Հայաստանում, ինչպես և ողջ աշխարհում, քաղաքացիների մասնակցությունը կառավարման գործընթացներին նոր կարևորություն է ստանում: Այն անմիջականորեն նպաստում է կառավարման նկատմամբ վստահության և իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացմանը:

«Նորարար առաջընթաց» ծրագրի ընթացքում նախատեսվում է իրականացնել բաց մրցույթների շարք, որոնք երկրի համար առաջնային խնդիրների լուծումների մշակումը կպատվիրակեն քաղաքացուն՝ այդ խնդիրների անմիջական օգտատիրոջը: Յուրաքանչյուր ոք կարող է առաջարկել լուծումներ, որոնցից լավագույնները կանցնեն ինկուբացիոն շրջան, որը ենթադրում է որոշակի մեխանիզմ՝ ստարտափ գաղափարները զարգացնելու, վերամշակելու ու սոցիալական ծրագիր դարձնելու համար:

Կոլբա լաբի ինկուբատորում, կիրառելով  գաղափարների մշակման մարդակենտրոն մեթոդը, ինտեգրելով ձեր առաջարկած գաղափարի օգտատերերի նախապատվություններն ու ստանալով մասնագիտական խորհուրդներ ոլորտի փորձագետներից, դուք հնարավորություն կունենաք ստեղծել գաղափարի փորձնական պրոտոտիպը(մոդելը): Առաջարկված լուծումներից լավագույնները նախնական աջակցություն կստանան ՄԱԶԾ և Եվրոպական միության կողմից:

2016թ. սկզբին դուք ընտրեցիք մեր հաջորդ «Սոցիալական նորարարության ճամբարի» թեման, շատ շուտով հարցման արդյունքները կհրապարակենք «Նորություններ» բաժնում:

Հատուկ նրանց համար, ովքեր չեն համբերում մինչև ճամբարի թեմայի հայտարարումը, Գաղափարների բաց մրցույթն ընդունում է անսահմանափակ քանակությամբ հետաքրքիր ու նորարար գաղափարներ: