2014թ. հունիսի 20-ին Կոլբան հյուրընկալում էր բրիտանական Nesta կազմակերպության թիմը՝ DIY Lab նախաձեռնության շրջանակներում: Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոն և ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը կիսեցին մասնակիցների հետ զարգացման իրենց մոտեցումները ևս:  

Աշխարհի զարգացման մարտահրավերները կտրուկ փոխվել են վերջին տասնամյակների ընթացքում: Չնայած այդ խնդիրների առանցքում դեռևս մնում են աղքատությունն ու կլիմայի փոփոխությունը, բայց պրոբլեմների բարդությունն ու զարգացման արագությունը երբեմն անակնկալի են բերում:

Անսպասելի երևույթները կամ այսպես կոչված սև կարապները, ավելի հաճախ են հանդիպում: Նույնիսկ բնական աղետների հաճախականությունն ու անկանխատեսելիությունն է աճել:

Ահա թե ինչու հին մոտեցումներն ալևս գործուն չեն: Այն սկզբունքը, որ աղքատ երկրները պետք է անեն այն, ինչ ժամանակին արել են հարուստ երկրները՝ պարզապես կրկնելով զարգացման մոդելը, այլևս աբսուրդ է թվում: Զարգացումն այսօր բոլորիս խնդիրն ու մարտահրավերն է՝ հավասար չափով:

Վերազինվել

Փորձենք տեսնել, թե ինչպես են վերազինվում հասարակական կազմակերպություններն ու զարգացման գործակալությունները, որպեսզի ադեկվատ գործեն այսքան արագ փոփոխվող միջավայրում:

Ինչպե՞ս աշխատել ձեռներեցների, դիզայներների ու տեղական առաջնորդների հետ, որոնք հաճախ ավելի ստեղծագործ ու նորարար լուծումներ կարող են մտածել համակարգային խնդիրներին: Ինչպե՞ս ներառել անապահովների, մարգինալիզացվածների ու փոքր խմբերի առաջնայնությունները մշակվող ծրագրերում: Ինչպե՞ս անել, որ ծրագրեր մշակելիս քաղաքացին լինի համամշակողը, ոչ թե պասիվ շահառուն:

Համագործակցել ինովացիոն կենտրոնների հետ

Արձագանքելով այս խնդիրներին` Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման գրասենյակը փորձում է կիրառել բազմաթիվ նոր գործիքներ ու մեթոդաբանություններ իր զարգացման ծրագրերում:

Այս նորարար ուղղության մեջ հատկապես մեծ է անգլիական ազդեցությունը: Նախկինում իրականացված սոցիալական նորարարության ճամբարներըվարքագծային հոգեբանության վարժությունները, ծառայությունների մշակման փորձարկումները և այլ նորարար մոտեցումներ նույնպես անգլիական հետք ունեին:

DIY գործիքը այս համագործակցության վերջին օրինակներից է: ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը և Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը հյուրընկալել էին Բրենտոնին և Թեոյին  Nesta կազմակերպությունից՝ փորձարկելով նրանց մշակած նոր գործիքը հայկական մի խումբ ՀԿ-ների հետ: Ի վերջո, նույնիսկ ամենափորձառու քաղաքացիական գործիչները հեռացան միջոցառումից՝ տանելով նոր գիտելիքի պաշար:

DIY գործիքն արդեն կիրառվում է Հայաստանում: