Այժմ ԲՈՒՀ-երի ուսանողները շատ հաճախ են դիմում գրագողության ավարտական աշխատանքները գրելիս: Սա հնարավոր է դառնում մի կողմից դասախոսների ծանրաբեռնվածության և քիչ հետքրքրության, և մյուս կողմից՝ ուսանողների կողմից ավարտական աշխատանքների կարևորությունը թերագնահատելու և մոտիվացիայի պակասի հետևանքում:
Հերմինե Կարապետյանը, մասնակցելով Կոլբա լաբի կողմից կազմակերպված «Հայաստան Ստարտափ գավաթի առաջնությանը» առաջարկեց մշակել հարթակ, որը կապ կհաստատեր գործատուների և ուսանողների միջև: Միջոցառման ընթացքում համատեղ դիզայնի և գաղափարների մշակման տարբեր մեթոդներով Հերմինեի թիմն աշխատում էր կրթության ոլորտում առկա խնդիրներին նորարար լուծումներ մշակելու ուղղությամբ: Հրավիրված խորհրդատուների և ոլորտի փորձագետների հետ քննարկումների արդյունքում մշակվեց «Contact Students» առցանց հարթակը, որը համագործակցության եզրեր է առաջարկում գործատուներին և ուսանողներին: Ուսանողը հնարավորություն կունենա տեսնելու իր պոտենցիալ գործատուներին, կապ կհաստատի նրանց հետ և ուսումնական ընթացքին զուգահեռ տեսանելի կլինի գործատուների/աշխատաշուկայի համար՝ ընդլայնելով իր սոցիալական կապերը: Գործատուն հնարավորություն կունենա գտնել երիտասարդ կադրերի, պատվիրակելով ոլորտային ուսումնասիրությունները երիտասարդ կադրերին:
Այս հարթակը կօգնի նաև լուծել ավագ կուրսերում սովորող ուսանողների ավարտական աշխատանքները տեսանելի դարձնելու հարցը ոլորտի շահագրգիռ բոլոր ներկայացուցիչների համար:
Հարթակի մշակման առաջին փուլի ընթացքում թիմը կհամագործակցի ՏՏ ոլորտում գործող ընկերությունների և համապատասխան մասնագիտացում ստացող երիտասարդների հետ:
Եթե հետաքրքրված եք այս նախագծով և համագործակցության առաջարկներ ունեք, ուրախ կլինենք քննարկել դրանք, գրեք մեզ idea@kolba.am էլ.հասցեին: