Կոլբա լաբը հրավիրում է ձեռներեցների, անհատ նորարարների, ՓՄՁ-ների, ՀԿ-ների, ստարտափ թիմերի, հետազոտողների և բոլոր նրանց, ովքեր ունեն նորարար գաղափարներ՝ ուղղված ապագայի գյուղատնտեսության և սննդի վերամշակման ոլորտներին մասնակցելու ստարտափ մրցույթի:
Մենք փնտրում ենք ապրանքների և ծառայությունների նախագծման և զարգացման վերաբերյալ ապագային միտված գաղափարներ, որոնք ուղղված են լուծելու Տավուշի և Գեղարքունիքի մարզերում գյուղատնտեսության և սննդի վերամշակման ոլորտների տվյալների հավաքագրման և կանխատեսման արդյունքում բացահայտված հիմնական մարտահրավերները: Ահա այն հիմնական ուղղությունները, որոնց միջոցով մենք լուծումներ ենք փնտրում վերը նշված մարզերում իրականացնելու նպատակով՝
- Անօդաչու սարքերի օգտագործումը գյուղատնտեսության մեջ
- Այլընտրանքային ջերմոցներ
- Օպտիմալ լոգիստիկ լուծումներ գյուղատնտեսության ոլորտում
- Տվյալահեն գյուղատնտեսություն
- Բլոկչեյն տեխնոլոգիաների կիրառումը գյուղատնտեսության մեջ
- Քաղաքային գյուղատնտեսություն
- Թվային լուծումների կիրառումը գյուղատնտեսության մեջ
- Պարենային անվտանգություն
- Գինեգործություն
- Կաթիլային ոռոգման խելացի համակարգեր
Աշխարհն իր առջև խնդիր է դրել վերջ տալ համընդհանուր սովին մինչև 2030 թվականը: Դրան հասնելու համար գյուղատնտեսությունը պետք է դառնա առավել արդյունավետ և կայուն ամբողջ արժեշղթայում: COVID-19-ի հետևանքով պարենային անվտանգության, սննդի անվտանգության, պարենի սակավության և գյուղատնտեսական արտադրության ոլորտում առկա բազմաթիվ խնդիրներ սրվել են, և դրանք պետք է լուծվեն նոր եղանակներով: Ներկայիս մոտեցումները բավարար չեն լուծումներ առաջարկելու համար: Ահա թե ինչու մենք չենք փնտրում գյուղատնտեսության զարգացման ավանդական գաղափարներ, այլ խրախուսում ենք միջոլորտային համագործակցություն և ստեղծարարություն առաջարկող գաղափարները:
Գիտական ոլորտի գիտելիքների փոխանցումը և կիրառումը գյուղատնտեսական պրակտիկայում դանդաղ է և դժվար ոչ միայն Հայաստանում, այլև գլոբալ մակարդակում, այնուամենայնիվ, մենք փնտրում ենք նոր տեխնոլոգիաներ, այլընտրանքային մոտեցումներ և թվային լուծումներ պարունակող համարձակ գաղափարներ, որոնք թույլ կտան զգալիորեն ավելացնել գյուղատնտեսության և սննդի վերամշակման արդյունաբերության արդյունավետությունն և եկամտաբերությունը: Օրինակ ՝ լուծումներ, որոնք կարող են օգնել ֆերմերներին հետևել իրենց ողջ ֆերմայի տվյալների դինամիկային, որոնց հիման վրա հնարավորություն կունենան որոշումներ կայացնել՝ բարձրացնելով իրենց արդյունավետությունն ու տնտեսության եկամտաբերությունը:
Եթե ունեք գաղափար, որն ուղղված է այս խնդիրներից որևէ մեկի լուծմանը, կամ եթե արդեն աշխատում եք այդ ուղղությամբ և կցանկանայիք նոր ծառայություն կամ ապրանք մշակել, ապա Կոլբան պատրաստ է համագործակցել ձեզ հետ: Մենք ակնկալում ենք ստանալ առաջարկներ, որոնք հնարավոր է փորձարկել, մոդելավորել և առաջին արդյունքներն ունենալ առաջիկա 6 ամսվա ընթացքում: Կոլբա լաբը կաջակցի ձեր գաղափարի իրագործմանը՝ տրամադրելով գաղափարի ինկուբացման աջակցություն, որը ներառում է մասնագիտական խորհրդատվություն և նախնական ֆինանսավորում 3000-5000 ԱՄՆ դոլարի սահմաններում:
Լրացրեք առցանց հայտն այստեղ: Հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչեւ հուլիսի 27-ը:
Ոգեշնչման կարի՞ք ունեք: Համաշխարհային լավագույն փորձի այս օրինակները կօգնեն ձեզ կողմնորոշվել։
Քաղաքային գյուղատնտեսություն – https://www.weforum.org/agenda/2020/04/grow-your-own-urban-farming-flourishes-in-coronavirus-lockdowns/
Քաղաքային գյուղատնտեսություն և թվային լուծումներ գյուղատնտեսության մեջ – https://ifarm.fi/about
Սննդի կորուստների կառավարման լուծում– https://kitche.co/
Բլոկչեյն տեխնոլոգիաները գյուղատնտեսության մեջ – https://www.agridigital.io/products/blockchain