Լավ գաղափար ունենալու եւ այն իրականություն դարձնելու միջեւ մեծ տարբերություն կա: Այդ տարածությունը հաղթահարելու համար անհրաժեշտ է կարողանալ ճիշտ ներկայացնել միտքը, ինչպես հաճախ սիրում են ասել արեւմուտքում՝ «վաճառել» ձեր գաղափարն ու թիմը հնարավոր ներդրողներին:
Հիմնվելով բազմաթիվ նորարարական մրցույթներ կազմակերպելու փորձի վրա, Կոլբա լաբը կազմել է մի քանի օգտակար խորհուրդների ցուցակ, որոնք կհուշեն ինչ է պետք հաշվի առնել «չլսված ու չտեսնված» գաղափարները մատչելի ու գրավիչ ներկայացնելու համար:
Գրավեք ձեզ ժամանակ հատկացրած մարդկանց՝ պատմելով հետաքրքիր պատմություն/դեպք: Մարդիկ կհիշեն ձեր ելույթը, եթե այն ներառի հետաքրքիր պատմություն: Շատ դեպքերում կարելի է ինտերակտիվ դարձնել ձեր ելույթը, օրինակ, եթե հարցնեք՝ «Ովքե՞ր են լսարանում օգտվում այսինչ ծառայությունից», կամ «Ո՞վ է երբեւէ եղել այսինչ իրավիճակում» եւ պատասխանների հիման վրա, անցնեք դեպի ձեր գաղափարի ներկայացումը: Պասիվ ունկնդրողն այս դեպքում դառնում է ակտիվ մասնակից: Իհարկե նմանատիպ հարցերը պետք է տրամաբանորեն բերեն ձեր գաղափարի մասին պատմելուն: Միշտ հաշվի առեք, թե ում հետ եք փորձում կապ հաստատել: Լավ կլինի յուրաքանչյուր լսարանի հատուկ բան ունենաք ասելու:
Դարձրեք ձեր ելույթը հետաքրքիր ու ժամանցային: Սա չի նշանակում, որ պետք է աճպարարություն ու կապիկություն անել, բայց լուրջ բաների մասին պատմելը չի նշանակում լինել ձանձրալի: Անգամ շատ կարեւոր ու լուրջ ծրագրերի մասին կարելի է խոսել մատչելի, հետաքրքիր ու գրավիչ: Ի տարբերություն էլ- փոստով ստացված հայտերի, առցանց հոդվածների ու հաղորդագրությունների՝ ձեզ լսելիս մարդիկ ակնկալում են անմիջական մարդկային շփում: Չոր ու ցամաք փաստեր ներկայացնելը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է լսարանը գրավելու համար:
Հակիրճ ձեւակերպեք ձեր գաղափարը (առաջարկած լուծումը) 1-2 նախադասության սահմաններում: Ունեցեք պարզ պատասխան «Ո՞րն է ձեր գաղափարը» հարցին: Արեւմուտքում հատուկ վարժանք է համարվում Elevator Pitch-ը, որն ենթադրում է, որ դուք ու «ձեր երազանքների ներդրողը» հայտնվել եք վերելակում եւ ունեք ընդամենը մի քանի հարկ բարձրանալու չափ վայրկյաններ, որպեսզի համոզեք մի անծանոթ մարդու (ում ձեր նման հազարավոր մարդիկ են դիմում), որ հենց ձե՛ր ստարտափն է, որ արժանի է աջակցություն ստանալուն:
Բոլորս էլ գիտենք, որ ի տարբերություն անգլերենի, հայերենում դժվար է կարճ նախադասություններ կազմել, այնուամենայնիվ երկար ու բազմաթիվ խելոք բառերով ծանրաբեռնված նախադասությունները դժվար թե օգնեն ձեզ գաղափարը «վաճառելու» գործում:
Կարճ խոսելու հետ մեկտեղ կարողացեք շեշտել ձեր ստարտափի առանձնահատկությունը: Շուկայական ուժեղ մրցակցության պայմաններում կարեւոր է մրցունակ գաղափարներ առաջարկել, բայց պակաս կարեւոր չէ կարողանալ դրանց մասին պատմել ներդրողներին: Ներկայացրեք, թե ինչով է յուրահատուկ ձեր ապրանքը/ծառայությունը եւ ինչպես է լուծելու առաջադրված խնդիրը:
Այդպիսի առանձնահատկություններից կարող է լինել ձեր ներգրաված մասնագետների թիմը: Գաղտնիք չէ, որ ներդրողները առաջին հերթին ներդնում են մարդկային ռեսուրսների, եւ հետո միայն գրագետ ձեւակերպված գաղափարների մեջ: Լավ գաղափար առաջարկելու հետ մեկտեղ, պետք է լինի նաեւ վստահելի ու մասնագիտացված աշխատանքային թիմ, որը պատրաստ կլինի իրականացնել գաղափարը, հաղթահարելով բոլոր դժվարությունները: Անգամ եթե դուք չունեք ձեր թիմում հաշվապահ կամ ծրագրավորող, ասեք դրա մասին: Երբ դուք ասում եք, որ գիտեք, թե ում պակասը ունեք, ձեր թիմը պակաս վստահելի չի դառնում:
Այս ամենից հետո, երբ կարողացել եք գրավել ներդրողի ուշադրությունն ու վստահությունը, կարեւոր է հստակ բացատրել, թե ձեզ տրամադրած գումարը ինչի վրա է ծախսվելու: Ներկայացրեք, թե որքան գումար է արդեն ներդրվել ձեր թիմի կամ այլ գործընկերներից կողմից, ովքեր են հետաքրքրված ձեր առաջարկած գաղափարով, ովքեր են երբեւէ աջակցել ձեզ: Ներկայացրեք հաշվարկ, թե ինչպես պահանջված գումարը կօգնի ձեր ստարտափին հաջողությունների հասնել ու ավելի մեծ մասնաբաժին գրավել շուկայում:
Նշված խորհուրդները չեն կարող սպառիչ համարվել, սա օգտակար խորհուրդների շարքի մեկնարկային գրառումն է: Հաջորդ անգամ կպատմենք, թե ձեր ստարտափը ներկայացնելուց որ հարցերին պետք է պարտադիր պատասխան ունենաք եւ ինչպես ավելի գրավիչ ներկայացնեք ինֆորմացիան: Հետեւեք բոլոր հրապարակումներին Լաբ բաժնում: