Երեք երեխաների մայր լինելով հանդերձ Սեդան որոշեց դուրս գալ իր աշխատանքի վայրից եւ հիմնել ստարտափ, որի մասին վաղուց էր երազում: Եռանդուն ու երիտասարդ լինելով, Սեդան առաջարկեց երեխայի խնամքի ոլորտում նորարար լուծումներ, որոնք կօգնեն աշխատող մայրիկներին Հայաստանում: Մասնակցելով 2013 թվականի Կոլբա Լաբի ինկուբացիոն շրջանին, այս սոցիալական բիզնեսը շարունակում է զարգանալ ու համալրվել նորանոր մտքերով ու գաղափարներով:
Սեդա, ի՞նչը ոգեշնչեց քեզ սկսել քո սեփական գործը:
Խնդիրը, որը ես փորձում եմ լուծել իմ ստարտափի միջոցով, անհանգստացնում էր ինձ վաղուց: Այս խնդրի ընկալումը հիմնված է իմ անձնական փորձի հիման վրա: Ես ունեմ երեք բալիկ: Սակայն մայրիկ լինեով հանդերձ, ես շատ բան եմ հասցրել անել իմ կարիերայում: Իհարկե, դա հնարավոր է եղել իմ ծնողների օգնության շնորհիվ, բայց ես կուզենայի, որ ծնողներս չտանջվեին ու չհոգնեին:
Խոսքը գնում է լուծումների մասին..նոր լուծումների: Օրինակ, ես չգիտեմ որեւէ մանկապարտեզ, որը աշխատում է երեկոյան ժամերին: Երբ ես ուշ ժամերի գործեր ունեմ անելու, չգիտեմ ո՞ր խնամքի կենտրոն կարող եմ տանել երեխայիս, ասենք երեկոյան ժամը 10-ին: Ես չէի տեսնում լուծումներ այս ասպարեզում եւ որոշեցի ինքս մի բան ձեռնարկել:
Սոցիալական ձեռներությամբ զբաղվելը դժվա՞ր է:
Գիտեք, դժվար է Հայաստանում բիզնեսով զբաղվել: Հատկապես, երբ սկսնակների համար ոչ մի առավելություններ չկան: Ես կարծում եմ, որ օրինակ հարկային դաշտում ինձ համար՝ որպես սկսնակ ձեռներեցի կարելի էր սահմանել որոշ առավելություններ, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ ես սոցիալական խնդիր եմ լուծում: Ցավոք, ոչ մի առավելություն չկա:
Ինչեւէ, ես փորձում եմ լավատես ու ուժեղ լինել, եւ իմ բիզնեսը որքան հնարավոր է առաջ տանել:
Ապագա ի՞նչ պլաններ ունես:
Միշտ էլ տեղ կա գործը զարգացնելու: Ի սկզբանե ես առաջարկել էի երեխաների խնամքի մոբիլ ծառայություն: Հետո ժամանակ անցավ ու եկավ ամառը, ու մենք մտածեցինք երեխաների համար ամառային դպրոց կազմակերպելու մասին: Որոշակի տարիքի երեխաներ ոչ դպրոցում են այս սեզոնին, ոչ էլ հնարավոր է նրանց տանը պահել իրենց ամբողջ էնէրգիայով հանդերձ, բակերն էլ ոչ միշտ են երեխայի ժամանցի լավ տարբերակ: Եվ ահա, 15 մայրիկներ վստահեցին մեզ իրենց երեխաներին: Ոչմիտեղից, գիտեք, քանի որ մենք նախկինում երկար պատմություն ու փորձ չունենք: Բայց նրանք մեզ վստահեցին:
Իսկ ո՞րն է վստահելի լինելու գաղտնիքը:
Մի անգամ ծնողներից մեկը ինձ մոտեցավ ու հետաքրքրվեց, թե ինչ են ուտում երեխաները մեր կենտրոնում ու ինչպես է պատրաստվում ուտելիքը: Ես ասացի, որ այստեղ չենք պատրաստում եւ պատվիրում ենք այլ տեղից: Բայց նա շատ մտահոգված էր, արդյոք ուտելիքը մաքուր պայմաններում է եփվում եւ այլն: Ես միայն մի բան կարողացա ասել՝ իմ երեխաները այստեղ են սնվում: Ինքս ծնող լինելով ես հասկանում եմ այլ ծնողներին եւ կարողանում եմ պատասխանել իրենց անգամ ամենաչնչին մտահոգություններին: Սրանք մանր բաներ են, սակայն հենց դրանք են վստահություն ստեղծում:
Իսկ ի՞նչ խորհուրդ կտայիր այն մարդկանց, ովքեր քեզ պես կուզեին իրենց գործը սկսել:
Ես երբեք չէի կարող պատկերացնել, որ այս ամենը այսքան շուտ կստացվի: Իմ ամենամեծ մտահոգություններից մեկը կապված էր տարածքի վարձակալության հետ, որ իր հետ շատ ֆինանսական խնդիրներ է բերում սկսնակ ձեռներեցի համար: Դա այն ռիսկերից էր, որին ես դիմեցի ու հիմա չեմ զղջում դրա մասին: Այն ամենը, ինչ ես հիմա գիտեմ ու ստեղծել եմ, հնարավոր է դարձել փորձարկելով ու ռիսկի գնալով, նոր մտքերի ու գաղափարներին բաց ու պատրաստ լինելով: Իմ խորհուրդը կկայանար նրանում, որ ես կխրախուսեի բոլորին համարձակ լինել ու ռիսկերից չվախենալ:
Իսկ ինչու՞մն էր Կոլբայի դերը այս ամենի մեջ:
Ես մտածում եմ, որ միգուցե առանց Կոլբայի ես երբեք չէի սկսի այս գործը: Կամ համենային դեպս միշտ կհետաձգեի մինչեւ այս ամենի համար «հարմար ժամանակ» լիներ, ինչը փաստացի նշանակում է, որ երբեք այդ հարմար ժամանակը չէր գա: Բոլորի մեջ էլ կա այդ նախաձեռնողական միտքը, ուղղակի պետք է ինչ-որ մեկը բրդի առաջ, հավատ ներշնչի, որ դա հնարավոր է իրագործել: Կոլբան մեր մեջ վստահություն սերմանեց, որ մենք իրոք կարող ենք առաջին քայլերը ձեռնարկել: