Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում զբոսաշրջության ոլորտում մշտապես աճող մրցակցության և ճանապարհորդների կարիքները բավարարելու պատճառով հայտնվեցին նոր ուղղություններ և նոր տիպի այցելության վայրեր: Որոշ դեպքերում գրավիչ դարձան այնպիսի վայրեր, որոնք ավելի վաղ դժվար թե ընկալվեին որպես տեսարժան վայր, օրինակ լքված հանրային տարածքներն ու փակված գործարանները: Որպես այս գործընթացի մաս, ի հայտ եկավ արդյունաբերական տուրիզմի ուղղությունը՝ նախկին կամ դեռ գործող գործարանները և արդյունաբերական այլ օբյեկտները դարձնելով տուրիստական վայրեր: Արդյունաբերական տուրիզմը շատ դեպքերում նպաստեց տարածքի ժառանգության պահպանությանը, ամրապնդելով տեղական և տարածաշրջանային առաձնահատկություններն ու ինքնությունը, և դարձավ բավական պահանջված և սիրված ուղղություն:


Վառ և հետաքրքիր օրինակ է հարևան Վրաստանում 1930 թվականին կառուցված նախկին տպարանի շենքը հյուրանոցի վերածելու հաջողված փորձը: Հետաքրքիր է, որ վերակառուցման ընթացքում այս ձեռնարկության հին շենքը պահպանել են, ինչպես նաև շինարարական աշխատանքների ընթացքում այս տարածքում հայտնաբերվել են մի քանի տպագրական մեքենաներ, որոնք նույնպես հիմա հյուրանոցի ինտերյերի մի մասն են կազմում:

Փակ գործարանները վերածվում են նոր տիպի ժամանցի վայրերի և ստեղծարարությունը խրախուսող հարթակների: Արդյունաբերական տուրիզմի ուղղության զարգացմանը զուգահեռ կան մի շարք այլ նորարարություններ, որոնք կիրառվում են տուրիզմի ոլորտում, օրինակ վիրտուալ ու լրացված իրականության տեխնոլոգիաների կիրառումը, անհատականան և անձնավորված ճանապարհորդությունների և այցելությունների դիզայն, վիրտուալ զբոսավարներ և այլն:

Զբոսաշրջությունը համաշխարհային զեկույցներում և տնտեսական զարգացման ծրագրերում ընկալվում էր, որպես 21-րդ դարում արագ զարգացող ճյուղերից մեկը, սակայն վերջին պանդեմիայից ամենաշատը տուժեց և ծնկի եկավ հենց այս ոլորտը: 2020թ. ճանապարհորդության և տուրիզմի ոլորտների առջև նոր տեսակի մարտահրավերներ առաջադրեց, որոնց լուծումները պետք է մշակել նորարար և ստեղծագործ գործիքների համադրությամբ: Հաշվի առնելով ոլորտի կրած վնասները և առաջիկայում սպասվող սահմանափակ ճանապարհորդելու հնարավորությունները, հայկական զբոսաշրջության համար առավել կարևոր են դառնում թվային գործիքներնու ներգնա տուրիզմի զարգացմանն օգնող լուծումները:

Տուրիզմի գլոբալ աշխատաշուկան: Համաշխարհային տնտեսական ֆորումի «Աշխատանքի ապագա»զեկույցի համաձայն այս ոլորտում աշխատողների ավելի քան 68% պետք է հմտությունների զարգացման ծրագրեր անցնի: Այս փուլում ամենուրեք պահանջված են հետևյալ հիմնական հմտությունները՝

o  Օտար լեզուների իմացություն

o  Միջանձնային և հաղորդակցության հմտություններ

o  Հաճախորդակենտրոն մոտեցում

o  Ստեղծարարություն և նորարարություն

o  Աշխատանքին նվիրվածություն

o  Բազմամշակութային իրազեկվածություն

Զարգացող թվայնացումը հետևյալ նոր պահանջի կարիք է առաջ բերում՝ էլեկտրոնային մենեջմենտի հմտություններ, ինչպես նաև նոր սերնդի մարքետինգի հմտություններ:

Համադրելով վերը նշվածը մոտ ապագայուն հնարավոր է տեսնել պահանջարկի հետևյալ պատկերը աշխատաշուկայում՝

  • Հաճախորդների անմիջական սպասարկման և հավատարիմ հաճախորդների բազայի ստեղծում/կառավարում
  • Թվային / ՏՏ  գործիքակազմի կիրառություն
  • Տվյալների վերլուծություն
  • Առաջնորդություն / կառավարում

Ինչ է սպասվում հայաստանյան զբոսաշրջության աշխատաշուկայում:  Նախորդ տարվա ընթացքում  Կոլբա լաբը կազմակերպել էր մի շարք լայնամասշտաբ մասնակցային մարզային քննարկումներ՝  մշակելու յուրաքանչյուր մարզի համար հեռանկարային ոլորտի զարգացման հնարավոր սցենարները: Լոռվա մարզում տուրիզմի ոլորտում դուրս էին բերվել մի շարք զարգացող միտումներ. աճող հետաքրքրություն էկոտուրիզմի, գյուղական տուրիզմի, գաստրոտուրիզմի և ինդուստրիալ տուրիզմի նկատմամբ, էկո-արտադրանքի աճող պահանջարկ, հեռավար և ֆրիլանս աշխատողների թվի աճ, թվային ծառայությունների պահանջարկի աճ, հանգստի և ժամանցի փաթեթների դիվերսիֆիկացիայի պահանջ, վերամշակող արտադրության աճող ներուժ և այլն:

Լոռվա մարզում են գտնվում արդյունաբերական բազմաթիվ կետեր, այդ թվում Ալավերդու պղնձաձուլական գործարանը, Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը, Վանաձորի քիմիական գործարանը և այլն, որոնք խորհրդային ժամանակներից եկած ժառանգությունն են այս մարզի համար և շատերի համարբազմաթիվ լավ հիշողությունների և պատմությունների աղբյուր են հանդիսանում: Նախորդ դարերի ընթացքում կառուցված գործարանները ժամանցի վայրի և նոր տեսակի տուրիստական փորձառություն վաճառելու ներուժ ունեն:

Համաձայն 2019 թվականի քննարկումների՝ ներկայումս տուրիզմի աշխատաշուկայում առկա է պահանջարկ հետևյալ մասնագիտությունների գծով՝ զբոսավարներ, ժամանակակից գյուղատնտեսության մասնագետներ, սպասարկման ոլորտի տարբեր մասնագետներ, շինարարներ և բանվորներ: Փորձագիտական խորհրդակցությունների ընթացքում զբոսաշրջության ոլորտում հաջողակ/ պահանջված լինելու համար անհրաժեշտ են հմտությունների շարքում ամենաշատը նշվել են հաղորդակցության, ճկունություն, շարժունակություն, արագ որոշումներ կայացնելու ունակությունները, կազմակերպչական հմտությունները:

Տվյալների հավաքագրումն իրականացվել էր մինչ 2020 թվականի արտակարգ իրավիճակի հայտարարումը: Այս փուլում հայտնվել են նոր մարտահրավերներ ու նոր հնարավորություններ, այդ իսկ պատճառով մեզ  հետաքքրիր է իմանալ, թե ինչպիսի խնդիրներ եք տեսնում դուք զբոսաշրջության ոլորտում և արդյոք ունեք ապագային միտված հետաքրքիր լուծում, որ կարող է օգնել լոկալ շուկային:

Կոլբա լաբը «Ապագայի հմտություններ և աշխատատեղեր» ծրագրի շրջանակում փնտրում է ապագային միտված նորարար գաղափարներ արձագանքելու տուրիզմի ոլորտում քարտեզագրած մի շարք խնդիրներին: Մանրամասները մրցույթի էջում: