Ինչպե՞ս չիր արտադրելու ստարտափի միտքը ծագեց Բյուրականի համայնքում: Այս սոցիալական բիզնեսի գաղափարի հեղինակը Աննան է, ով երկար ժամանակ էր մտածում այսպիսի այլընտրանքի մասին մինչ Կոլբա լաբի մրցույթին մասնակցելը:

Աննան պատմում է,թե ինչպես  հիմք դրվեց սոցիալական ձեռներեցությանը իր կյանքում և ինչ դեր ունեցավ Կոլբա լաբը այդ գործում:

Ինչպե՞ս որոշեցիք հանդես գալ նման նախաձեռնությամբ:

Շատ պատահական ստացվեց: Ամառ էր: Արձակուրդ էր: Ֆեյսբուքով տեսանք Kolba Lab-ի ստատուսներից մեկը` դրամաշնորհային մրցույթի մասին, և Բյուրականի երիտասարդներով որոշեցինք գրել նրանց: Իրականում մտածում էինք, որ նույնիսկ եթե չստացվի հանդես գալ որևէ առաջարկով, միևնույն է, պարզապես 2 ժամ զրույցը Kolba-ի թիմի հետ հետաքրքիր կլինի: Առանց որևէ ակնկալիքների, երեկոյան ուշ գրեցինք և շատ արագ արձագանք ստացանք, այնուհետև նրանք այցելեցին մեզ: Դե ընթացքը պարզ է, բաժանվեցինք խմբերի, ներկայացրեցինք տարբեր նախագծեր: Առաջարկված տասից, ի վերջո, անցավ «Բյուրական չիր» համայնքային նախագիծը:

Ի՞նչը կցանկանայիք փոխել Kolba-ի գործելաոճի մեջ:

Ընդհանրապես, Kolba-ն մեզ շատ է օգնել, ամբողջությամբ աջակցել է: Օրինակ այն ընկերությունները, որոնց հետ փորձում էինք կապ հաստատել, համագործակցել, Kolba-ն է օգնել՝ գտնել, զանգահարել, բանակցել: Այսօր մենք այլ նմանատիպ կազմակերպությունների հետ ենք համագործակցում, բայց Kolba-ն եղել է առաջինը, որ ճանապարհ է բացել՝ հավատալու բոլոր այդ start-up ծրագրերի արդյունավետությանն ու ֆինանսավորումներին:

Ո՞ր փուլում է գտնվում «Բյուրական չիր» նախագիծը հիմա:

Ինչպես գիտեք, ֆինանսավորումը վերջերս ենք ստացել և նախագիծը դեռևս գտնվում է շինարարության փուլում: Աշխատանքն ամբողջ թափով է ընթանում, մի մասն ամբողջությամբ պատրաստ է, արդեն ունենք բերքի արտահանման պայմանագիր: Կարծում եմ շուտով կսկսենք խնձորի և դեղձի չորացման շրջանը:

Ի՞նչ նոր գաղափարներ ունեք այս նախագծի հետ կապված:

Համայնքում բազում խնդիրներ կան: «Բյուրական չիր»-ը մասնակիորեն լուծում է աշխատատեղերի և բերքի իրացման խնդիրները: Սակայն, այժմ մտածում ենք համայնքի օգնությամբ հասնել ավելի մեծ արդյունքների: Փնտրում և դիմում ենք տարբեր ծրագրերի՝ որպես թիրախ վերցնելով ավելի շատ խնդիրներ:

Ի՞նչ խորհուրդ կտաք այն քաղաքացիներին, ովքեր, ինչպես և դուք, ցանկանում են սկսել որևէ նախաձեռնություն:

Խորհուրդ կտամ հաստատ իմանալ, թե ինչ են ուզում: Եթե ունեն որոշակի միտք և պատկերացում ընթացքի մասին, թող անպայման գործեն, դիմեն ֆինանսավորողների, փնտրեն աջակիցներ և կգտնեն անպայման: Այսօր դա հեշտ է: