Լավ գաղափարը նման է կոկոսի: Կոկոսի միջուկը սննդարար է, թարմացնող ու շատ համեղ է, սակայն առանց համապատասխան հմտությունների ու գործիքի, հնարավոր չէ այն բացել ու համտեսել: Հակառակ  դեպքում կոկոսը դառնում է սիրուն, բայց անօգուտ միրգ:

Վերջերս Դիլիջանում տեղի ունեցած  եռօրյա սոցիալական նորարարության ճամբարի ընթացքում տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ՝ դիզայներներ, բջջային հավելվածների մասնագետներ, ծրագրավորողներ ու ամենատարբեր ոլորտների փորձագետներ  (օրինակ՝ աղետների ռիսկի նվազեցում, քրաուդֆանդինգ, գյուղատնտեսական ծրագրերի մշակում եւ այլն)  համախմբվել էին աշխատելու 4 նորարարար գաղափարների շուրջ:

Թե ինչ է իրենից ներկայացնում սոցիալական նորարարության ճամբարը կարող եք կարդալ մեր նախորդ գրառումներում:

2015-ի ճամբարը հետաքրքրված էր կլիմայի փոփոխությանը վերաբերող գաղափարներով, մասնավորապես վաղ ազդարարարման համակարգերի մշակման առաջարկներով: Այս յուրահատուկ ձեւաչափ ունեցող միջոցառման ընթացքում ստեղծագործ մոտեցումների, համացանցի ու ծրագրավորման գործիքների եւ ոլորտի փորձագիտական գիտելիքների համադրմամբ ստեղծվեցին առաջարկված համարձակ գաղափարների փորձարարական մոդելները:

Այս անգամ ընդհամենը 48 ժամում թիմերը մշակեցին հետեւյալ մոդելները.

1.  Geodata: GIS and Remote Sensing  – աշխարհագրական տեղեկատվական համակարգերի և հեռահար զոնդավորման մեթոդների հիման վրա ստեղծված թվային թեմատիկ քարտեզներ,որոնք թույլ կտան տեղեկացնել լայն հանրությանը կլիմայի գլոբալ փոփոխության ոիսկերի, դրանց  վերլուծության արդյունքների եւ հետևանքների մասին:

2.  Die Another Day –  կրթական խաղ, որի օգտատերը հայտվում է կլիմայի փոփոխության հետեւանքով առաջացած որեւէ արտակարգ իրավիճակում եւ պետք է կողմնորոշվի, թե որոնք են վարքագծի ճիշտ տարբերակները այս կամ այն իրավիճակում:

3.  4Life տեղեկատվական համակարգ – առցանց  տեղեկատվական պորտալ, որի ուղեցույցները կօգնեն օգտատերերին իմանալ, թե ինչ է պետք անել  կլիմայի փոփոխության հետեւանքով առաջացած արտակարգ իրավիճակների մասին ազդանշանը ստանալուց հետո:

4.  Armenian Meteo Project (AMP) – բաց կոդով և ազատ ծրագրերի և սարքերի հիմքի վրա մշակված միջավայրի սենսորների խիտ ցանց, որը կչափի և կփոխանցի մանրամասն տեղեկություններ արտաքին միջավայրի ցուցանիշների մասին (օդի և հողի ջերմաստիճան և խոնավություն, մթնոլորտի ճնշում, ձայնային աղմուկ, լուսավորություն, ՈՒՄ)։

Մոդելները ներկայացվեցին հրավիրված մասնագիտական ժյուրիի կազմին, ճամբարի մրցանակաբաշխության ու փակման արարողության ընթացքի մասին կարող եք հավելյալ մանրամասներ իմանալ, եթե թվիթերում փնտրեք #inno4cc հաշթեգը: Բոլոր մասնակիցները իրենց նորությունները հրապարակելիս լայնորեն օգտագործում էին հենց այս հաշթեգը:

Արդյունքում, ճամբարի հաղթող նախագիծ ճանաչվեց Armenian Meteo Project, երկրորդ տեղը գրավեց Die Another Day խաղային լուծումը: Երկու նախագծերն էլ հնարավորություն մուտք գործել Կոլբա լաբի մեթոդաբանությամբ մշակված ինկուբացիոն շրջան, ինչպես նաեւ կստանան նախնական ստարտափ աջակցություն: