ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը՝ Եվրոպական միության աջակցությամբ և ՀՀ կառավարության գործընկերությամբ, հայտարարել է նորարար գաղափարների մրցույթ՝ պետական ծառայողների շրջանում: Մրցույթի նպատակն է օգտագործել պետական կառավարման համակարգի ներսում կուտակված գիտելիքը և փորձը՝ աշխատանքային գործընթացներն օպտիմիզացնելու, հանրային ծառայություններն առավել մասնակցային դարձնելու և հետադարձ կապի արդյունավետ գործիքակազմի ներդրման համար:

Մրցույթը բաց է ՀՀ Կառավարության և Արդարատության նախարարության աշխատակիցների համար,  ում նորարար առաջարկները կգրանցվեն առցանց ձևաչափով: Հայտը լրացնելու համար բավական կլինի ներկայացնել պետական համակարգում աշխատանքի ընթացքում բացահայտած խնդիրը և նկարագրել առաջարկվող նորարար լուծումը: Լուծումը պետք է վերաբերի 1) վարչարարության կամ կառավարման պրոցեսների օպտիմիզացմանը; 2) քաղաքացու հետ հետադարձ կապի հեշտ և արագ գործիքների ներդրմանը; 3) կառավարման թափանցիկության ու հաշվետվողականության նպաստմանը։  

Փորձարարություն

Ժամանակակից ինստիտուտներն ավելի ու ավելի են հակվում փորձարարական ու նորարար մոդելների կիրառմանը՝ կարևորելով արագ արձագանքումն ու դինամիկ աշխատանքը: Պետական կառավարման հատվածը որպես կանոն ավելի զգուշավոր է փորձարարության նկատմամբ: Ի տարբերություն Սիլիկոնի հովտի, կառավարությունները չունեն աշխատակիցների նորարարության խրախուսման հստակ մեխանիզմներ և որևէ նորարար փորձարկում տեղի է ունենում միայն հիերարխիկ թույլտվությամբ: Առաջատար կառավարությունները փոխում են այս միտումը՝ նպաստելով պետական ծառայողների կողմից պրոակտիվ նորարարության դրսևորումներին:

Փորձնական մոդելների ներդրումը թույլ է տալիս ստեղծել ու փորձարկել նոր գործիքներ՝ նախքան դրանց լայնամասշտաբ կիրառումը: Այսպիսով սխալվելու հավանականությունը և արժեքը կտրուկ նվազում է: Գաղափարների մրցույթներն այսպիսի մեխանիզմներից են: Դրանք թույլ են տալիս 1) շրջանցել հիերարխիան և հանդես գալ նորարար գաղափարներով; 2) ստեղծել փորձարկելու ու սխալվելու համար ապահով գոտի կազմակերպության ներսում:

Հաջողության պատմություններ

Պետական կառավարման համակարգում նորարարության այլուր կիրառված մի քանի լավագույն գաղափարներ՝

Լապոր-ը Ինդոնեզիայում ստեղծված համակարգ է, որ թույլ է տալիս երկրի յուրաքանչյուր քաղաքացու հաղորդակցվել կառավարության հետ՝ էլ-փոստի, բջջային կարճ հաղորդագրությունների և առցանց շփման միջոցով և հայտնել բողոքների ու առաջարկների մասին:

Շրջիկ ձեռներեցներ. Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետարանի նախաձեռնությունն է, որի շրջանակներում քաղաքապետարանը ներգրավում է ձեռներեցների, որպեսզի վերջիններս օգնեն գտնել արագ, արդյունավետ ու պրակտիկ լուծումներ քաղաքի հանրային կյանքի բարելավման համար:
Համակարգված ծառայություններ – Անգլիայում կիրառված ծառայությունների կոնսոլիդացման համակարգ, որ թույլ է տալիս քաղաքացուն հետևել, թե հանրային ծառայության որ օղակներն են լիազոր և պատասխանատու իր որևէ կոնկրետ խնդրի լուծման համար:
Մրցութային գործընթացը

Ներկայացված հայտերը դիտարկելու է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Եվրոպական միության և Կառավարության ներկայացուցիչներից կազմված միասնական հանձնաժողովը: Հաղթող կարող են ճանաչվել այն գաղափարները, որոնք 1) նորարար մոտեցում են առաջարկում; 2) իրատեսական են; 3) համապատասխանում են գործընթացի օպտիմիզացման և/կամ հետադարձ կապի ապահովման պահանջներին:

Հաղթող գաղափարների հեղինակները կստանան մրցանակներ և գաղափարը փորձարկելու հնարավորություն: Հաղթած գաղափարների իրականացման համար տեխնիկական և ֆինանսական աջակցությունը տրամադրում է ՄԱԶԾ «Նորարար առաջընթաց» ծրագիրը:

Մրցույթն իրականացվում է «Նորարար առաջընթաց» (#Inno4Dev) ծրագրի շրջանակներում: Նորարար առաջընթաց ծրագիրը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Եվրամիության համատեղ նախաձեռնությունն է, որ իրականացվելու է Հայաստանում 2015-2018 թվականներին՝ ՄԱԶԾ Կոլբա նորարարական լաբորատորիայի միջոցով: