2011թ. լրագրող Գայանե Միրզոյանը ներկայացրել էր «Հիպերտեղայնացված նորությունների հարթակի» ստեղծման նախագիծը հայկական առաջին սոցիալական նորարարության ճամբարին։
«Թաղինֆոն» բլոգերների և ակտիվիստների համայնք է, ովքեր գրում են պատմություններ ու նորություններ իրենց համայնքների մասին: Հիպերտեղայնացված նորությունների հարթակի կարևորությունն այն է, որ լայնածավալ իրադարձությունների ու մեծ ընկերությունների մասին պատմող լուրերի հետ մեկտեղ այն հնարավորություն է տալիս նաև տեղեկանալ ձեր համայնքում կատարվող իրադարձություններին:
Թաղինֆոյի շնորհիվ բազմաթիվ հետաքրքիր բացահայտումներ են եղել: Օրինակ, Կալենցի թանգարանի և Երկրաբանական թանգարանի մասին գրառումներն ընթերցողների համար Երևանում նոր տեղեր բացահայտեցին, որոնց գոյության մասին քչերը գիտեին, և Հայաստան ժամանած զբոսաշրջիկների համար հետաքրքիր վայրերի ցուցակում էլ չկային: Այժմ համացանցում հասանելի են թանգարանի մասին պատմող նյութը:
Այս բոլոր պատմությունների ու գրառումների կարևորությունը կայանում է նաև նրանում, որ դրանք օգնում են համայնքային խնդիրներ լուծել և, ի վերջո, ունենալ սոցիալական ազդեցություն: Այդպիսի պատմություններից է, օրինակ, Ալեք Մանուկյանի վրա գտնվող շենքի պայմաններին անդրադարձող նյութը, ի արձագանք որին քաղաքապետարանը նստարաններ տեղադրեց բակում: Մեկ այլ նյութի հրապարակման արդյունքում նորոգվեց շենքի վերելակը, որի անսարքությունն անտեսվում էր երկար ժամանակ:
Ծրագրի մեկնարկից հետո Գայանեն մոբիլիզացրել է հետաքրքրված քաղաքացիների թիմ, ովքեր ձգտում են իրենց համայնքների մասին պատմություններ գրել ու հրապարակել: Թաղինֆոյում տեղ է գտել ավելի քան 170 գրառում Երևանի տարբեր համայնքներում առկա հետաքրքիր երևույթների ու վայրերի մասին:
Հետաքրքրե՞ց: Ձեր համայնքի մասին պատմող հետաքրքիր նյութ ունե՞ք, գրեք Թաղինֆոյին կամ դիմեք Գայանեին: