2017թ. «Էյվա արվեստների հիմնադրամն» արձագանքելով Կոլբա լաբի կողմից հայտարարված կրթության վերաբերյալ նորարար գաղափարների մրցույթին, առաջարկել էր համատեղել հայկական արվեստն ու կրթական խաղային տեխնոլոգիան:
Խաղի հեղինակներն առաջարկել էին մշակել արվեստի կրթությունը խթանող հայալեզու ինտերակտիվ ուսուցողական խաղերի շարք, որը խաղացողներին մատչելի և պարզ միջոցով կծանոթացներ 12 հայ նկարիչների առավել հայտնի ստեղծագործություններին:
Մասնակցելով «Հայաստան Ստարտափ գավաթի առաջնությանը», «Էյվայի» թիմը հաղթողների շարքում հայտնվեց և ծրագրի իրականացման համար աջակցություն ստացավ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Նորարար առաջընթաց» ծրագրի կողմից:
Թեթև և խաղաֆիկացված մոտեցումով արվեստի կրթությանն ուղղված այս ինտերակտիվ խաղը կարելի է խաղալ 5 տարեկանից բարձր տարիքի երկու և ավելի երեխաների հետ: Հետագայում խաղը նախատեսվում է օգտագործել նաև դպրոցներում՝ որպես կրթաօժանդակ նյութ:
«ԱՐՎԵՍՏ»-ի փաթեթը ներառում է պատկերավոր գրքույկ՝ ուշագրավ տեղեկություններ հաղորդելով յուրաքանչյուր նկարչի, թե՛ կենսագրության, թե՛ ուրույն ոճի, գույնի վերաբերյալ։ Այս խաղը նպատակ ունի խթանելու երեխաների՝ հայ արվեստի հանդեպ հետաքրքրությունը, գեղագիտական ճաշակի ձևավորումը, նկարների, գույների ճիշտ ընկալումն ու երևակայությունը։
Խաղը կարող եք ձեռք բերել այստեղ, ինչպես նաև կարող եք թիմի հետ կապի մեջ լինել ծրագրի ֆեյսբուքյան էջի միջոցով: