Տեսնող ձեռքեր. երբ խոսքը գնում է Հայաստանում մարդու իրավունքների ու ներառականության մասին, հանրային իրազեկումը թիվ մեկ խնդիրն է
Ավանդական ճապոնական Ջուջիցու մարտարվեստում հարձակվողը միանգամից ողջ ուժը ներդնելու փոխարեն սկսում է դիմացինի թուլություններն ուսումնասիրելուց: Հարձակվողը նախ պետք է ուսումնասիրի դիմացինին, հաշվարկի նրա ուժերը, նկատի ուժեղ ու թույլ կողմերը և միայն այդ ժամանակ նրա շարժումները կդառնան կենտրոնացած ու իսկապես էֆեկտիվ:
Տեսնող ձեռքերը սոցիալական բիզնես է, որին ժամանակին աջակցել է ՄԱԿի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը և որի փիլիսոփայության հիմքում հենց ջուջիցուի սկզբունքներն են:
Ծրագրով ստեղծված մերսման սրահը վերապատրաստում և աշխատանքի է ընդունում տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց՝ որպես մերսման թերապևտների: Մոտ մեկ տարվա աշխատանքից հետո սրահին արդեն հաջողվել է հասնել ֆինանսական հավասարակշռության և վերադարձնել նախնական ներդրումը:
Ծրագիրը նախաձեռնել է երևանաբնակ Մարիամ Դիլբանդյանը: Մարիամը հավատացել էր, որ չնայած տեսողական խնդիրներին այս մարդիկ իսկապես զգայուն ձեռքեր ունեն: Աշխարհի շատ երկրներում տեսողական խնդիրներով մարդկանց աշխատանքային ներուժն օգտագործվում է՝ հատկապես այն ոլորտներում, որտեղ ուշադրությունն ու մասնավոր կյանքի պաշտպանությունը էական են:
Մարիամը կարծում է, որ մենք հակված ենք կարծրատիպեր վերագրել սահմանափակ հնարավորություններով մարդկանց՝ հատկապես Հայաստանի նման պահպանողական հասարակությունում, որում ցանկացած շեղում “նորմալ” իրավիճակից որպես վտանգ է ընկալվում: Հետևանքում՝ սահմանափակ կարողություններով մարդկանց համար աշխատանքի ու սոցիալական ներգրավվածության հնարավորությունները խիստ սահմանափակվում են:
Մարիամը կարծում է, որ սահմանափակ կարողություններով մարդկանց պետք է աշխատանքի ընդունել ոչ թե ցավակցությունից դրդված, այլ որովհետև որոշակի ոլորտներում նրանք լավագույնն են: “Ես ընտրում և վերապատրաստում եմ կույր մարդկանց՝ ստեղծելով իսկապես ուժեղ մրցակցություն այս ծառայությունների շուկայում:”
Նման խնդիրներ ունեցող մարդկանց ավանդաբար տրամադրվող աջակցությունը սահմանափակվում է նպաստներով, պետական մարմիններում ռեզերվային աշխատատեղերով ու գործատուներին տրամադրվող հարկային արտոնություններով: Տեսնող ձեռքերը փաստորեն շրջում են այս բանաձևը՝ ներդրումն ուղղելով անհատի մասնագիտական զարգացման մեջ ու հետագայում օգտագործելով ստեղծված ներուժը աշխատանքում:
Գաղափարի ինկուբացում
Գաղափարը ծնվել էր դեռ 2013-ին, երբ Մարիամն աշխատանքի բերումով որոշ ժամանակ անցկացրել էր տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց շրջանում ու հնարավորություն էր ունեցել հետազոտել նրանց առօրյան ու խնդիրները:
Իր գործընկերոջ՝ Լիանա Ավետյանի հետ միասին, Մարիամը որոշեց ծրագիր մշակել ու ներկայացնել Կոլբա Լաբ՝ Հայաստանի ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի շրջանակներում ստեղծված նորարարական լաբորատորիան:
Մարիամն առաջարկում էր հիմնել այնպիսի մերսման սրահ, որում կաշխատեին կույրեր ու տեսողական խնդիրներ ունեցող մարդիկ: Եվ ներկայացված գաղափարն ի վերջո հաղթեց Կոլբայի սոցիալական ձեռներեցության մրցույթում: Հաղթողի համար նախատեսված դրամական մրցանակը բավարար էր, որպեսզի ծրագիրը մեկնարկի: Մարիամը կարողացավ վարձակալել հարմար տարածք, գնել անհրաժեշտ գույք, գովազդային նյութեր պատրաստել ու սկսել ծրագիրը:
Ծրագիրն արագ սկսեց զարգանալ ու մերսման սրահում երբեմն նույնիսկ հերթեր էին գոյանում:
Նախաձեռնության մասին սկսեցին խոսել նաև Հայաստանից դուրս: HuRiLab-ը նույնիսկ մրցանակ շնորհեց վերջերս ծրագրին՝ որպես ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից տարածաշրջանում իրականացրած առավել օրիգինալ նախաձեռնություն:
Այսօր Մարիամն ու նրա թիմն աշխատում են եղած ծառայությունների ընդլայնման, նոր հաճախորդների ներգրավման ուղղությամբ ու համոզված են, որ հանրային գիտակցության մեջ ժամանակին թուլություն ընկալվող հատկությունը աստիճանաբար սկսում է դիտվել որպես ներուժ ու հնարավորություն: