«Yamaka»-ն բջջային հավելված է, որն օգնում է աուտիզմի սպեկտրի խանգարումներն ունեցող երեխաներին ավելի ինքնավստահ և ինքնուրույն լինել իրենց առօրյա կյանքում: Բջջային հավելվածը ներառում է իր մեջ պատկերազարդ սոցիալական պատմություններ, որոնք զարգացնում են երեխայի հաղորդակցության հմտություններն ու օգնում ինքնուրույն կատարել որոշակի գործողություններ:
Աուտիզմը ուղեղի կանոնավոր զարգացման փոփոխությունների մի ամբողջ համակարգ է, որը բերում է շփման, բանավոր և ոչ բանավոր հաղորդակցության տարբեր աստիճանների դժվարությունների։ Աուտիզմով տառապող երեխաները, ինչպես նաև մեծահասակները սովորաբար դժվարություններ ունեն խոսելու, ոչ-խոսքային հաղորդակցման, սոցիալական հարաբերությունների, զվարճանալու և խաղալու ունակությունների մեջ, որն իր հերթին հանգեցնում է առօրյա գործողությունների ոչ ինքնուրույն կատարմանը կամ պարզապես բացակայությանը։
Գայանե Հովհաննիսյանը, ով բջջային հավելվածի գաղափարի հեղինակն է, աշխատել է Խարբերդի պետական մանկատանը, որտեղ սովորում է հատուկ կարիքներով մոտ 280 երեխա: Փորձելով արձագանքել իր աշխատանքում ամենահաճախ հանդիպող խնդրին՝ Գայանեն առաջարկել է տեխնոլոգիական լուծում մշակելու գաղափարը:
Մեր առօրյա կյանքում մենք անում ենք բազմաթիվ պարզունակ գործողություններ, ինչպիսիք են լվացվել, հագնվել, շփվում ենք մեր ընկերների հետ և այլն, որոնք դժվար հասանելի գործողություններ են աուտիզմի սպեկտրի խանգարումներ ունեցող մարդկանց համար:
Բջջային հավելվածը կունենա յուրաքանչյուր գործողությանը ուղեկցող համապատասխան պատկերազարդում, որը կհեշտացնի գործողության իրականացման վրա կենտրոնանալն և ավարտելը: Հավելվածը բարդ գործողությունները կներկայացնի մանր գործողությունների տեսքով, ինչը կօգնի օգտատերերին (երեխաներին) լինել հնարավորինս ինքնուրույն իրենց առօրյա գործողություններում և հասնել մաքսիմալ շփման շրջակա միջավայրի հետ։ Հավելվածի առաջնային տարբերակը շուտով հասանելի կլինի Android համակարգով աշխատող հեռախոսների համար: «Սոցիալական պատմություններից» բացի, հավելվածը կարող է հնարավորություն տալ ծնողներին հետևել երեխաների քայլերին՝ նրանցից հեռու լինելով։
Հավելվածի պրոտոտիպը մշակվել է 2016 ամռանը կայացած «Առողջապահության թեմայով սոցիալական նորարարության ճամբարի» ընթացքում, որտեղ Գայանեն իր գաղափարի շուրջ համախմբել էր հոգեբանների, ծրագրավորողների, շուկայագետների և այլ մասնագետների: Մրցույթի արդյունքում «Yamaka» բջջային հավելվածը երեք հաղթող գաղափարներից էր, որոնք հնարավորություն ստացան անցնել Կոլբա լաբի ինկուբացիոն շրջանը և գաղափարի իրականացման համար աջակցություն ստացան Եվրոապական միությունից:
Եթե ուզում եք առաջինը տեղեկանալ հավելվածի մեկնարկի մասին, ապա միացեք հավելվածի ֆեյսբուքյան էջին:
Ծանոթ ե՞ք առողջապահության ոլորտում նորարար նախագծերին, պատմե՜ք մեզ այդ մասին մեկնաբանությունների դաշտում, կամ գրել մեզ ֆեսյբուքում և թվիթերում: