ՄԱԶԾ Կոլբա լաբն «Ապագայի հմտություններ և աշխատատեղեր» ծրագրի շրջանակում հայտարարում է Լոռու մարզի տուրիզմի ոլորտին ուղղված նորարար գաղափարների մրցույթ: Մենք ակնկալում ենք ապագայի տուրիզմին, մասնավորապես արտակարգ իրադրության հետևանքներին արձագանքող հետաքրքիր և համարձակ գաղափարներ, որոնք կիրականացվեն Լոռու մարզում։ Դիմելու վերջնաժամկետը հունիսի 1-ն է, դիմելու ձևաթուղթը հասանելի է այս հղումով:

2020թ-ը ճանապարհորդության և տուրիզմի ոլորտների առջև նոր  մարտահրավերներ  առաջադրեց՝ արագ և դինամիկ աճող ոլորտը դարձնելով առավել խոցելիներից մեկը։ Հաշվի առնելով ոլորտի խորացող խոցելիությունը և արձանագրած վնասների ծավալը՝ հայկական զբոսաշրջության համար առավել կարևոր են դառնում նորարար լուծումները, ներգնա տուրիզմի զարգացումը, դիվերսիֆիկացված առաջարկների մշակումը:

2019թ. ընթացքում Կոլբա լաբն ունեցել է լայնամասշտաբ մասնակցային մարզային քննարկումներ, որոնց արդյունքում Լոռու մարզում տուրիզմի ոլորտում դուրս են բերվել մի շարք զարգացող միտումներ. աճող հետաքրքրություն էկոտուրիզմի, գյուղական տուրիզմի, գաստրոտուրիզմի և ինդուստրիալ տուրիզմի նկատմամբ, էկո-արտադրանքի աճող պահանջարկ, հեռավար և ֆրիլանս աշխատողների թվի աճ, թվային ծառայությունների պահանջարկի աճ, հանգստի և ժամանցի փաթեթների դիվերսիֆիկացիայի պահանջ, վերամշակող արտադրության աճող ներուժ և այլն:

Հաշվի առնելով այս միտումներն ու վերջին ամիսներին ի հայտ եկած մարտահրավերները՝ ՄԱԶԾ Կոլբա լաբն «Ապագայի հմտություններ և աշխատատեղեր» ծրագրի շրջանակում հայտարարում է Լոռու մարզի տուրիզմի ոլորտին ուղղված նորարար գաղափարների մրցույթ: Մենք փնտրում ենք գաղափարներ հետևյալ առաջնային ուղղություններում՝

  • Ապագային միտված ապրանքների և ծառայությունների մշակում

Ինչպե՞ս է հնարավոր թվային լուծումներ առաջարկելով հետաքրքրություն առաջացնել Լոռու մարզում գտնվող տուրիստական վայրերի նկատմամբ՝ ինչպես տեղական այնպես էլ միջազգային շուկայում:

Ինչպե՞ս է հնարավոր օգտագործել վիրտուալ և լրացված իրականության տեխնոլոգիաները լքված արդյունաբերական տարածքներին նոր շունչ հաղորդելու համար:

Արդյո՞ք Լոռու մարզում կան չբացահայտված տուրիստական հետաքրքրության վայրեր, որոնց մասին կարելի է մուլտիմեդա նյութեր պատրաստել՝ թիրախավորելով նոր առցանց այցելուների:

  • Աշխատանքային ընթացքի ճկունության և արդյունավետության բարձրացում

Հնարավո՞ր է արդյոք ՏՏ նոր լուծումներ (օրինակ տվյալագիտությունը, արհեստական բանականություն և այլն) կիրառել տուրիստական ծառայությունների վաճառքի ընդլայնման համար:

Հնարավոր է՞ արդյոք արդեն հայտնի տուրիստական վայրերի վերաբերյալ նոր փորձառությունների և ծառայությունների փաթեթ մշակել, ինչպես նաև հայտնաբերել ու բրենդավորել ոչ այնքան հայտնի վայրեր՝ ներգրավելով ստեղծարար ոլորտի մասնագետներին:

Վաճառքի ինչպիսի՞ նոր մեխանիզմներ է կարելի կիրառել և ի՞նչ տեսակի նոր՝ նախկինում չդիտարկված, ապրանքներ և ծառայություններ է կարելի առաջարկել այս ոլորտում:

  • Տուրիստական համակարգի դիմակայունություն  և նոր համագործակցություններ

Ինչպե՞ս է հնարավոր օգտագործել ստեղծարար ոլորտի հնարավորությունները տուրիստական վայրերի մասին գրավիչ  առցանց փաթեթներ ստեղծելու համար: Հեռավար աշխատանքի լայն տարածումը ինչպիսի՞ նոր հնարավորություններ է ստեղծում զբոսաշրջության ոլորտում:

Կարո՞ղ է արդյոք հանրային տարածքների վերակենդանացումը կամ այլընտրանքային օգտագործումը նոր զբոսաշրջային ծառայությունների հիմք դառնալ:

Հնարավո՞ր է արդյոք համագործակցել ստեղծարար ոլորտի ներկայացուցիչների հետ՝ մշակելու նոր ժամանցի տարբերակներ, օրինակ խոհարարական տուրիզմ:

Այս ուղղությունները կողմնորոշող են, բայց ոչ սահմանափակող։ Մենք ակնկալում ենք ապագայի տուրիզմին արձագանքող հետաքրքիր և համարձակ գաղափարներ։

Եթե փնտրում եք ոգեշնչում , ահա մի քանի օրինակ այլ երկրներից՝

  • Smartguide Vienna – Սարքը ներառում է տարբեր լեզուներով տեղեկատվություն Վիեննայի տեսարժան վայրերի մասին, ունի քարտեզ, որն ուղղորդում է այցելուին և շատ ավելի հեշտ է և ճկուն է, քան ստանդարտ ավտոբուսային շրջագայությունը, ուղեկցող զբոսավարը կամ  տպագիր կամ էլեկտրոնային ուղեցույցները:
  • Լքված վայրերի 3D մոդելների ստեղծում, որոնք թույլ են տալիս «զբոսնել» մոռացված և անհասանելի վայրերում:
  • RubiQ ստարտափն օգնում է ավիաընկերություններին նվազեցնել թեժ գծերի ծանրաբեռնվածությունը և ուղղորդել ուղևորներին տոմսերի վերահաշվարկի և վերադարձման գործընթացները: Ստեղծված իրավիճակում գործընթացի ավտոմատացումը կարևոր կողմերից է: RubiQ- ն օգտագործում է արհեստական բանականությամբվ աշխատող բջջային լուծումը, որն ուղևորներին տեղեկացնում է ճանապարհորդության հասանելի տարբերակների մասին, և թույլ է տալիս պատվիրել նախընտրած տարբերակը՝ իրենց անհատական կարիքների հիման վրա:

Դիմելու վերջնաժամկետը հունիսի 1-ն է:  Մենք բաց ենք նոր առաջարկների և գաղափարների համար, և անհամբեր կսպասենք Ձեր դիմումներին այստեղ:

Ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից և իրականացվում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ։