն են տեղյակ, թե ինչպես են ձևավորվում այս կամ այն համատիրության միջոցները, ինչ է կարելի պահանջել այս կառույցից և ուր են ուղղվում բնակիչների կողմից պարբերաբար մուտքագրվող վճարները:

Հաղորդակցությունն առավել արդյունավետ դարձնելու և համատիրությունների գործունեությունն ավելի թափանցիկ ու հասկանալի դարձնելու նպատակով, Երևանի քաղաքապետարանում կայացած «Խելացի քաղաք» հաքատոնի ընթացքում մշակվեց համատիրությունների էլեկտրոնային կառավարման համակարգի գաղափարը:

Գաղափարի հեղինակ «Oorban» թիմն արժանացավ առաջին մրցանակին: Թիմն առաջարկել էր համատիրությունների էլեկտրոնային կառավարման համակարգ, որը հնարավորություն կտա բնակիչներին հետևել իրենց վճարների օգտագործմանը, ինչպես նաև բարձրաձայնել իրենց շենքի կառավարման վերաբերյալ խնդիրները առցանց:

Մշակված հարթակը եռակողմ համագործակցության հնարավորություն կտա քաղաքապետարանի, բնակիչների և համատիրությունների միջև: Համակարգը նախատեսվում է հանձնել տեստավորման  2018թ. գարնանը:

Եթե ունեք առաջարկներ և մտքեր, թե ինչ հնարավորություններ կուզենայիք ընձեռեր ձեզ` որպես օգտատեր, մշակվող համակարգը գրեք մեզ սոցիալական ցանցերում՝ @kolbalab էջերին թվիթերում և ֆեյսբուքում:

«Խելացի քաղաք» հաքատոնը կազմակերպվել էր «Նորարար առաջընթաց» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: