Հայաստանում տարեկան շուրջ 2000 մարդ է մահանում ավտոպատահարներից, ավելի մեծ է այս կամ այն աստիճանի վնասվածք ստացողների թիվը: Արդյո՞ք հնարավոր է ինչ-որ  կանխարգելիչ գործողություններ ձեռնարկել: Ըստ Արմեն Մելքոնյանի, եթե հնարավոր լիներ այնպես անել, որ շտապ օգնությունը ժամանակին դեպքի վայր կարողանար հասնել, կամ հաշվարկել, թե որ փողոցն է ավելի ծանրաբեռնված տվյալ պահին և որտեղ է ավտոպատահարի հավանականությունն ավելի մեծ, միգուցե հնարավոր լիներ խուսափել եթե ոչ բոլոր, ապա ճանապարհային պատահարների ճնշող մեծամասնությունից:

2015թ. աշնանային նորարարության օրերի շրջանակում Կոլբա լաբը, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, PicsArt-ը և CreateTogether թիմը համատեղ կազմակերպել էին մեկօրյա Հաքաթոն: Արմենի թիմը  Հաքատոնի ժամանակ  սկսեց մշակել իրենց լուծումը` կիրառելով տվյալների բազաների վերլուծության ընձեռած հնարավորությունները:

Ինչու՞մն է Արմենի առաջարկած լուծման նորարարությունը: 2011թ. ի վեր Երևանի գրեթե բոլոր խաչմերուկներում տեղադրվել են տեսանկարահանող սարքեր, որոնց նպատակըէ վարորդների խախտումների արձանագրումն է: Բայց չէ՞ որ հնարավոր է նույն գործիքը նաև այլ նպատակի ծառայեցնել:

Ճանապարհային տեսախցիկներից ստացված տվյալները կվերլուծվեն, հիմնվելով հատուկ ալգորիթմների վրա, և օգտատերերին կտրամադրեն տեղեկատվություն փողոցներում երթևեկության հոսքերի մասին, օգնելով հաշվարկել տվյալ ժամանակահատվածում օպտիիմալ երթուղին: Այսպիսով, բացելով ArmTraffic բջջային հավելվածը, օգտատերը կարող է տեսնել, թե որ փողոցներն են տվյալ պահին առավել ծանրաբեռնված, և կկարողանա առավել արդյունավետ երթուղի նախագծել:

Առաջին հերթին, երթևեկության հոսքի մասին նպատատիպ տեղեկատվությունը կարող է ուղղակիորեն օգտագործվել արտակարգ իրավիճակների ծառայությունների կողմից, ցույց տալով նրանց երթուղիներ, որոնք ունեն երթևեկության հոսքերի առավել փոքր ծանրաբեռնվածություն, դրանով իսկ նվազեցնելով դեպքի վայր հասնելու համար անհրաժեշտ ժամանակը:

Երկարաժամկետ օգտագործման տեսանկյունից, մեծ տվյալների հավաքագրման և դրանց վերլուծության շնորհիվ հնարավոր կլինի կանխատեսել ճանապարհատրանսպորտային պատահարների հավանականությունը որոշակի հատվածներում և քայլեր ձեռնարկել դրանցից խուսափելու համար:

Մշակված գործիքն առայժմ գտնվում է փորձարկման փուլում՝ վերլուծելով մայրաքաղաքի առավել ծանրաբեռնված փողոցների տվյալները: ArmTraffic-ը հասանելի կլինի ինչպես վեբ կայքի, այնպես էլ բջջային հավելվածի տեսքով:

Ձեր կարծիքն ու առաջարկություններն այս հավելվածի վերաբերյալ կօգնեն մեզ դարձնել այն առավել հարմար ու մատչելի օգտատերերի՝ ձեզ համար: Այնպես որ կսպասենք ձեր արձագանքին բետա-տարբերակի մեկնարկից հետո: