Որքան հաճախ եք ցանկացել ձեր առողջությանը վերաբերող հարցի պատասխանը գտնել համացանցում, և քանի՞ անգամ եք ձեր հարցին սպառիչ  ու գրագետ պատասխան ստացել: Որևէ ուսումնասիրության կարիք չկա՝ համոզվելու, որ բժիշկներն ավելի ճշգրիտ են, քան համախտանիշներ ստուգող որևէ ինտերնետային հավելված:

Հաշվի առնելով առողջական խնդիրների մասին մասնագիտական խորհուրդ ստանալու անհրաժեշտությունը և Հայաստանում համացանցի և բջջային սարքերի  լայնամասշտաբ հասանելիությունը՝ Սաթենիկ Գրիգորյանը առաջարկեց ստեղծել բջջային հավելված, որը կմիավորեր հիվանդներին և բժիշկներին:

Գրանցվելով հավելվածում, օգտատերերը կպատասխանեն մի քանի հարցերի, ինչպես սովորաբար հարցնում են բոլոր բժիշկները առաջնային հանդիպումների ժամանակ: Մուտքագրված տվյալների հիման վրա՝ հավելվածը կներկայացնի խնդիրների հավանական պատճառը և տվյալ առողջական խնդրով զբաղվող համապատասխան մասնագետին:

Առաջարկված բջջային հավելվածը կունենա նախապես ընտրված բժիշկների տվյալների բազա:  Հավելվածի միջոցով հիվանդները կկարողանան հեշտությամբ ստանալ իրենց հուզող հարցի պատասխանը անմիջապես այն բժիշկներից, ովքեր գրանցված են հավելվածի բազայում: Սա կօգնի նվազեցնել ինքնաախտորոշման և ինքնաբուժման դեպքերը, ինչպես նաև հակակշիռ կլինի համացանցում առկա չստուգված և  ոչ ճշգրիտ  տեղեկատվությանը:

Հավելվածի սկզբնական տարբերակը մշակվում է Android համակարգով աշխատող հեռախոսների համար:

Հավելվածի գաղափարը մշակվել է 2016թ. հուլիսին առողջապահության թեմայով սոցիալական նորարարության ճամբարի շրջանակներում, որտեղ դիզայներները, մարկետոլոգները, բժիշկներն ու IT մասնագետները համատեղ դիզայնի ու աշխատանքի շնորհիվ ստեղծեցին գաղափարի նախատիպը: Ժյուրիի քվեարկության արդյունքում գաղափարը ստացավ առավելագույն միավորները: Մտնելով Կոլբա լաբի ինկուբատոր՝ Սաթենիկի թիմը օժանդակություն ստացավ Եվրոպական միության կողմից բջջային հավելվածը  ստեղծելու համար:

Եթե ձեզ հետաքրքրեց այս գաղափարը և ուզում եք առաջինը տեղեկանալ հավելվածի մեկնարկի մասին, ապա հետևեք մեր Նորություններ բաժնին: