2015թ. Կոլբա լաբը կազմակերպել էր սոցիալական նորարարությամ ճամբար: Մրցույթը փնտրում էր նորարար ու այլընտրանքային լուծումներ, որոնք օգտագործում են տեղեկատվական (վեբ թե բջջային) տեխնոլոգիաները՝ կլիմայի փոփոխության հետևանքների վաղ ազդարարման համար:
Ճամբարի հաղթող գաղափարներից էր Հայկական մետեո նախագիծը (Armenian Meteo Project): Գաղափարի հեղինակն Ալեքսեյ Չալաբյանն էր, ով առաջարկել էր միջավայրի սենսորների մոնիտորինգի խիտ ցանց ստեղծել: Օգտագործելով բաց կոդով ազատ ծրագրեր և սարքեր, սենսորները կչափեն և կփոխանցեն մանրամասն տեղեկություններ արտաքին միջավայրի ցուցանիշների մասին (օդի և հողի ջերմաստիճան և խոնավություն, մթնոլորտի ճնշում, ձայնային աղմուկ, լուսավորություն, ՈՒՄ)։
Ինչու՞ է սա կարևոր և ի՞նչ կապ ունի կլիմայի փոփոխության հետևանքներին արձագանքելու հետ: Պատասխանը կախված է նրանից, թե որ ոլորտում եք դուք ներգրավված: Եթե, օրինակ, զբաղվում եք գյուղատնտեսությամբ, ապա ստացված տեղեկատվությունը կօգնի պաշտպանել ձեր մշակաբույսերը ցրտահարումից, կարկուտից կամ կհուշի` ինչպիսի թունաքիմիկատների կարիք կա: Եթե դուք ներգրավված եք զբոսաշրջության ոլորտում, ապա կարող եք օգտագործել սենսորներից հավաքագրված տեղեկատվությունը բացօթյա միջոցառումներ պլանավորելիս, լինի դա արշավ, դահուկային սպորտ կամ օդապարիկով թռիչք: Իսկ եթե տեղական ինքնակառավարման ոլորտում եք աշխատում և պատասխանատու եք կանաչ տարածքների խնամքի համար, սենսորները կարող են իրական ժամանակում ահազանգել անտառային տարածքներում հնարավոր անտառային հրդեհների վտանգի մասին:
Բայց սա դեռ ամենը չէ: Հավաքագրելով բազմաթիվ մանրամասն տեղեկություններ և արձանագրելով դրանց փոփոխությունը, կարճ ժամանակում հնարավոր կլինի ստանալ տարբեր ոլորտների համար կարևոր տեղեկատվություն, իսկ տարիների ընթացքում դա արդեն կդառնա «Big Data», որը կարող է հետաքրքիր բացահայտումների աղբյուր հանդիսանալ և օգնել ազդարարման համակարգեր մշակել բնական աղետներին դիմակայելու համար: Այս տեխնոլոգիական լուծումը շատ մեծ նշանակություն կարող է ունենալ Հայաստանի համար, որտեղ տասը մարդուց յուրաքանչյուր ութերորդը կարող է տուժել բնական աղետներից , լինի դա երկրաշարժ, սողանք, թե կարկտահարություն:
Ալեքսեյի թիմն այս պահին փորձարկում է սենսորների օգտագործումը: Ենթադրվում է, որ ցանցը կառուցված է լինելու Արդուինո, էներգախնայող ՕփենՎՐՏ (OpenWRT) միկրոհամարգիչների (Black Swift) վրա, այնտեղ, որտեղ կա մշտական հոսանք Raspberry PI:
Հետևեք մեր կայքի նորություններին՝ թիմի առաջիկա հաջողությունների մասին տեղեկանալու համար: