Վերջին մի քանի ամիսների ընթացքում նկատած կլինեք, որ գրեթե բոլոր հոդվածների, հետազոտությունների թեմաներն առնչվում են Covid-19-ին. ինչպե՞ս է կյանքը փոխվելու Քովիդից հետո, արդյոք ավելի լավ կլինի՞ երեխային տանը կրթել, դպրոց ուղարկելու փոխարեն, պանդեմիայի ազդեցությունը աշխատանքային արդյունավետության վրա։ Այսօրինակ վերնագրերն արդեն դարձել են սովորական։ Բոլորիս առօրյան փոփոխվել է, եւ կապ չունի՝ մենք պատրա՞ստ էինք այդ փոփոխություններին, թե՝ ոչ։ Պետք է համակերպվենք կյանքի նոր ոճին, խանութից գնումներ անելու եւ ճանապարհորդելու նոր ձեւերին։
Հետաքրքիրն այն է, որ Կոլբայի «Ապագայի հմտություններ եւ աշխատատեղեր» ծրագրի շրջանակներում, մենք օգնում ենք երիտասարդներին պատրաստվել Հայաստանում ապագա աշխատանքային փոփոխություններին։ Ֆորսայթ/ապագայի մոդելավորման մեթոդաբանության շնորհիվ Հայաստանի չորս մարզում իրականացրել ենք ապագա եւ հեռանկարային աշխատանքների փոփոխության քարտեզագրում։
Եկեք առավել մանրամասն խոսենք այն ոլորտի մասին, որն այս ժամանակահատվածում ամենից շատն է տուժել՝ տուրիզմը։
Դեռ 2019թ-ից զբոսաշրջության ոլորտն արդեն ընտրված էր մեր հետազոտություններն իրականացնելու համար։ Կառավարության աշխատակիցները, մասնավոր եւ հանրային ոլորտների ներկայացուցիչներն ու տուրիզմի ոլորտի մասնագետները հավաքվել էին մեկ գաղափարի շուրջ՝ քարտեզագրել ապագա տոուրիզմի ոլորտը Հայաստանի մարզերից մեկում՝ Լոռիում։
Մի քանի ամիս անց արդեն ժամանակն էր, որ հայտարարեինք գաղափարների մրցույթ, որպեսզի մարդկանց նույնպես հնարավորություն տայինք մասնակցելու եւ իրականացնելու իրենց մտքերն ու գաղափարները։ Ստացանք 100-ից ավել ոգեւշնչող գաղափար, սակայն, ցավոք, բոլորին չէինք կարող աջակցել, եւ ժյուրիի համար բավականին բարդ էր գնահատել եւ հաջորդ փուլ անցկացնել սահմանափակ քանակությամբ ծրագրեր։
Այս պահին եզրափակիչ անցած մասնակիցների հետ դանդաղ, բայց հաստատուն քայլերով շարժվում ենք առաջ։ Մասնակիցները բավականին ոգեւորված են եւ իրենց գաղափարները Կոլբայի միջոցով իրականություն դարձնելու ճանապարհին են։ Բացի այն, որ մենք տրամադրելու ենք ֆինանսական աջակցություն (3,000-ից 5,000 ԱՄՆ դոլարի սահմաններում), որը կօգնի ծրագրի իրականացմանը, մենք նաեւ տրամադրելու ենք մասնագիտական աջակցություն Կոլբայի մեծ համայնքի մասնագետների օգնությամբ։ Իսկապես ոգեւորիչ է տեսնել, թե ճիշտ մարդկանց ծանոթացնելու արդյունքում, որքան նորարար մտքեր կարող են ծնվել ու ի կատար ածվել։
Անցած ամիս արդեն մասնակիցների հետ առաջին առցանց հանդիպումն անցկացրինք։ Մասնակիցները ծանոթացան ծրագրերին եւ նույնիսկ պատրաստակամություն հայտնեցին օգնել միմյանց։ Սա այն հավաքական ուժն է, որը Կոլբան ստեղծել է տարիների աշխատանքի ընթացքում, երբ տեսնում ես, որ մարդակենտրոն ծրագրերն առաջ են շարժվում հենց մարդկանց համագործակության արդյունքում։ Այդ ժամանակ էլ հասկանում ես, որ այն ինչ մինչ այսօր արվել է, եղել է ճիշտ։
Տուրիզմի ոլորտի գաղափարները շատ խոստումնալից են՝ Լոռու մարզի տուրիստական քարտեզի ստեղծումից մինչեւ վիրտուալ այցեր մարզի տարբեր գողտրիկ վայրերը, արհեստական բանականության օգնությամբ հյուրընկալության ոլորտն առավել ապահով եւ մաքուր դարձնելը։ Շատ շուտով ձեզ հետ կկիսվենք մեր մասնակիցների եւ իրենց ծրագրերի մանրամասն պատմություններով։ Այնպես որ, հետեւեք մեր էջերին, որպեսզի բաց չթողնեք ոգեշնչման առիթ տվող այս պատմությունները։